May-12

Գլխավոր | Հրաշքներ | Գտի՛ր քո մնայուն խաղաղությունը

Գտի՛ր քո մնայուն խաղաղությունը

Սիրելի՛ բարեկամ, այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Երբեմն մենք ապրում ենք մեծ ճնշումների ներքո, որոնք բխում են մեր պարտավորություններից՝ ընտանեկան, ամուսնական, աշխատանքային և այլ ոլորտներում: Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:  

Աստվածաշունչն ասում է․ «․․․հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը» (Եսայիա 30․15):

Կյանքի ճնշումներին դիմակայելու առաջին քայլը մեր հայացքն Աստծո Խոսքին ուղղելն է։ Աստված խոստումներ ունի մարդկանց կյանքի տարբեր իրավիճակների պարագայում։ Ընթերցի՛ր Աստվածաշունչը։ Գտի՛ր խոստումները։ Ուսումնասիրի՛ր այդ խոստումների իրագործման պայմանները և հավատա՛, որ Աստված կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ 

Հաջորդ քայլը քո իրավիճակը սթափ գնահատելն է։ Սա չի նշանակում համակերպվել այդ իրավիճակի հետ, այլ ավելի շուտ՝ դիմակայել դրան: Մենք պետք է գոհանանք Աստծուց այն ամենի համար, ինչ ունենք, և չանհանգստանանք այն ամենի համար, ինչը դեռ չունենք: Տերը գիտի ժամերն ու ժամանակները, և Նա լավագույնն է մեզ համար կամենում թե՛ մեր պատասխանված և թե՛ չպատասխանված աղոթքների միջոցով։ 

Կյանքի ճնշումներին դիմակայելու ևս մեկ կարևոր քայլ է ներելն ու բաց թողնելը։ Մեր կյանքի բազմաթիվ խնդիրներ մյուսների սխալ վերաբերմունքի արդյունք են։ Եվ բացի նրանց սխալների ավելացրած բեռները, մենք նաև կրում ենք այդ մարդկանց չներելու բեռը։ Եթե ուզում ես ձերբազատվել այս կյանքի տարբեր ճնշումներից, ապա կարևոր է, որ սովորես ներել ու բաց թողնել այն մարդկանց, որոնք ցավեցրել են քեզ կամ վերքեր պատճառել։ 

Եվ մեկ կարևոր քայլ է ներկայով ապրել սովորելը։ Կյանքը թանկ է, ուստի մի՛ մնա անցյալում և մի՛ անհանգստացիր վաղվա համար: Կյանքին նայիր հավիտենականության տեսանկյունից: Մենք միայն այս երկրային կյանքի իրողություններն ենք տեսնում։ Իսկ Աստծո տեսանկյունը բավականին տարբեր կարող է լինել։ Աստված այսօր կարող է գործել քո կյանքում անգամ տարբեր ճնշումների միջոցով, որպեսզի քեզ պատրաստի Իր բարի և հավատարիմ ծառան դառնալու ընթացքին:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես ունենալ բազմաթիվ արտաքին  ճնշումներ, սակայն երբե՛ք չպետք է դրանք պահես քո մեջ և դրանց հնարավորություն տաս դառնալու ներքին խնդիրներ։ 

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քեզ, որ հիշեցնում ես ինձ, որ պետք է խաղաղվեմ ու հանդարտ լինեմ։ Ներողություն եմ խնդրում, որ երբեմն այդքա՜ն շատ եմ լարվում։ Ես  ամբողջովին վստահում եմ Քեզ իմ կյանքը։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: