Սիրելի՛ բարեկամ, երբևէ մեքենայով ճամփորդե՞լ ես մառախուղի ժամանակ։ Այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, բավականին խիտ մառախուղներ են լինում ձմռան ամիսներին։ Նման եղանակային պայմաններում մեքենա վարելը թե՛ նյարդայնացնող է և թե՛ վտանգավոր։ Մառախլապատ եղանակը կարող է ազդել նաև մարդկանց տրամադրության վրա, եթե դրա տևողությունը երկարի և օրեր շարունակ մարդը զրկված լինի արևի պայծառ շողերը տեսնելու հնարավորությունից։
Մառախուղը նման է անթափանց շղարշի։ Իրականում այն կազմված է ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք օդում կախվում են գետնին շատ մոտ և կարող սահմանափակել տեսանելիությանը ընդամենը մի քանի քայլի վրա։ Ընդհանուր առմամբ, մառախուղը ամպ է, որն իջնում է գետնի վրա։ Այնքան էլ հաճելի չէ այդ ամպի միջով ճանապարհ անցնելը, և բավականին մեծ է մոլորվելու կամ ճանապարհից շեղվելու հավանականությունը։
Սակայն այն մառախուղը, որի մասին այսօր պատրաստվում եմ խոսել քեզ հետ, եղանակի հետ կապ չունի։ Այդ մշուշը ծածկում է մեր կյանքի ուղին, խանգարում մեր նպատակակետը տեսնելուն և անորոշ դարձնում մեր ապագան։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում անցնում է նման մառախլապատ ժամանակաշրջանով։ Կյանքի մշուշոտ պահերին մենք չգիտենք՝ ի՞նչ ուղի ընտրել կամ ի՞նչ է մեզ սպասվում ճանապարհի վերջում… Նման մառախուղների մեջ մենք մեզ մոլորված ենք զգում։ Եվ հենց այսպիսի ժամանակներում է անփոխարինելի Տեր Աստծու առաջարկած օգնությունը։
«Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. Նա քեզ հետ է լինելու, Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր» (Բ ՕՐԵՆՔ 31:8)։
Աստվածաշնչում բազմաթիվ նմանատիպ խոստումներ կան Տեր Աստծու հավատարիմ ժողովրդին և Քրիստոսի ուսուցումներին հնազանդ աշակերտներին։ Այդ խոստումները վստահեցնում են մեզ, որ Աստված ամեն բան վերահսկում է մեր կյանքում։ Նա մեզ առաջնորդում է, երբ մենք չենք տեսնում մեր ճանապարհը և, ի վերջո, ցրելու է մեր կյանքի մառախուղն ու մեր ընթացքը լցնելու է արևի պայծառ շողերով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ցանկացած մառախուղ ժամանակավոր է, իսկ Աստված՝ հավիտենական, անփոփոխ և մշտապես հաղթանակող։ Ամուր բռնի՛ր Նրա ձեռքից։ Նա քեզ երբեք չի լքի։ Նա քո երկնային Հայրն է, Ով քեզ այնքա՜ն շատ է սիրում, որ Գողգոթայի խաչի վրա Իր Միածին Որդուն է զոհել հանուն քեզ, որպեսզի հավատաս Նրան և հավիտենական կյանք ունենաս։
Տեր Աստծու օգնությամբ և Նրա հետ անցիր քո կյանքի մառախլապատ ճանապարհները։ Կառչի՛ր Աստծո Խոսքի սկզբունքներից։ Հավատքիդ աղբյուրը դարձրո՛ւ Աստծո Խոսքը, այլ ոչ թե սեփական պատկերացումներդ կամ մոլորեցնողների ոգևորիչ ու խորհրդավոր ուսուցումները։ Մնա՛ հավատքի մեջ և կտեսնես, թե ինչպես է մշուշը ցրվում ու կյանքդ լցվում արևի պայծառ շողերով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը