
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստծու արդարությունը մեր ապահովությունն է» անվանումը։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք Աստծու արդարության մի առանձնահատուկ կողմի։ Երբևէ լսե՞լ եք, որ մարդիկ ասեն հետևյալը․ «Եթե Աստված սիրում է մեզ, ապա ինչո՞ւ է պատժելու, եթե չապաշխարենք։ Ինչո՞ւ է պահանջում, որ Իր ուզած կերպով ապրենք, իսկ հակառակ դեպքում ուղարկելու է հավիտենական տանջանքի վայրը․․․»։
Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու արդարությունը պահանջում է մեղքի հանդեպ արդար դատաստան։ Ինչպես արդեն տեսել ենք այս շարքի նախորդ ուղերձների մեջ, արդարությունը միշտ հիմնված է ճշմարտության վրա։ Աստծու արդարությունը հիմնված է Իր Խոսքի բացարձակ ու անխախտ ճշմարտությունների վրա։
«Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը» (Թվոց 14․18):
Աստված արդար է։ Տեր Աստծու արդարությունը պահանջում է պատիժ Իր Խոսքին անհնազանդ լինելու դեպքում, և պարգևատրում՝ հնազանդության պարագայում։ Ինչպես չի կարող լինել արդարություն առանց ճշմարտության, այնպես էլ արդարությունը չի գործում առանց պարգևատրման ու պատժի կիրառության։ Աստծու արդարադատության կիրառության ուղղությունը որոշում է Նրա հայտնած ճշմարտության հանդեպ մեր ունեցած վերաբերմունքը։
«Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ» (Հռոմեացիս 1․18):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է Աստվածաշունչը բնութագրում այն մարդկանց, որոնք ոչ թե չգիտեն Տեր Աստծու և Նրա կամքի մասին ճշմարտությունը, այլ, իմանալով այդ ամենը, նախընտրում են ապրել մեղքի ու անիրավության կյանքով։ Աստված Իր Խոսքի մեջ մարդկանց տարանջատում է որպես Իր զավակների և սատանայի զավակների։
«Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում» (Ա Հովհաննես 3․10):
Արդարության հիմքը ճշմարտությունն է։ Աստված գիտի, որ մենք չենք կարող ապրել անսխալական կյանքով։ Անհնարին է, որ մարդը երբե՛ք չսայթաքի ու սխալներ չգործի։ Սակայն այս հարցում նույնպես Տերն ակնկալում է, որ մենք մեր մեղքերին ու հանցանքներին արձագանքենք ըստ Իր Խոսքի ճշմարտության։
«Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․8-9):
Աստված Իր զավակներն է համարում բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Իր Խոսքի փոխանցած ճշմարտություններին և ձգտում են ապրել ըստ այն սկզբունքների, որոնք Աստվածաշունչն է բացահայտում՝ որպես Աստծու կամքը մեր կյանքի այս կամ այն իրավիճակներում։ Այս մարդիկ չեն դադարում Աստծու զավակներ լինելուց անգամ այն ժամանակ, երբ թերանում են Տիրոջ կամքին հնազանդության մեջ, սակայն ամեն ջանք անում են շտկվելու, ամրանալու և խոստովանության ու ապաշխարության ընթացքով անցնելու համար։
Տեր Աստծու արդարությունը պահանջում է մեղքի հանդեպ արդար դատաստան։ Սակայն զորավոր մի ներում կա այդ արդարության մեջ, որը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, որոնք կհավատան Աստվածաշնչի ճշմարտություններին և անիրավությամբ չեն ճնշի ճշմարտությունը։ Իսկ դու քո կյանքում ունե՞ս ներված լինելու ազատությունը։ Իսկ դու վայելո՞ւմ ես Աստծու զավակը լինելու քաղցրությունն ու ապահովությունը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը