Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց» անվանումը։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք այն հարցին, թե ինչո՞ւ է Աստված ուզում մխիթարել սգավորներին։ Աստվածաշունչը Տեր Աստծուն ներկայացնում է որպես գթությունների ու մխիթարության Աստված։ Աստված սիրող է ու ողորմած։ Սակայն սգի ու տառապանքի ցավը կրող բազմաթիվ մարդիկ հե՛նց Աստծուն են մեղադրում իրենց կորստի մեջ։
Սիրելի՛ բարեկամ, իսկ դու հավատո՞ւմ ես, որ Աստվածաշունչը միակ ճշմարիտ աղբյուրն է, որը մեզ բացահայտում է ճշմարտությունը Տեր Աստծու վերաբերյալ։ Տեր Աստծուց մխիթարություն ընդունելու համար մարդը նախ պետք է հստակ գիտակցի ու հասկանա, որ իր տառապանքի պատճառն Աստված չէ, այլ՝ չարիքով լցված այս դաժան աշխարհը։ Եվ Աստված չէ անարդարության ու տառապանքի հեղինակը, այլ մեղքը, որը մարդու ձեռքով մտավ աշխարհ։
Ահա, թե ինչ է ասում Ինքն՝ Աստված, մարդու մահվան ու հավիտենական կորստի վերաբերյալ․ «Որովհետև Ինձ հաճելի չէ մեռնողի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- ուրեմն հե՛տ դարձեք ու ապրե՛ք» (Եզեկիել 18.32):
Ավելին, եթե մարդը կարող է չարանալ ու կամենալ որևէ մեկի մահը, հատկապես, երբ խոսքը հասարակության համար վտանգավոր ու շատերին մեծ վնաս հասցրած մարդկանց մասին է, ապա Աստված անգամ նման մարդկանց մահը չի կամենում։ Միայն Աստվածաշնչի մանրազնին ուսումնասիրությունն է, որ բացահայտում է Տեր Աստծու իրական սերն անգամ ամենածանր հանցանք գործած մարդկանց հանդեպ։
«Կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- և Ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք․․․» (Եզեկիել 33․11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու սերն անըմբռնելի ու անքննելի է։ Նա սիրում է մարդուն։ Նա սիրում է նաև քեզ։ Ահա հե՛նց Նրա սերն է, որ մղում է Նրան մխիթարելու քեզ և քո մտերիմներին ու հանելու հարատև սուգի կործանարար ճիրաններից։ Աստված գթությունների ու մխիթարության Աստված է։ Նա քո կողքին է։ Նա կարող է քեզ մխիթարել քո բոլոր նեղությունների ու դժվարությունների մեջ։ Եթե անգամ այսօր չես էլ պատկերացնում, որ մի օր կարող ես մխիթարվել, ապա պարզապես քո ամբողջ սրտով խնդրի՛ր Աստծուն, որ մխիթարի քեզ, և, հավատում եմ, որ Նա քո խնդրանքն անպատասխան չի թողնի։
«Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց» (Բ Կորնթացիս 1․3-4):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը