July-11

Գլխավոր | Հրաշքներ | Բոլոր ազգերից աշակերտնե՛ր բարձրացրեք

Բոլոր ազգերից աշակերտնե՛ր բարձրացրեք

Սիրելի՛ բարեկամ, Աստված քեզ դարձրել է Իր աշակերտը, բայց սրանով Նա Իր գործը չի ավարտել քո կյանքում։ …Նա քեզ նաև նոր աշակերտներ բարձրացնելու կարողություն և հանձնարարություն է տվել։ 

Մեզնից շատերը Քրիստոսի աշակերտ են դարձել ինչ-որ մեկի աղոթքի, նվիրման կամ այն սիրո շնորհիվ, որ մեզ Բարի լուրը փոխանցած մարդն ունեցել է մեր հանդեպ։ Նման մարդիկ իրական լույս են եղել մեր կյանքի խավարի մեջ։ Իսկ հիմա մենք ենք կրում մյուսների կյանքում լույս լինելու պատասխանատվությունը։ 

Երբ ես երիտասարդ քրիստոնյա հավատացյալ էի, հստակ զգում էի, թե ինչպես է Աստված ինձ կանչում՝ լինելու լույս շատ այլ մարդկանց և նաև՝ տարբեր ազգերի համար։ Սակայն նման ժամանակներում հաճախ մենք ոչ միայն զգում ենք, որ արժանի չենք նման առաքելություն ստանձնելու, այլև իրականում արժանի չենք և ոչ էլ կարող ենք իրականացնել այն հանձնարարությունը, որի համար մեզ կանչում է Աստված։ Բայց Աստված ավելին է տեսնում։ Նա կանխավ տեսնում է, թե ինչպիսի նվիրյալ աշակերտներ ու հավատարիմ մշակներ կարող ենք մենք դառնալ։ Նա կանչում է և նաև զորացնում մեզ Իր տված հանձնարարությունն իրականացնելու համար։ Մեր Տերը հաճախ ավելի շատ վստահություն ունի մեր հանդեպ, քան մենք ինքներս։ 

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (‭‭Մատթեոս‬ ‭28.18-20‬):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հույս ունեմ, որ Աստված նաև քո սրտին է խոսել, և դու արդեն իսկ Նրա աշակերտը լինելու որոշում ես կայացրել։ Խնդրում եմ՝ երբե՛ք չմոռանաս, որ ճշմարիտ աշակերտն իր կյանքի նպատակն է դարձնում իր հերթին աշակերտներ բարձրացնելը։ Տեր Հիսուսն է մեր օրինակն այս հարցում։ Թեև Նա բազմաթիվ մարդկանց էր սովորեցնում, սակայն 3 տարվա ընթացքում Նա անհատապես 12 աշակերտ պատրաստեց։ Եվ Նա այնպես էր հոգևորապես նախապատրաստում նրանց, որ Իր աշակերտները հետագայում շատ ավելի շատ աշակերտներ բարձրացնեին։ 

Մենք կանչված ենք նոր աշակերտներ բարձրացնելու համար՝ այնպիսի աշակերտներ, որոնք էլ իրենց հերթին կբարձրացնեն այլ աշակերտներ։ Իսկ ինչպե՞ս է այս գործընթացն իրագործվում։ 

  • Օգնելով ինչ-որ մեկին հավատք ձեռք բերելու հարցում։
  • Ժամանակ տրամադրելով՝ ինչ-որ մեկի հավատքի ընթացիք մեջ նրա կողքին լինելու համար։ 
  • Խնդիրների մեջ հայտնված մարդկանց  օգնելով՝ առանց նրանց իրենց սխալների համար դատապարտելու։
  • Օրինակ դառնալով մյուսների համար։ 
  • Անկոտրում ու ջերմեռանդ կերպով աղոթելով մարդկանց համար։ 

Եվ հետո, երբ տվյալ մարդը քո միջոցով արդեն ընդունել է Աստծո սերը, նա ևս ունակ է դառնում փոխանցելու այն մեկ ուրիշին։ Հենց սա՛ է Աստծու հիասքանչ ծրագիրը յուրաքանչյուրիս համար Քրիստոսի Ավետարանի տարածման հրաշալի առաքելության իրականացման գործում։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Հա՛յր, ես այնքա՜ն շնորհակալ եմ, որ Քեզ եմ պատկանում և Քո զավակն եմ։ Շնորհակալություն, Տե՛ր, Քո տված շնորհքի համար, որի արդյունքում ես հոգևորապես ավելի ու ավելի եմ աճում։ Խնդրում եմ՝ օգնիր ինձ հանուն Քո փառքի, որ կարողանամ աշակերտներ բարձրացնել իմ շրջապատի մարդկանցից, որպեսզի Քո՛ Թագավորությունը գա և Քո՛ կամքը լինի երկրի վրա ճիշտ այնպես, ինչպես որ Երկնքում է։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, Հա՛յր, որպեսզի ավելի ու ավելի նմանվեմ Քո Որդի Հիսուս Քրիստոսին։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: