March 21

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք այդ մեղքը մի՞շտ է կարողանալու հեռացնել քեզ Աստծուց…

Արդյոք այդ մեղքը մի՞շտ է կարողանալու հեռացնել քեզ Աստծուց…

Սիրելի՛ բարեկամ, հույս ունեմ, որ քեզ համար օրհնություն է մարդու սրտին վերաբերվող ուսուցումների մեր այս շարքը։ 

Երբևէ ապրե՞լ ես անհանգստության ու անհարմարության այն զգացումը, որը քեզ հետ է պահում Աստծո հետ քո կյանքում առկա մեղքի պատճառով խաթարված հարաբերությունները վերականգնելուց։ 

«Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողներից շատերն են նման իրավիճակում հայտնվել։ Ներկայացնեմ բազմաթիվ դեպքերից մեկը.

«Ես չեմ կարողանում զսպել բարկությունս։ Լինելով քրիստոնյա հավատացյալ՝ իմ շուրթերից վատ խոսքեր են դուրս գալիս երեխաներիս հասցեին։ Դրանից հետո ես շատ վատ եմ զգում ու շատ ավելի ընկճվում, քանի որ չեմ կարողանում փոխվել ու հաղթահարել իմ այս տկարությունն ու դրա արդյունքում դրսևորվող մեղքը։ Իմ բարկությունը իմ քրիստոնեական կյանքի մենամեծ դժվարություններից մեկն է։ Ես բռնկվում եմ ու հետո ինձ մեղավոր եմ զգում։ Իմ մտքում շարունակ բացասական բաներ են պտտվում։ Ու այդ ամենից հետո ես ասես ինձ անարժան զգամ Աստծուն մոտենալու կամ անգամ եկեղեցի գնալու հարցում։ Երբեմն էլ մտքեր եմ ստանում, որ ընդհանրապես արժանի չեմ հավատքի կյանքով ապրելու համար, և ավելի լավ է թողնեմ այն ու ապրեմ մեղավորի կյանքով։ Իհարկե, հասկանում եմ, որ դա չարի ուղարկած մտքերն են, բայց ես ելք չեմ գտնում ու շատ հուսահատ եմ»։ 

Մեղանչել բառը Աստվածաշնչի բնագրում կրում է վրիպել թիրախից իմաստը։ Երբ մեղք ենք գործում, անում ենք այն, ինչը հակառակ է Աստծո կամքին։ Եվ երբ անում ենք այն, ինչը տհաճ է Աստծուն ու տրտմեցնում է Նրան, հենց այդ պատճառով էլ սկսում ենք մեզ բաժանված զգալ Աստծուց։ Մեզ մի զգացում է համակում, որ Աստծո սրտի ու մեր սրտի միջև պատնեշ է կանգնել ու մի մեծ հեռավորություն է բաժանում մեզ։ Աստծուց հեռանալը, հարաբերության խաթարումը մի զգացում է, երբ ասես ինչ-որ կարևոր բան փշրված լինի, ասես կորցրած լինես թանկարժեք մի բան։ Այդ ամենը մեր կյանք այցելած մեղքի հետևանքներն են։ 

Այս պարագայում մեզ համար թակարդը Աստծուց առանձնացված կարգավիճակում «մնալն» է, քանի որ Աստված ամեն բան արել է և հոգացել, որ մենք կարողանանք հաղթահարել բաժանման այդ զգացումը, կործանենք մեր և Աստծո միջև առկա բաժանարար պատը ու վերադառնանք դեպի մեր երկնային Հայրը՝ անկախ մեր կյանք այցելած իրավիճակներից ու պարագաներից։ 

Ա Պետրոս 1.1819 հատվածում կարդում ենք. «…իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք,այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան»։ 

Նա, Ով կատարյալ էր ու առանց մեղքի, մեր մեղքերն ու անօրենությունները Իր վրա կրեց և Իր ուսերին բարձրացրեց մեր բոլոր չարչարանքների բեռը։ Հայր Աստված սա թույլ տվեց, քանի որ սիրում ու արժևորում է քեզ։ Մարդկային ոչ մի չափանիշ չի կարող սահմանել քո կյանքի արժեքը։ Միայն Աստված, Ով արարել է քեզ կարող է սահմանել քո իրական «արժեքը»։ Եվ քո կյանքը գնահատող միակ «արժեքը» Տեր Հիսուսի Քրիստոսի արյունն է՝ Նրա կյանքի գինը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու այնքա՜ն թանկ ես Աստծո համար․․․ Նա այնքա՜ն շատ է մեզ սիրում, որ Իր Որդուն է զոհել հանուն իմ ու քո փրկության։ Իսկ Տեր Հիսուսը քեզ այնքա՜ն շատ է սիրում, որ Իր կամքով գնաց խաչի դաժան չարչարանքներին ու մահվանը, որպեսզի փրկի մեզ, եթե հավատանք ու չկորցնենք մեր հավատքը Նրա հանդեպ։ 

Իմ աղոթքն է, որ երբ կարդաս այս ուղերձը կամ լսես այն, քո հոգին ազատվի վախից, տագնապից ու ցանկացած մեղավորության զգացումից։ Տեր Հիսուսն Իր վրա է վերցրել քո մեղքերի պատիժը։ Մեր բոլոր մեղքերի պատիժը Նա Իր վրա վերցրեց և դրանց համար վճարելով՝ մեր փրկության ավարտուն փրկագինը ապահովեց։ 

Մեզ մնում է հավատալ Նրան և մեղքի դեմ մեր պատերազմի մեջ երբե՛ք չթուլանալ։ Եթե անգամ երկար պայքարը ծանր է ու երկարատև, երբե՛ք ու երբե՛ք տեղ չտաս չարի մտքերին, թե ավելի լավ է հանձնվես ու դադարես Տիրոջը հաճեցնելու քո հավատքի ընթացքը։ Շարունակի՛ր պայքարել։ Կիսվի՛ր քո հոգևոր առաջնորդի հետ։ Խոստովանի՛ր մեղքերդ և խորհուրդներ ընդունիր մեղքի դեմ պատերազմում հաղթել սովորելու համար։ Սովորի՛ր կիրառել աղոթքի ու ծոմապահության զենքերը։ Ուշադրություն դարձրու քո հոգևոր աճին ու կարգապահությանը, և քո ջանքերը Տիրոջ շնորհի հետ միախառնվելով, անպայման տալու են իրենց հաղթական պտուղները։ 

Առաջարկում եմ միասին մեր շնորհակալությունը հայտնենք Տեր Հիսուսին Իր մեծ շնորհքի համար և այն հաղթանակների համար, որ Նա պատրաստել է քեզ համար․ «Տե՛ր, շնորհակալ եմ Գողգոթայի խաչի վրա թափած քո արյան յուրաքանչյուր կաթիլի համար։ Այն գնի համար, որ վճարեցիր իմ մեղքերի դիմաց, որպեսզի մեղքերիս ծանրությունն այլևս իմ ուսերին չլինի։ Դու Քո ուսերի վրա ես կրել իմ մեղավորության բեռը։ Շնորհակալ եմ այն խաղաղության ու ազատագրության համար, որ Քո մեջ իրական են դարձել ինձ համար։ Իմ ողջ սրտով գոհանում եմ Քեզնից Քո արած բոլոր բարիքների և այն շնորհի համար, որը ինձ զորացնում է իմ կյանքում առկա մեղքը հաղթահարելու համար։ Խնդրում եմ՝ ներիր ինձ, երբ սայթաքում եմ և երբ դրսևորվում են իմ մարդկային տկարությունները։ Ես երբե՛ք ու ոչ մի պարագայում չեմ հեռանալու Քեզնից, որովհետև միայն Դու ես կյանքի իրական աղբյուրը։ Առանց Քեզ կյանք չկա։ Ես նվիրվում եմ Քեզ անմնացորդ ու, եթե ինչ-որ չափով հեռացել եմ Քեզնից, ապա որոշում եմ վերադառնալ դեպի Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: