March 20

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ամոթը ճնշո՞ւմ է քեզ

Արդյոք ամոթը ճնշո՞ւմ է քեզ

 

Սիրելի՛ բարեկամ, ամոթը կարևոր զգացում է, սակայն, այն կարող է նաև ճնշել մարդուն և, ցավոք սրտի, շատերի ինքնամփոփ ու մերժված լինելու պատճառ է դառնում։ Ամոթը նաև մարդկանց մի ստվար խմբի հետ է պահում Աստծո առաջ ուղիղ կյանք ապրելուց, ինչպես նաև կյանքի որոշ նուրբ ոլորտներում առկա մեղքը խոստովանելուց ու լույսի մեջ բերելուց։ 

Այո՛, ամոթը շատ զորեղ զգացում է։ Այն մեզ կարող է հեռացնել մեր սիրելիներից, ինչպես նաև կարող է ստիպել, որ Ադամի ու Եվայի նմանությամբ թաքնվենք Աստծուց։ Հաճախ ամոթը ուղեկցվում է նաև մեղավորության զգացումով ու վախով։ Հենց մեղավորության զգացումն ու պատժի վախը ստիպեցին Ադամին ու Եվային թաքնվել Աստծուց այն բանից հետո, երբ նրանք մեղանչեցին։ 

Մենք շատ տարբեր պատճառներով կարող ենք ամոթի զգացում ունենալ. 

  • Պիղծ կայքերի, ալկոհոլի, թմրանյութի ու խաղամոլության կախվածության պատճառով։
  • Մեր կողակցին մտքով կամ ֆիզիկապես դավաճանելու պատճառով։
  • Մեր սոցիալական ցածր դիրքի պատճառով։
  • Անցյալում ապրած մեղքի ու պղծության կյանքի պատճառով։ 
  • Ուսման ցածր մակարդակի պատճառով։
  • Ձախողված ու անհաջողակ լինելու պատճառով։
  • Եվ այլն։

 

Իրապես, մեր կյանքում յուրաքանչյուրս ամաչելու շատ առիթներ կարող ենք ունենալ։ Եվ սա մի զգացում է, որ բոլորս ենք այս կամ այն կերպ ապրել կամ ապրում։ Եթե այս պահին դու հենց նման ապրումներ ունես և տանջվում ես ամոթի զգացողության պատճառով, ապա կուզեի հորդորել քեզ, որ ոչ մի դեպքում չհանձնվես ու չհեռանաս Աստծուց։ 

 

Ընդհակառակը, հենց հիմա խոնարհվիր ու ավելի մոտեցիր Աստծուն։ Թույլ տուր Նրան հասնելու քո հոգու խորքերը՝ քո սրտին ու քո մտքին։ Մի՛ թաքնվիր Աստծուց։ Նա սիրում է քեզ։ Այլևս մի՛ թաքնվիր այն Մեկից, Ով միակն է, որ կարող է քեզ օգնել քո կյանքի ամոթը հաղթահարելու հարցում։ 

 

Աստված գիտի ամենը, ինչ պատահել է քեզ հետ։ Գուցե ամաչում ես քո մանկության տարիների համար, գուցե պատանեկության կամ երիտասարդության տարիներիդ սխալների համար։ Գուցե հասուն տարիքում ես մեղքի ծուղակն ընկել ու ամաչում ես գալ Աստծո առաջ քո անցյալով։ Ինչ էլ որ պատահած լինի քեզ հետ…, Աստված սիրում է քեզ և ընդունում հենց այնպիսին, ինչպիսին որ կաս։ Նա գիտի քո անցյալը, գիտի քո սիրտը և գիտի այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ես ներկայում։ Եվ, այս ամենով հանդերձ, Նա քեզ երբե՛ք չի մերժում։

Հռոմեացիս 8.3839 հատվածում կարդում ենք. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ոչինչ չի կարող բաժանել քեզ Աստծո սիրուց։ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՈՉԻՆՉ։ Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ոչ մի հանգամանք ու անցյալի կամ ներկայի սխալ չի կարող բաժանել քեզ Նրանից, Ով սիրում է քեզ անսահման ու կատարյալ սիրով։ Իրականում, միակ անձը, ով կարող է հեռացնել քեզ Աստծուց, դա հենց դու ես։ Եվ մարդը կարող է ինքն իրեն հեռացնել Աստծուց, երբ մերժում է մեղքի համար ապաշխարելն ու միտումնավոր կերպով ընտրում մեղքի կյանքով ապրելու ուղին։ Միայն դու կարող ես կտրել քեզ Աստծո սիրուց, և դա անում ես՝ մերժելով Նրա սերը։ 

 

Ամոթը հաճախ մարդուն հետ է պահում ապաշխարելուց ու մեղքի հարցը լուծելուց։ Այն մեկ քայլ մեզ հետ է պահում Աստծուց։ Սակայն մեկ քայլ նահանջելու փոխարեն դու կարող ես երկու քայլով մոտենալ Աստծուն։ Գցի՛ր քեզ Տեր Աստծո հայրական ջերմ ու ներող գրկի մեջ։ Եթե կուզես, լաց եղիր Նրա գրկում, խոստովանի՛ր մեղքերդ, մաքրվի՛ր դրանցից ու առաջ ընթացի՛ր Նրա հետ հավատքի հաղթական կյանքի ճանապարհներում։ 

Աստված ներողամիտ է։ Նա շնորհք ու ողորմություն անող Աստված է։ Մի՛ թաքնվիր Նրանից, այլ փոխարենը մոտեցիր Նրան։ Ծնկի ե՛կ, թող քո սիրտը լցվի ապաշխարության փափագով։ Նա սպասում է քեզ և պատրաստ է մաքրելու քեզ ամոթի բոլոր զգացումներից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: