Սիրելի՛ բարեկամ, երբ երեխա էինք, ապագայի մասին մեր պատկերացումները բավականին զվարճալի էին: Օրինակ, մանուկ հասակում ես շատ էի սիրում լիմոնադ խմել և ասում էի. «Երբ մեծանամ, օդաչու եմ դառնալու, որպեսզի ուղղաթիռով լիմոնադ տեղափոխեմ»։ Արդեն դպրոցական տարիներին, տարրական դասարաններում երազանքներս կառուցվում էին հեքիաթների ու ֆիլմերի հերոսների նման օգնող ու ազատարար մարդ դառնալու շուրջ։ Ավելի բարձր դասարաններում երազում էի ֆիզիկոս կամ այլ ոլորտի գիտնական դառնալու մասին։ Ավելի հասուն տարիքում ավելի շատ երազում էի ոչ թե իմ ով դառնալու, այլ ինչպիսին լինելու մասին։ Այդ ժամանակ էր, որ երազանքս դարձավ այս կյանքի իմաստը հասկանալն ու ճշմարտությունը գտնելը։
Այն ժամանակվա իմ երազանքերն ու ներկայիս իրականությունը շատ տարբեր են: Փառք Աստծուն, որ Աստծո ողորմությամբ Իր միակ ճշմարիտ Խոսքի՝ Աստվածաշնչի շնորհիվ ես ոչ միայն գտա ճշմարտությունը, այլև ճանաչեցի Ճշմարտությունն Իր մեջ կրող միակ Անձին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Ով իմ կյանքը լցրեց իմաստով և լուսավորեց իմ կյանքի խավարը։
Մեր մանկական կամ պատանեկան տարիքի երազանքների և այսօրվա մեր ունեցած երազանքների տարբերությունը, մեզ մի կարևորագույն դաս է փոխանցում։ Իմ մանկական տարիքի երազանքները վատ երազանքներ չէին։ Դու էլ այսօր կարող ես լավ ու լուսավոր երազանքներ ունենալ։ Սակայն քրիստոնյայի համար ամենակարևոր բանը երկնային Հոր կամքի համեմատ երազանքներ ունենալն է։ Քրիստոսի աշակերտը կարող է բարի երազանքներ ունենալ, որոնք նրան միայն կհեռացնեն այն կանչվածությունից, որը Նրա համար պատրաստել է Տերը։
Քո այս երկրի վրա ծնվելուց շատ առաջ Արարիչ Աստված քեզ հետ կապված Իր երազանքներն է ունեցել: (տե՛ս Եփեսացիս 2․10 խոսքը)։
Նա քեզ հատուկ առաքելության համար է այս կյանքը պարգևել ու քեզ շնորհել է տաղանդներ և ունակություններ այդ առաքելությունն իրականացնելու համար։ Նա Իր երազանքները քո կյանքի առումով ներդրել է քո հոգևոր ԴՆԹ-ի մեջ։ Առաջարկում եմ առաջիկա յոթ օրերին միասին փորձենք բացահայտել քո կյանքի համար Աստծո ծրագրերը:
Աստված ասում է. «Կանչի՛ր Ինձ, և Ես քեզ կպատասխանեմ, և Ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել» (Երեմիա 33.3):
Աստված փափագում է ցույց տալ քեզ «հզոր ու մեծ գործեր», որոնք նա քեզ համար է պատրաստել: Սրանք գաղտնի բաներ են: Նա, անշուշտ, չի նայում քեզ երկնքից ու մտածում. «Տեսնես Իմ զավակը կկռահի՞, թե ինչի համար եմ իրեն ստեղծել․․․»։
Ո՛չ: Աստված ուզում է քայլել քո կողքին որպես բարի Հայր և բացահայտել քեզ քո կանչվածությունը՝ քո ծառայությունն ու քո պարգևները, քո դերն ու տեղը Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու մեջ: Նա փափագում է խոսել քեզ հետ, ցույց տալ, թե ինչ երազանք ունի քո առնչությամբ, և բացահայտել Իր սրտում եղած երազանքը քո կյանքում:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր, որպես առաջին քայլ, ուզում եմ քեզ հետ կիսվել մի սկզբունքով, որը կմոտեցնի քեզ քո կյանքի իրական իմաստի ու առաքելության մեջ քո կանչվածության բացահայտմանը։
«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ» (Ղուկաս 16:10-12):
Որքան էլ ասածս հոգևոր չթվա, բայց Աստված, քչի մեջ հավատարիմ ասելով, ի նկատի ունի ֆինանսները։ Քննի՛ր քո կյանքը ֆինանսական հավատարմության հարցում։ Որքանո՞վ ես պատրաստակամ օգնելու կարիքավորներին։ Խոսքը մուրացկաններին տրվող մի քանի մանրադրամների մասին չէ, այլ ասածս իրական կարիքի մեջ լինողների հետ քո հացն ու հանդերձը կիսելու մասին է։ Որքանո՞վ ես պատրաստակամ քո ֆինանսներով աջակցելու Աստծո գործին, եկեղեցիներին ու հոգևոր ծառայություններին։
Ֆինանսական հավատարմության ոլորտում Տեր Աստծո վստահությանն արժանանալը առաջին քայլն է քո իրական կոչումը բացահայտելու հարցում։ Եվ սա ես չեմ սովորեցնում, այլ Տեր Հիսուսը․․․
Այսօր և առաջիկա յոթ օրերին աղոթելու եմ քեզ համար, որ Տերը բացահայտի քո կյանքի համար Իր երազանքը: Հույս ունեմ, որ կմիանաս իմ աղոթքներին առ Աստված ուղղված քո խնդրվածքներով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը