Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Այո՛, հավատքը պետք է ողջամիտ լինի։ Եվ դրա կարևորությունն Աստվածաշունչը շեշտադրում է հատկապես վերջին օրերի համատեքստում։ Որքան մենք մոտենում ենք Քրիստոսի վերադարձի փառավոր իրողությանը, այնքան հրատապ է դառնում Քրիստոսի Եկեղեցու՝ իրական ու ճշմարիտ քրիստոնյաների ողջամիտ ու խոհեմ հավատք ունենալու կարևորությունը։
Սիրելի՛ *|FNAME|*, Աստվածաշունչը նկարագրում է, որ վերջին ժամանակներում աշխարհը բաժանվելու է երկու ուժերի բևեռների, որոնք ո՛չ միայն ատելու են իրար, այլև երկուսն էլ ատելու են իրական ու ճշմարիտ քրիստոնյաներին։ Եթե ծանոթ ես Հայտնության գրքում վերջին օրերի մասին Աստվածաշնչի նկարագրությանը, ապա հաստատ ծանոթ կլինես այդ երկու աշխարհակարգերին։
«Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան, քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ Իր կամքը կատարեն, միակարծիք լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն» (Հայտնություն 17․16-17):
Դրանցից մեկը հակաքրիստոսի կամ նեռի ղեկավարած բևեռն է, իսկ մյուսը կոչվում է անառակ Բաբելոն։ Հակաքրիստոսի կառավարումը առանձնանալու է իր ընդգծված կրոնական բնույթով, քանի որ նրան օգնելու է սուտ մարգարեն, որը փորձելու է հրաշքների միջոցով մարդկանց համոզել և նրան չընդունողներին հալածանքներով վախեցնել, որպեսզի մարդիկ երկրպագեն գազանին։ Այդ ժամանակներում տիրող մոլորության, վախի ու սարսափի մթնոլորտի մասին և այն մասին, թե ինչպես է հավատացյալների ողջամտությունը հեռացնելու ցանկացած վախ ու ապահովագրելու ցանկացած մոլորությունից, կխոսենք մեր հաջորդ ուղերձի մեջ։
Իսկ այսօր խոսելու ենք վերջին ժամանակների ուժի մյուս կենտրոնի՝ անառակ Բաբելոնի մասին։ Աստվածաշունչն ուժի այս բևեռը ներկայացնում է որպես անբարոյության քարոզչության կենտրոն։ Այն շատ հարուստ է լինելու։ Գրեթե բոլոր ազգերը առևտուր են անելու նրա հետ, իսկ նա, օգտվելով առիթից, արբեցնելու է ազգերին ու ժողովուրդներին հարստության ձգտելու ապրելակերպի և անբարո կենսակերպի իր քարոզչությամբ։
«Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք Նրան, որովհետև Նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին»։ Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին» (Հայտնություն 14.6-8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, աստվածավախությունը ողջամիտ հավատք ու խոհեմություն է բերում մարդու կյանք, իսկ աշխարհասիրությունը արբեցնում է մարդուն և մարում նրա սթափությունը։ Վերջին օրերի աշխարհակարգը թմրեցնող ուժգին ազդեցություն է ունենալու մարդկանց մտքերի վրա։ Եվ մենք ևս մեկ անգամ պետք է ականջալուր լինենք Աստվածաշնչի զգուշացմանը․
«Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար» (Ա Պետրոս 4․7):
Քրիստոսի սերը սթափեցնում է մարդուն և նրան մղում սրբության կյանքի։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա կպահենք Նրա պատվիրանները և կապրենք մեղքի հանդեպ ատելության խորը զգացումով։ Իսկ անառակ Բաբելոնի հանդեպ սերը, որն այս աշխարհի պիղծ հաճույքների մարմնավորումն է, արբեցնում է մարդուն և հեռացնում նրան Աստծուց։ Բաբելոնի գինուց արբածները ներքին անհամաձայնություն ունեն Տեր Աստծու պատվիրանների հետ և իրենց կյանքը չեն պատկերացնում աշխարհիկ մեղավոր հաճույքներից ազատագրված ընթացքի մեջ․․․
Այսօր իմ աղոթքն է, որ մենք սթափվենք, լինենք խոհեմ ու ողջամիտ և ընտրե՛նք Քրիստոսի սթափեցնող սերը, այլ ոչ թե անառակ Բաբելոնի արբեցնող գինին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը