2021-04-01

Գլխավոր | Հրաշքներ | Դուք կարո՛ղ եք ազատ լինել բոլոր կապանքներից

Դուք կարո՛ղ եք ազատ լինել բոլոր կապանքներից

Աստծո սիրելի ու թանկ զավա՛կ, որ կարդում ես այս տողերը, ամեն տարի ձվի գնի թանկացումն ու ձկնեղենի վաճառքի աճը հիշեցնում են մեզ, որ Պասեքի տոնի շրջանն է։ Այս ամենը մեզ պետք է խորհել տա մի կարևոր հարցի շուրջ. արդյոք Պասեքի տոնն իրո՞ք ներկված ձվերի, չամիչով փլավի և շոգեխաշած ձկան տոն է։ Իհարկե, յուրաքանչյուր իրական քրիստոնյա գիտի այս հարցի պատասխանը՝ Ո՛Չ։

Աստվածաշնչյան Պասեքի տոնը, որը ժողովրդի մեջ հայտնի է Զատիկ անունով, Տեր Հիսուսի մահվան ու զարմանահրաշ հարության մասին է։ Այն մասին, որ Նա հաղթեց մահին ու կործանեց մահվան զորությունը։ Պասեքի կամ Հարության Տոնի պատգամը Ավետարանի ուղերձի առանցքն է.
«Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է» ‭‭(Հռոմեացիս ‭8․34‬‬‬)։

Պասեքի մասին առաջին հիշատակումը Հին Կտակարանի Բ Օրինաց 16․1-3 խոսքերում է. «Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և պասեքը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։ […] որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը»։

Պասեքը հիշատակն է այն օրվա, երբ Աստված Իսրայելի ժողովրդին ազատագրեց Եգիպտոսի ստրկությունից։ Աստծո ժողովուրդը ազատվեց ստրկության կյանքի բոլոր տանջանքներից։ Վերջապե՜ս։ Ազատագրություն 400-ամյա ստրկությունից և կապանքների չարչարանքներից

Սիրելի բարեկամ, հենց այս նույն կերպ մեր ազատագրության Պասեքի Գառը Հիսուսն է։ Հենց Նրա մահվամբ և հարությամբ է, որ մենք ազատություն ստացանք մեղքի իշխանությունից ու մեղավորության զգացումի ճնշող ծանրությունից։ Նրա զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք «լքել մեր Եգիպտոսը»՝ մեր կյանքի ստրկության վայրն ու ժամանակաշրջանը։ Ինչպիսի՜ ազատագրություն բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն են ստանում Աստծո զավակներ դառնալու։ Այն, ինչը մենք տոնում ենք Պասեքի օրերին իրականում Տեր Հիսուսի տարած հաղթանա՛կն է մեղքի ու մահվան նկատմամբ։ Եվ այդ հաղթանակը նաև ինձ և քեզ համար է։

Հարության տենը բոլորովին էլ չամիչով փլավի ու ներկած հավկիթների տոնը չէ։ Այն Աստծո տարած հաղթանակի տոնն է, իմ և քո ազատագրության տոնը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ մեղքի ու խավարի ստրկությունից մեր փրկագնման տոնը։

Եկե՛ք նշենք այս շաբաթվա յուրաքանչյուր օր և հիշենք Տեր Հիսուսի պարգևած մեծ փրկությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: