January-16 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Գտի՛ր քո խաղաղությունը

Գտի՛ր քո խաղաղությունը

Երբեմն մեր կյանքում Տեր Աստծու խոստումների իրագործման համար բավականին երկար ժամանակ է պահանջվում։ Եվ երբ դրանք սպասվածից դանդաղ են իրագործվում, մեր կյանքի ներկա հանգամանքները կարող են անհամապատասխան թվալ Նրա աստվածային ծրագրին: 

Սիրելի՛ բարեկամ, նույնիսկ երբ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ ընթանում, մենք պետք է վստահենք Աստծուն, քանի որ Նա կարող է կարգավորել ցանկացած իրավիճակ և անել այնպես, որ երբ անցնենք խավար ու դժվարին իրավիճակներով ու հետ նայենք, հասկանանք, որ Տերը մեզ հետ է եղել մեր դժվարությունների մեջ և դրանք օգտագործել է մեր բարիքի համար։ Աստված է տիրում մեր կյանքում և Նա՛ է պատմության, այդ թվում նաև՝ մեր կյանքի պատմության ղեկին։

Ընթերցե՛նք ուղերձների մեր այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

Այսօր ուզում եմ միասին խորհենք, թե Ո՛վ է կանգնած այս խոստման հետևում։ Անշուշտ, պատասխանը միանշանակ է՝ Աստված։ «․․․Ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար» արտահայտությունը մեզ հուշում է, որ Տեր Աստվա՛ծ է վերցնում մեր կյանքի իրավիճակները և շրջում դրանք դեպի բարին։

Եթե դու Աստծուն սիրող մարդ ես, ապա իմ ամբողջ սրտով զգում եմ, որ Տերն ուզում է քեզ այսօր հետևյալ քաջալերանքն ուղղել․

«Զավա՛կս, Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ քո մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի քեզ ապագա և հույս տամ»  (Երեմիա 29.11                                                                                

Երբեմն դժվար է հասկանալ, թե ի՛նչ է կատարվում մեր կյանքում և ինչո՛ւ։ Սակայն, եթե մենք հավատացել ենք Աստծուն և Քրիստոսին ընդունել ենք մեր կյանքի Տեր ու Փրկիչ, ապա մի բանում կարող ենք վստահ լինել՝ «․․․ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար», որովհետեւ ամեն ինչ Տեր Հիսուսի ոտքերի տակ է հնազանդեցված (տե՛ս Եբրայեցիս 2․8 խոսքը)։

Ժամանակներն Իմ ձեռքում են: Եվ դու նույնպես Իմ ձեռքում ես (տե՛ս Սաղմոս 95.4 խոսքը):

Ես եմ հավիտենական Վեմը (տե՛ս Եսայիա 26.4 խոսքը), և Ես Իմ ձեռքով քեզ կծածկեմ․․․ (Ելից 33:22-23

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ Աստված Իր Խոսքի մեջ հստակ ասում է, որ սիրում է քեզ. Նա քեզ սիրել է նախքան աշխարհը հիմնելը: Նա ապացուցել է Իր սերն իմ և քո հանդեպ՝ հանուն մեր փրկության խաչի վրա զոհելով Իր ամենաթանկը՝ Իր միածին Որդուն: Եվ նա միշտ սիրելու է քեզ։ Աստծու Խոսքն ասում է, որ դու երբեք մենակ չես: Եթե որոշես դառնալ Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը, ապա Նա Իր աշակերտներին խոստացել է, որ մշտապես և ամեն օր մեզ հետ է լինելու մինչև աշխարհի վերջը (տե՛ս Մատթեոս 28.20 խոսքը): Նա քեզ որբ չի թողնի (տե՛ս Հովհաննես 14.18 խոսքը): Նրա Սուրբ Հոգին ապրում է քո մեջ և առաջնորդում քեզ ամեն օր: Սպասի՛ր ու կտեսնե՛ս, թե  ինչպես է Նա գործելու քո կյանքում զարմանահրաշ ու գերբնական միջամտությամբ: Պատրաստ եղի՛ր, քանի որ քո կյանքի իրավիճակը կարող է հանկարծակի փոխվել դեպի բարին, քանի որ Նա տիրում է քո կյանքում:

Վստահի՛ր Աստծուն։ Վստահի՛ր, նույնիսկ երբ թվում է, թե ամեն բան սխալ ուղղությամբ է շարժվում։ Տերը կարո՛ղ է փոխել քո կյանքի ընթացքը։ Նրա ծրագրերը քեզ համար բարի են և լի օրհնություններով: Եվ հիշի՛ր, որ այն կոչումը, որը Նա դրել է քո կյանքի համար՝ այն կանչվածությունը, որի համար Նա քեզ լույս աշխարհ է բերել, անդառնալի է: Խաղաղվի՛ր։ Քո կյանքը Նրա ձեռքերում է։ Նա կանգնած է Իր Խոսքի ու խոստումների հետևում։

Հորդորում ու խորհուրդ եմ տալիս այսօր հատուկ ժամանակ հատկացնել, որպեսզի խորհես ու մտորես այն մասին, թե Ո՛վ է կանգնած այս զորավոր խոստման հետևում․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով» (Հռոմեացիս 8․28):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: