Ընթերցե՛նք «Վերականգնի՛ր ուժերդ» շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40.29-31):
Սիրելի՛ բարեկամ, կյանքը հաճախ նման է մրցավազքի.
- Վազք՝ հակառակվելով ժամանակի ընթացքին,
- Վազք՝ ապրուստ վաստակելու համար,
- Վազք՝ բոլոր կարիքներին արձագանքելու համար,
- Վազք՝ ինչ-որ բան գնելու կամ վաճառելու համար,
- Եվ այլն։
Միայն թե այս վազքը կարող է հոգնեցնել մեզ և հասցնել ուժասպառության։ Կյանքի այս մրցավազքում հաղթելու համար մենք պետք է կառչենք Տեր Հիսուսից, որովհետև միայն Նա կարող է նորոգել մեր ուժերը։
Ահա՛ թե ինչ է Աստվածաշունչն ասում այս առումով. «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց» (Եբրայեցիս 12․1-2)։
Երբ մեր հայացքը ուղղում ենք Տեր Հիսուսին, Նա հավատք է ձևավորում մեր մեջ և ժամանակի ընթացքում հասունացնում է այդ հավատքը։ Սա չի հեշտացնում մեր կյանքի մրցավազքը՝ հեռացնելով այնտեղից դժվարություններն ու խոչընդոտները, այլ ուժ է տալիս մեզ և օգնում վազել ու առաջ ընթանալ, ինչպես նաև վստահություն է հաղորդում մեզ, որ վաղ թե ուշ հաղթելու ենք այդ մրցավազքում։
Եթե դու չես հավատում Աստծուն, ապա կրկնակի վնասներ կկրես կյանքի այս մրցավազքում։ Իսկ հավատքի առկայության պարագայում հենց քե՛զ համար է հաղթելու խոստումը, և դու միայն պետք է անհանգստանաս Տեր Հիսուսի հանդեպ հավատքդ ամուր ու առողջ պահելու մասին։ Մնացածը Տերը կհուշի, կհոգա և կզորացնի․․․։
Այդ ժամանակ թո՛ղ քո հավատքի չափով քեզ լինի։ Դու չես խորտակվի հոգնածության մեջ (այնպես, որ այլևս չկարողանաս շարունակել առաջ ընթանալը): Ավելի՛ն, դու ոտքի կկանգնես և կշարունակես քո հաղթական ընթացքը, եթե անգամ սայթաքես ու հանդիպես անհաղթահարելի թվացող դժվարությունների։ Քեզ զորացնող Տիրոջ համար չկան անհաղթահարելի դժվարություններ։
Այսօր աղոթում եմ քեզ համար, որպեսզի դու էլ կարողանաս Պողոս առաքյալի պես ասել․ «…որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ…» (Գործք Առաքելոց 20:24):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հատուկ ուզում եմ, որ հիշենք բոլոր սգավորներին, պատերազմի ժամանակ վիրավորված մարդկանց, հաշմանդամներին և հատուկ աղոթք բարձրացնենք Տիրոջը` բոլոր գերիների համար։ Ինչպիսի դժվարություններով էլ մենք անցնելիս լինենք, մեր շրջապատում հաստատ կան մարդիկ, որոնք ավելի ծանր դժվարություններով են անցնում և ունեն մեր աղոթքների կարիքը։ Միացի՛ր մեր աղոթքներին վերը նշված բոլոր մարդկանց համար։ Աղոթում ենք, որ Աստված օրհնի ու զորացնի նրանց, մխիթարի ու ազատություն պարգևի, ինչպես նաև առատորեն օրհնի քո կյանքը այսօ՛ր և գալիք բոլոր օրերում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը