Հուսով եմ, որ դու օրհնված շաբաթ ես ունեցել։ Այսօր քեզ հետ ուզում եմ կիսվել «Ինչպե՞ս դառնալ անկասելի ծառայող հանուն Աստծո» շարքի վերջին գրառումով: Աղոթում եմ, որ ուղերձների այս շարքը գործնականում օգնի քեզ և իրական փոփոխություն բերի քո կյանքում։ Այս շարքի վերջին ուղերձը համբերության մասին է:
Սիրելի՛ բարեկամ, երբ մենք ճանապարհ ենք ընկնում և քաջաբար կարողանում ենք անել առաջին քայլը ու սկսում ենք առաջ ընթանալ, ապա այդ ընթացքի մեջ ամենադժվար բանը սովորաբար լինում է ճիշտ ուղղության և ընթացքի մեջ մնալը:
Երբ ես դեռ նոր էի սկսում իմ ծառայությունն Աստծուն, բացարձակապես չէի կարող պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իմ ներգրավվածությունն Աստծո Արքայության գործի մեջ և ինչպես է Տերն ինձ օգտագործելու մարդկանց կյանքերի մեջ հանուն Իր Արքայության ազդեցություն թողնելու առումով։ Իմ ծառայության տարիներին ես բավականին ծանր ու հիասթափեցնող ժամանակաշրջաններ եմ ունեցել, սակայն միշտ վստահել եմ և հիմա էլ վստահում եմ իմ Փրկչին և Տիրոջը՝ խաչված և հարություն առած Հիսուս Քրիստոսին:
Աստված իմ սրտում դրել է քեզ ծառայելու և քեզ համար Աստծո օրհնություններն ու շնորհքն ընդունելու միջոցներից մեկը լինելու մեծ փափագը։ Ես ուզում եմ տեսնել քո կյանքը փոխված, քո բնավորությունն ու արժեհամակարգը փոխակերպված և Աստծո կամքին համահունչ դարձած։
Աստծո համար թանկ ու կարևո՛ր զավակ, ես մեծ ցանկություն ունեմ, որ քո ընթացքը դառնա Քրիստոսով հաղթական ընթացք և ինչպես Աստծո Խոսքն է ասում, դու ընթանաս փառքից դեպի փառք:
Հենց միայն այս պատճառով է, որ ո՛չ մի հիասթափություն, ո՛չ մի խանգարող հանգամանք ու խաթարված հարաբերություններ ի զորու չեն ինձ հեռացնելու Քրիստոսի սիրուց, որն իր բնական ու տրամաբանական արտահայտությունն է գտնում քեզ և մյուսներին ծառայելու մեջ։
Ստորև կիսվում եմ քեզ հետ մի քանի բանալիներով, որոնք ամեն օր օգնում են ինձ համբերատար կերպով հարատևել իմ ծառայությունների մեջ.
- Ես խորապես հավատում եմ, որ Տեր Աստծո Խոսքերն արժանահավատ են։ Նա արժանի է վստահության։ Եվ Նա միշտ պահում է Իր խոստումներն ու իրականացնում Իր Խոսքը:
- Եթե Նա մեզ կոչ է անում հետևելու և ծառայելու Իրեն, ապա դա չի նշանակում, որ մենք պիտի անպայման նահատակվենք կամ կործանվենք և անցնենք հանուն Տիրոջ կյանքը զոհելու ընթացքով: Նա թույլ չի տա, որ մենք մեր ուժից վեր փորձվենք։ Անկախ մեր կյանքի իրավիճակներից՝ Աստված մեզ համար խաղաղության, ուրախության և առատության կյանք է խոստացել Քրիստոս Հիսուսով:
- Ես խորապես հավատում եմ Աստծո Խոսքին, նրա զորությանը և նրա ազդեցությանը։ Ուշադրություն դարձրու աստվածաշնչյան այս խոսքին.
«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4․13)։
Այս խոսքը չի ասում, թե Քրիստոսով քիչ բան կարող եմ անել։ Ո՛չ էլ ասում է, թե որոշ բաներ կարող եմ անել։ Այն ասում է, որ Աստծո հետ հնարավոր է լինել համբերատար, շարունակել սկսածդ ընթացքը և ամբողջական ավարտին հասցնել այն, ինչը Տերն է ցանկանում, որ իրագործենք:
- Եվ վերջապես, ես հավատում եմ մեր անշարժ ու հավիտենական Աստծուն ուղղված աղոթքի արդյունավետությանը: Հավատում եմ, որ ամենօրյա աղոթքը կօգնի մեզ, որ համբերենք և առաջ գնանք այն ուղղությամբ, որն Աստված ցույց է տալիս:
Եթե դու Աստծո օգնության կարիքն ունես քո կյանքի որևէ ոլորտում, ապա առաջարկում եմ հենց հիմա ծնկի գալ Տեր Աստծո առջև և այս աղոթքն անել ինձ հետ միասին:
«Տե՛ր, երբեմն ես հոգնած և ուժասպառ եմ լինում և ուզում եմ ամեն բան թողնել ու հրաժարվել առաջ շարժվելուց կամ որևէ գործի մեջ հարատևելուց։ Սակայն գիտեմ նաև, որ Քո կամքն է, որ ես լինեմ անկասելի մեկը, շարունակեմ շարժվել այն ուղղությամբ, որով Դու ես տանում ինձ, նույնիսկ երբ դա դառնում է դժվար։ Դու առաջնորդում ես ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ տեսնում, թե ինչպես ամեն բան կիրագործվի։ Իմ հույսը դնելով Քո օգնության վրա՝ ես որոշում եմ շարունակել առաջ ընթանալն ու չհանձնվել և թևաթափ չլինել իմ կյանք այցելած իրավիճակների պատճառով։ Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո ողորմությունների և Քո սիրո համար: Աղոթում եմ Քո անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը