Սիրելի՛ բարեկամ, այսօր քեզ հետ ուզում եմ կիսվել «Ինչպե՞ս հանուն Աստծո անկասելի ծառայող դառնալ» շարքի վերջին գրառումով: Աղոթում եմ, որ ուղերձների այս շարքը գործնականում օգնի քեզ և իրական փոփոխություն բերի քո կյանքում։ Այս շարքի վերջին ուղերձը համբերության մասին է:
Երբ մենք ճանապարհ ենք ընկնում, քաջաբար կարողանում ենք անել առաջին քայլը և սկսում ենք առաջ ընթանալ, ապա այդ ընթացքի մեջ ամենադժվար բանը սովորաբար լինում է ճիշտ ուղղության և ընթացքի մեջ մնալը:
Երբ ես դեռ նոր էի սկսում իմ ծառայությունն Աստծուն, բացարձակապես չէի կարող պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իմ ներգրավվածությունն Աստծու Արքայության գործի մեջ և ինչպես է Տերն ինձ օգտագործելու հանուն Իր Արքայության մարդկանց կյանքերի վրա ազդեցություն ունենալու առումով։ Իմ ծառայության տարիներին ես բավականին ծանր ու հիասթափեցնող ժամանակաշրջաններ եմ ունեցել, սակայն միշտ վստահել եմ և հիմա էլ վստահում եմ իմ Փրկչին և Տիրոջը՝ խաչված և հարություն առած Հիսուս Քրիստոսին: Նա միշտ օգնել է ինձ և այսօր էլ շարունակում է օգնել ու առաջնորդել թե՛ իմ ծառայության, թե՛ առօրյա կյանքի մեջ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված իմ սրտում քեզ ծառայելու և քեզ համար Աստծու օրհնություններն ու շնորհքն ընդունելու միջոցներից մեկը դառնալու մեծ փափագ է դրել։ Ես ուզում եմ տեսնել քո կյանքը փոխված, քո բնավորությունն ու արժեհամակարգը փոխակերպված և Աստծո կամքին համահունչ դարձած։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ քո ընթացքը դառնա Քրիստոսով հաղթական ընթացք:
Հենց միայն այս պատճառով է, որ ո՛չ մի հիասթափություն, ո՛չ մի խանգարող հանգամանք կամ խաթարված հարաբերություններ ի զորու չեն ինձ հեռացնելու Քրիստոսի սիրուց, որն իր բնական ու տրամաբանական արտահայտությունն է գտնում քեզ և մյուսներին ծառայելու մեջ։
Ստորև կիսվում եմ քեզ հետ մի քանի բանալիներով, որոնք ամեն օր օգնում են ինձ համբերատար կերպով հարատևել իմ ծառայությունների մեջ.
- Ես խորապես հավատում եմ, որ Տեր Աստծո Խոսքերն արժանահավատ են։ Նա արժանի է վստահության։ Եվ Նա միշտ պահում է Իր խոստումներն ու իրականացնում Իր Խոսքը:
- Եթե Նա մեզ կոչ է անում հետևելու և ծառայելու Իրեն, ապա դա չի նշանակում, որ մենք պիտի անպայման նահատակվենք կամ հանուն Տիրոջ անցնենք մեր կյանքը զոհաբերելու ընթացքով: Նա մեզ չի թողնի, որ ուժից վեր փորձվենք։ Անկախ մեր կյանքի իրավիճակներից՝ Աստված մեզ համար խաղաղության, ուրախության և առատության կյանք է խոստացել Քրիստոս Հիսուսով:
- Ես խորապես հավատում եմ Աստծո Խոսքին, նրա զորությանը և նրա ազդեցությանը։ Ուշադրություն դարձրո՛ւ աստվածաշնչյան այս խոսքին. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4․13)։
Այս խոսքը չի ասում, թե Քրիստոսով քիչ բան կարող եմ անել։ Ո՛չ էլ ասում է, թե որոշ բաներ կարող եմ անել։ Այն ասում է, որ անկախ մեր կյանքի հանգամանքներից ու ստեղծված իրավիճակներից՝ Աստծու հետ հնարավոր է դառնալ համբերատար, շարունակել սկսածդ ընթացքը և ամբողջական կերպով ավարտին հասցնել այն, ինչը Տերն է ցանկանում, որ իրագործենք:
- Եվ վերջապես, ես հավատում եմ մեր Աստծուն ուղղված աղոթքի արդյունավետությանը: Հավատում եմ, որ ամենօրյա աղոթքը կօգնի մեզ, որ համբերենք և առաջ գնանք այն ուղղությամբ, որն Աստված ցույց է տալիս:
Եթե դու Աստծո օգնության կարիքն ունես քո կյանքի որևէ ոլորտում, ապա առաջարկում եմ հենց հիմա ծնկի գալ Տեր Աստծո առջև և այս աղոթքն անել ինձ հետ միասին:
«Տե՛ր, երբեմն ես հոգնած և ուժասպառ եմ լինում, ուզում եմ ամեն բան թողնել ու հրաժարվել առաջ շարժվելուց կամ որևէ գործի մեջ հարատևելուց։ Սակայն գիտեմ նաև, որ Քո կամքն է, որ ես լինեմ անկասելի մեկը, շարունակեմ շարժվել այն ուղղությամբ, որով Դու ես տանում ինձ, նույնիսկ երբ դա դառնում է դժվար։ Դու առաջնորդում ես ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ տեսնում, թե ինչպես ամեն բան կիրագործվի։ Իմ հույսը դնելով Քո օգնության վրա՝ ես որոշում եմ շարունակել առաջ ընթանալ ու չհանձնվել, թևաթափ չլինել իմ կյանք այցելած իրավիճակների պատճառով։ Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո ողորմությունների և Քո սիրո համար: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը