March 25

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք Տեր Հիսուսը պարադո՞քս է

Արդյոք Տեր Հիսուսը պարադո՞քս է

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, թե ինչ է պարադոքսը։ Այն սահմանվում է որպես տրամաբանությանը հակադրվող դրսևորում։ Այսօրվանից սկսած առաջիկա այս յոթ օրերի ընթացքում քեզ հետ կիսվելու եմ Տեր Հիսուսի հետ կապված յոթ պարադոքսների մասին։ Դրանք յոթ ճշմարտություններ են, որոնք հակադրվում են մեր մարդկային տրամաբանությանը, ըմբռնումին ու մտածելակերպին։ Եվ այսպես, մենք սկսում ենք մեր… տրամաբանության մեջ չտեղավորվող շարքը ։-) 

Երբևէ խորհե՞լ ես այն մասին, թե որքա՜ն զարմանահրաշ իրադարձություն էր Տեր Հիսուսի աշխարհ գալը։ Նրա ծնունդը կանխասվել էր դեռևս 7 դար առաջ Եսայի մարգարեի շուրթերով։ Եսայիա7.14 խոսքում կարդում ենք. «Դրա համար Տերն Ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի»։ 

Կույսը կհղիանա։ Ինչպիսի՜ աներևակայելի պնդում։ Լինելով կույս՝ Մարիամը ֆիզիկապես չէր կարող երեխա ունենալ։ Եվ, այդուհանդերձ, Աստծո գերբնական միջամտության արդյունքում Մարիամն իր սրտի տակ նոր կյանք էր կրում։ Սուրբ Հոգու միջամտությունը անհնարինն ու աներևակայելին հնարավոր դարձրեց Մարիամի կյանքում։ Եվ այս զարմանահրաշ միջամտության արդյունքում Աստված հայտնվեց մարմնավորապես։ Մարդացած Տեր Հիսուսը հետագայում պետք է միլիոնավոր մարդկանց կյանքեր փոխեր և շարունակում է փոխել ու փոխակերպել նրանց նաև այսօր։ 

Ինչո՞ւ եմ խոսում այս մասին։ Շատերը փորձում են Աստծո գործերը տրամաբանորեն ընկալել ու հասկանալ։ Սակայն երբեմն Տերը մեր տրամաբանությանը հակառակ գերբնական կերպով է գործում մեր կյանքերում։ Օրինակ Տեր Հիսուսի աշխարհ գալու կամ մարմնանալու պարագայում Աստված մի այնպիսի կերպ ընտրեց, որը առանց գերբնական հրաշքի անհնարին էր իրականացնել։ Մարիամը երեխա լույս աշխարհ բերեց՝ հակառակ բոլոր բժշկագիտական ու մարդկային տրամաբանությանը։ 

Աստված, երբեմն, նույն ձեռագիրն է կիրառում նաև մեր կյանքերում։ Գուցե քեզ տեսնելով մարդիկ ասում են, որ հայտնվել ես անհույս մի իրավիճակում, որ դու երբե՛ք էլ չես կարողանա որևէ արժեքավոր բան անել, կամ քեզանից ոչինչ դուրս չի գա… Գուցե նաև սրանք այն բացասական պատկերացումներն են, որոնք դու ինքդ ունես քո մասին…

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո կյանքը քեզ անապատի նման չոր ու անպտո՞ւղ է թվում։ Ուրախացի՛ր ու ցնծա՛։ Այո՛, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև, եթե դա հենց այդպես է, ապա դու Աստծո հրաշքի համար ամենահարմար ու կատարյալ թեկնածուն ես։ 

Երբ թվում է, թե կյանքումդ այլևս ոչինչ չի կարող փոխվել և հայացքդ ուղղում ես դեպի Աստված, ապա ճանապարհ է բացվում քո կյանքում Նրա միջամտության ու գերբնական հրաշքների համար։ Քաջալերում եմ քեզ ավելի ու ավելի ճանաչել Տեր Հիսուսին և Նրա ուսուցանած ճշմարտությունները։ Նա այն Միակն է, Ում հրաշափառ մարմնացումը հիմք է հանդիսանում նաև քո կյանքում գերբնական միջամտության դրսևորումների համար։ 

Հորդորում եմ քեզ քո ամբողջ սրտով վստահել Նրան և աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Հա՛յր, երբեմն ինձ թվում է, որ այդպես էլ ոչնչի չեմ հասնի իմ կյանքում։ Բայց այսօր ես հավատքով ընդունում եմ, որ հենց այսպիսի իրավիճակում ես կարող եմ քո հրաշքների ականատեսը դառնալ իմ կյանքում, ինչպես եղավ Մարիամի կյանքում, ում Դու ընտրեցիր։ Այսօր ես հավատում եմ, որ Դու ամենադժվար իրավիճակներն անգամ կարող ես դեպի բարին շրջել։ Իմ բարի և ողորմած Հա՛յր, խնդրում եմ, որ խոսես ինձ հետ և բացահայտես իմ կյանքում այն ամենը, որն ինձնից է կախված Քեզ հետ մտերմանալու և իմ կյանքում Քո հրաշքների համար ճանապարհ բացելու համար։ Ես ուզում եմ, որ Դու փառավորվես իմ կյանքում և իմ միջոցով Քո անունը մեծարվի իմ շրջապատի մարդկանց մեջ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: