Նախորդ յոթ օրերի ընթացքում մենք տեսանք, թե որքա՜ն կարևոր է Աստծուն փառաբանելը, երկրպագելը և Նրա հետ մտերմություն ունենալը։ Այդ մտերմությունը պահելու համար շատ կարևոր է փառաբանության կայուն ընթացք ունենալը։ Այն նման է շնչելուն… Առանց թթվածնի մենք չենք կարող ապրել։ Փառաբանությունը պետք է լինի հավատացյալի շնչառությունը․․․
Սիրելի՛ բարեկամ, Աստծու հանդեպ մեր փափագն արտահայտվում է փառաբանության մեջ։ Իսկ Տիրոջ մեծագույն փափագը մեր հանդեպ արտահայտվեց այն ժամանակ, երբ Նա մեզ Իր զավակները դարձրեց։ Սա հենց այն է, ինչի մասին կարդում ենք Աստվածաշնչում. «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք…» (Ա Հովհաննես 3․1)։
Տեր Աստծուն ուղղված փառաբանության մասին ուղերձների այս շարքն ուզում եմ ավարտել Սուրբ Ֆրանցիսկոս Ասուզացու հայտնի աղոթքի տողերով։
Օ՜, Տե՛ր իմ,
Ինձ խաղաղության գործիքդ դարձրու:
Ատելության տեղ թո՛ղ որ սեր ցանեմ,
Վիրավորանքի փոխարեն՝ ներում,
Կասկածի վայրում՝ թող ցանեմ հավատք,
Վհատված հոգում՝ հույսի խնդություն,
Խավար կյանքերում Քո լույսը ցանեմ,
Վշտացած սրտում՝ սուրբ ուրախություն:
Օ՜, հզոր Աստված, շնորհի՛ր ծառայիդ,
Որ ես չձգտեմ երբե՛ք ու երբե՛ք
Լինել սփոփված, այլ սփոփեմ մարդկանց,
Հասկանալու տեղ՝ լինել հասկացված
Եվ ոչ թե սպասեմ, որ լինեմ սիրված,
Այլ սիրեմ նրանց…
Քանզի տալու մեջ մենք ստանում ենք միշտ,
Ներելու դեպքում՝ ներում ենք գտնում,
Եվ մեռնելու մեջ ծնվում ենք կրկին
Հավիտենական նոր կյանքի համար:
Ամեն:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերում եմ քեզ, որ քո կյանքի առաջնահերթությունը դարձնես Տեր Աստծուն ժամանակ հատկացնելը և այդ ժամանակի մեջ Նրան ուղղված փառաբանությանը հատուկ տեղ տալը։ Կրկին ու կրկին փառաբանությունն ու երկրպագությունը քո կյանքում դի՛ր առաջին տեղում։ Եղի՛ր օրհնված, ուժով նորոգված, Տիրոջով զորացած և առատորեն լցված Նրա անպատմելի շնորհքով ու ողորմությամբ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը