September21

Գլխավոր | Հրաշքներ | Գուցե կյանքդ վերանորոգման շրջա՞ն է անցնում․․․

Գուցե կյանքդ վերանորոգման շրջա՞ն է անցնում․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր մեր երկրի անկախության տոնն է, սակայն չեմ կարծում, թե որևէ մեկի սրտում տոնական տրամադրություն է։ Բայց ես ամբողջ սրտով ուզում եմ քաջալերել Աստծու յուրաքանչյուր հավատարիմ զավակի։ Աստծուն հուսացած մարդկանց կյանքում լինում են պահեր, երբ շատ հարցեր անպատասխան են մնում, սակայն Աստծու Խոսքը մի զորավոր խոստում ունի․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8.28):

Եվ որպեսզի պարզ ու հասկանալի լինի քաջալերանքս, բերեմ մի օրինակ մեր առօրյա կյանքից։ Չգիտեմ՝ ինչպես է քո պարագայում, բայց երբ ես մեքենա եմ վարում և դեպի հերթական փողոց շրջադարձ կատարելիս տեսնում եմ «ճանապարհը վերանորոգվում է» ցուցանակը, ապա հիասթափության ու բարկության որոշակի զգացում եմ ունենում։ Սովորաբար, նման պարագաներում կա՛մ պետք է ստիպված լինեմ այլ ճանապարհով գնալու, կա՛մ պետք է բավականին դանդաղ անցնեմ վերանորոգվող հատվածով։ Ամեն դեպքում, ժամանակի կորուստն անխուսափելի է լինում․․․

Սակայն եթե ավելի խորը մտածենք, ապա ճանապարհների վերանորոգումը մեզ ապահովում է ավելի լավ ու հարթ փողոցներ ու մայրուղիներ, որտեղ բացակայում են փոսերն ու քանդված հատվածները։ Ի վերջո, վերանորոգումը մեզ համար ավելի անվտանգ ու արագ ընթացք է ապահովում, իսկ նման ճանապարհով մեքենա վարելը ավելի հաճելի է դառնում։ 

Նույն զուգահեռը կարելի է տանել նաև մեր կյանքերի առումով։ Մեզնից յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են «վերանորոգման» ժամանակաշրջաններ։ Սրանք այնպիսի ժամանակներ են, երբ Աստված խորապես հիմնանորոգում է մեր ներաշխարհը։ Նա կրակի հնոցով է անցկացնում մեր սիրտը և այրում ամեն բան, որ կուտակել էինք այնտեղ, և որը, սակայն, Աստծուց չի եղել և հակասել է Նրա կամքին։ Իհարկե, նման ժամանակները սկզբում ոչ մի հաճելի բան չեն պարունակում, բայց դրանք մեզ ավելի լավն են դարձնում, ավելի ամուր, ավելի ուժեղ, իմաստուն ու համբերատար։ 

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս» (Հռոմեացիս 5․3-4

Փորձությունների այս ժամանակներում մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ եթե սիրում ենք Աստծուն, ապա նման ժամանակները մեզ հղկում են, սովորեցնում, խրատում և մղում ավելի ու ավելի նմանվելու Տեր Հիսուս Քրիստոսին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերանորոգման ժամանակները գրեթե միշտ են ցավոտ և դրանք մշտապես ուղեկցելու են մեզ մեր երկրային կյանքի ընթացքում։ Բայց ամեն անգամ վերանորոգումից հետո մենք կարող ենք վայելել, թե որքա՜ն գեղեցիկ է դառնում ճանապարհը, որքա՜ն սահուն ու հաճելի է դրանով ընթանալը և որքա՜ն շնորհակալ ենք լինում վերանորոգման բերած արդյունքների համար, երբ դժվարությունների ու փորձությունների հերթական ժամանակաշրջանն արդեն ավարտված է։

Աղոթում եմ, որ մենք համբերատարությամբ և Աստծուն վստահելով անցնենք մեր կյանքի վերանորոգման բոլոր ցավոտ ու դժվարին ժամանակահատվածները։ Եվ որքան էլ դժվարին լինի մեր ընթացքը, վստահենք Աստծուն, քանի որ Աստծուն սիրողների համար ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: