March-25

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարո՛ղ ես հաղթել հուսահատությանը

Դու կարո՛ղ ես հաղթել հուսահատությանը

Մերօրյա աշխարհը լի է հուսահատությամբ։ Ամենուր տագնապալի լուրեր են, անկայունություն և անվտանգության գրեթե իսպառ բացակայություն։ Աշխարհի տագնապալի ընթացքին է գումարվում նաև մարդկանց միջև հարաբերությունների սառնությունն ու լարվածությունը։ Այլևս չկա նախկին ջերմությունը, քչանում են հավատարիմները և մարդիկ, ապրելով կողք կողքի, ասես հեռանում են իրարից։

Սիրելի՛ բարեկամ, կա՞ արդյոք դեղամիջոց այս համատարած հուսահատության դեմ։ Կարո՞ղ է արդյոք փոխվել հուսահատության և հաճախ նաև տագնապների հասնող հուսալքության մեջ հայտնված մարդու հոգեվիճակը։ Այս հարցի պատասխանն է՝ միանշանակ ԱՅՈ՛։ Կա՛ հույս, և դու կարո՛ղ ես հաղթել քո կյանք այցելած հուսահատությանն ու տագնապներին։ 

Հարության տոնին նախորդող այս յոթ օրերի ընթացքում մենք խոսելու ենք Տեր Հիսուսի խաչելության և հարության մասին։ Ես բազմաթիվ վկայություններ գիտեմ, որոնք հուսահատությունից մարդկանց ազատագրման պատմություններ են՝ հիմնված Տեր Հիսուսի հարության փաստի հանդեպ նրանց հավատքի վրա։ Քրիստոսի հարության փաստն իր մեջ մեծ հույս է պարունակում՝ հույս, որը կարող է բժշկել քո կյանքի բոլոր անհուսությունները, եթե միայն հավատաս ու ընկալես այդ հույսի զորավոր էությունը։ 

«Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (Ա Կորնթացիս 15:20-22):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչը կարող է ավելի անհույս լինել, քան մահացածին գերեզման դնելը։ Սա մեծ ցավ է՝ սուգ և մեծագույն կորուստ։ Մահը, մեղքը և ամեն չար բան այս աշխարհ մուտք է գործել Ադամի մեղանչելով։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսով մենք բժշկություն և ամոքում ունենք ամեն ցավից ու տանջանքից, այդ թվում նաև՝ մահվան անհուսությունից։ Քրիստոսի հարությունը հասկանալն ու ընդունելը մեծագույն հույս կարող է բերել քո կյանքի մեջ։ 

«Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք» (Հռոմեացիս 15․13):

Տեր Աստված կլցնի քեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ, Տեր Աստված կհեռացնի քեզնից բոլոր տագնապներն ու հուսահատությունը, եթե հավատաս․․․, քո ամբողջ սրտով հավատաս Տեր Հիսուսի հարությանը։ Նա մահացել է Գողգոթայի խաչի վրա և երրորդ օրը հարություն է առել Սուրբ Հոգու զորությամբ։ Նա ողջ է և մշտապես մեր կողքին է, եթե մենք որոշել ենք ապրել Նրա հավատարիմ աշակերտի կյանքով։ Նա մեր կողքին է և միշտ պատրաստ է օգնելու մեզ մեր բոլոր դժվարությունների մեջ։ Նա Իր Հոգին է դրել մեր մեջ, որպեսզի մեզ զորացնի մեր կյանքի ցանկացած դժվարին իրավիճակի մեջ։ 

Ինչպե՞ս կարող է մարդն ընկնել հուսահատության մեջ, եթե հավատում է Քրիստոսի հարությանը և Իր աշակերտների հետ մինչև աշխարհի վերջին օրը լինելու Նրա օրհնյալ խոստմանը (Մատթեոս 28.20 խոսքը

Իսկ դու հավատո՞ւմ ես Քրիստոսի հարության փաստին։ Իսկ դու ապրո՞ւմ ես այնպես, որ քո կյանքը հարություն առած Քրիստոսի ներկայության վկայությունը լինի՝ քո կյանքում Նրա ամենօրյա ու ամենժամյա ներկայության։ 

«Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ» (Ա Պետրոս 1․3):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: