November-23

Գլխավոր | Հրաշքներ | Դու Աստծո՛ւն ես պատկանում

Դու Աստծո՛ւն ես պատկանում

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու Աստվածաշնչի ընթերցանությունը դարձրե՞լ ես քո հանապազօրյա հոգևոր հացը․․․ Եղե՞լ է, որ Սուրբ Գրքի ընթերցանության ժամանակ այնպիսի մի խոսքի կամ մտքի հանդիպես, որն այնքա՜ն է ներթափանցել սրտիդ խորքերը, որ անջնջելի հետք և բժշկարար ազդեցություն է թողել ողջ կյանքիդ վրա։ 

Իմ կյանքի վրա նման ազդեցություն է թողել հետևյալ խոսքը․ «Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում» (Բ Տիմոթեոս 2.19):

Տեր Աստծուն պատկանելն ամենակարևոր բանն է, որը կարող է լինել մարդու կյանքում։ Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ Աստված որդեգրել է մեզ՝ Նրա Խոսքին հավատացողներիս, և Իր ընտանիքի անդամներն է դարձրել։ Այս փաստը գիտակցելն ինձ ուժ է տվել, երբ իմ կյանք են այցելել այնպիսի ժամանակներ, երբ մերժված եմ եղել անգամ ամենահարազատներից և անտեսված այնպիսի մարդկանցից, որոնք պետք է իմ թիկունքը պահեին։ 

Իմ կյանքի դժվարին իրավիճակներում Տեր Աստծուն պատկանելու իրողության գիտակցումը տրտմությամբ ու ցավով լցված իմ սրտի համար իսկական բալասան և բժշկարար յուղ է եղել։ Այդ վստահության արդյունքում գիտակցում ես, որ անկախ քո կյանքի իրավիճակից, սրտի ցավից ու քո հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքից՝ դու տեղ ունես Տեր Աստծու ընտանիքի մեջ։ 

Աստված ճանաչում է նրանց, որոնք Իրենն են։ Աստծուն պատկանող մարդկանց վրա հատուկ կնիք կա։ Դու այսօր կարող ես ստուգել՝ արդյոք այդ կնիքը ունե՞ս քեզ վրա, թե՞ ինքդ քեզ անիրական և անհիմն միտք ես ներշնչել, թե պատկանում ես Աստծուն։ Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում։ Բոլոր Քրիստոսի անունը կանչողները՝ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, պետք է հստակ ունենան այս կարևորագույն հարցի պատասխանը՝ «Ես ամեն ջանք անո՞ւմ եմ իմ կյանքից մեղքն ու անիրավությունը հեռացնելու համար, թե՞ ապրում եմ՝ սիրելով, թաքցնելով կամ արդարացնելով իմ կյանքում առկա մեղքն ու անիրավությունը»։

Ես և դու, իրականում, գիտե՛նք այս կարևորագույն հարցի պատասխանը։ Եթե մենք մեր ամբողջ սրտով հավատում ենք Տեր Հիսուսին ու Նրա ուսուցանած սկզբունքներին, որոնք սահմանում են, թե ո՞րն է մեղքը և անիրավությունը, և ամեն բան անում ենք դրանք մեր կյանքից հեռացնելու համար, ուրեմն մենք Աստծուն ենք պատկանում։ Իսկ եթե մենք սիրում ենք մեղքը, ծածկում այն կամ արդարացնում դրա ներկայությունը մեր կյանքում, ապա ո՛չ մի իրավունք չունենք պնդելու, թե մենք Աստծուն ենք պատկանում։ 

Իմ կյանքն իրապես փոխվել է աստվածաշնչյան այս խոսքերի փոխանցած ճշմարտությունից։ Հրաշալի է գիտակցել և Աստծո անսխալական ու անխախտ Խոսքի հիման վրա համոզվածություն ունենալ, որ կա՛ Մեկը, ում համար դու ցանկալի ես, Ով սիրում է քեզ և Ով ընդունել է քեզ Իր ընտանիքի մեջ։ 

  • Դու կարիք չունես հոգս անելու այն մասին, թե ու՞մ կողմից ես մերժված և ովքե՞ր են, որ ամեն բան անում են, որ ցավեցնեն քեզ իրենց խոսքերով ու վերաբերմունքով։ Դու պատկանում ես Քրիստոսին։ Դու կարո՛ղ ես ապրել քո երկրային կյանքը՝ լի հույսով, խաղաղությամբ ու ապահովությամբ։ 
  • Դու կարիք չունես անհանգստանալու, թե կարող ես լքված ու դավաճանված լինել քո շրջապատի մարդկանց կողմից և, ի վերջո, մնալ մենակ։ Աստված քո Հայրն է, Ով երբեք չի լքի քեզ։ Քո կյանքի ողջ ընթացքում Աստված հավատարիմ կերպով սիրելու է քեզ (Տե՛ս Բ Օրինաց 31.6 խոսքը):
  • Դու կարիք չունես անհանգստանալու այն մասին, թե ո՞վ հոգ կտանի քեզ համար։ Աստված Իր Խոսքով հաստատում է, որ Իր ծրագրերը քեզ համար խաղաղության ծրագրեր են։ Քեզ արարողն ու կյանք տվողը Նա է։ Ուրեմն, ապագայիդ համար անհանգստանալու և հոգս անելու փոխարեն, հնազանդվի՛ր այն ամենին, ինչ Աստված է ասում. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա ‭29‬.‭11‬)։

Դու Աստծուն ես պատկանում։ Աստված քեզ հետ է։ Մի՛ վատնիր կյանքդ՝ կասկածի տակ դնելով այդ փաստը։ Նա լավագույն ծրագրերն ունի քո ապագայի վերաբերյալ։  

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, լսի՛ր, թե ինչ է Աստված քեզ ասում. «․․․մի՛ վախեցիր, որովհետև Ես փրկել եմ քեզ։ Քո անունով եմ Ես կանչել քեզ, դու Իմն ես։ Երբ խորը ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ…» (Եսայիա 43.1-2)։ 

Խորհի՛ր այս հիասքանչ խոստման շուրջ, և ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Շնորհակալ եմ, Տե՛ր։ Շնորհակալ եմ, որ ես Քո Որդու թանկ ու պատվական արյան գնով գնված զավակներից մեկն եմ… Իմ Աստվա՛ծ, ես Քեզ եմ պատկանում, և ես սիրում եմ Քեզ։ Շնորհակալ եմ, որ Դու իմ անսասան ապավենն ես։ Գիտե՛մ, Տեր, որ Դու միշտ կողքիս ես… Շնորհակալ եմ, իմ հոգատար Հա՛յր։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Ուզում եմ ևս մեկ անգամ խորհես այս մասին՝ Աստված սիրում է քեզ, քո կյանքն անասելի մեծ արժեք ունի Նրա համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: