December-10

Գլխավոր | Հրաշքներ | Դու նա ես, ում Տերն է կանչում

Դու նա ես, ում Տերն է կանչում

Ինձ համար շատ ոգևորող և երբեմն հուզիչ է, երբ նամակներ եմ ստանում «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողներից կամ կարդում եմ ձեր վկայություններն իմ ուղերձների մեկնաբանություններում։ Որոշ վկայություններ իմ սիրտը լցնում են մեծ ուրախությամբ, հատկապես, երբ դրանցում կարդում եմ հետևյալ խոսքերը․ «Իմ կյանքը փոխվել է․․․ Ես որոշել եմ նոր կյանք սկսել․․․ Որոշել եմ մոտենալ Աստծուն․․․ Հիմա գիտեմ, որ Տերը ինձ սիրում է․․․»։ Փա՜ռք Աստծուն բոլոր փոխակերպված կյանքերի և Աստծուն ճանաչելու ու Նրան մոտենալու որոշումների համար։

Սիրելի՛ բարեկամ, սակայն լինում են նաև նամակներ, որոնք ինձ մղում են աղոթելու, քանի որ դրանք խոսում են իսկապես բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց ծանրագույն խնդիրների մասին։

Այսօր ուզում եմ Աստծու Խոսքով քաջալերել քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Աստված հոգացել է այն քեզ համար։ Դու ունես անհրաժեշտ ներուժը․․․ Եթե անգամ այսօր չես հավատում իմ ասածին, ապա հավատա՛ Աստծու Խոսքին։ Եթե միա՜յն փնտրես Աստծուն և Նրա կամքը, ապա այն ամենը, ինչն անհնարին է քեզ համար, հնարավոր է դառնում, եթե քո ընթացքն անցնես ոչ թե միայնակ, այլ անհնարինը հնարավոր դարձնող Տիրոջ հետ։ Աստված Իր Հոգով, Իր ներկայությամբ, Իր կյանքով և Իր սիրով քո կողքին է։

Եթե քո ողջ սրտով ապավինես Տեր Հիսուսին ու Նրա շնորհի օգնությանը քո կյանքում, ապա իմ ողջ էությամբ հավատում եմ, որ դու կարողանալու ես հաղթահարել այսօր քո առջև կանգնած խոչընդոտը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերվի՛ր և աչքերդ ուղղի՛ր դեպի Տերը։ Իմ և քո Փրկիչը դեռ չի ասել Իր վերջնական խոսքը։ Աստծուն հավատարիմ Նրա զավակների համար մարդկային անհնարինության լուծումը Տեր Աստծու ամենակարողության մեջ է։ Երբ մենք անդունդի եզրին ենք հասնում և թվում է՝ ոչ մի ելք այլևս չկա, Աստված գերբնական միջամտությամբ ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իր օգնությունը երբե՛ք չի ուշանում։

Սաղմոս 46․1 խոսքում կարդում ենք․  «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ»։

Դու թույլ չե՛ս։ Դու քա՛ջ ես, որովհետև այդ քաջությունը Տերն է դրել քո մեջ։ Ես գիտեմ և հավատում եմ դրան։ Չհավատա՛ս չարի ուղարկած կասկածի և անհավատության մտքերին։ Աստված մի օր ասաց մեծ դժվարությունների առջև կանգնած Հեսուին․ «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց» (Հեսու 1.6):

Իսկ այսօր Տերը քեզ է ուղղում Իր Խոսքը․ «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև Ես քեզ կանչել եմ Ինձ ծառայելու հատուկ առաքելությամբ։ Դու պետք է շատերի համար հավատքի կյանքի ու նվիրվածության օրինակ դառնաս։ Նրանք, քեզ նայելով՝ տեսնելով քո հավատքն ու քաջությունը, դժվարությունները հաղթահարելու քո զորությունն ու հավատարմությունը, հավատալու են Ինձ և ընդունելու են իրենց համար պատրաստած Իմ փրկությունը։ Զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես վստահում եմ Քեզ։ Ես աղոթում եմ, որ Քո խաղաղությունը իջնի ինձ վրա, որպեսզի Քո կատարյալ սերը դուրս մղի իմ ներսում առկա ողջ տագնապը։ Ես խնդրում եմ Քեզ, որ լցնես ինձ Քո քաջությամբ ու զորությամբ, որպեսզի իմ դժվարությունների մեջ ես հավատքի օրինակ լինեմ իմ շրջապատի մարդկանց համար և Քո սուրբ անունը փառավորեմ իմ ապրած կյանքով։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: