March-19

Գլխավոր | Հրաշքներ | Արդարության հաջորդ քայլը

Արդարության հաջորդ քայլը

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք Տեր Աստծու փրկարար շնորհի մեծության և կարևորության մասին։ Խոսեցինք նաև այդ  անպատմելի շնորհն ընդունելու նախապայմանի՝ հավատքի առկայության մասին։ Ինչպիսի՜ երանություն է Աստծուց հավիտենական կյանքի պարգևն ընդունելը։ 

Սիրելի՛ բարեկամ, Աստծու փրկարար շնորհն ընդունածները փոխակերպվում են և սկսում նմանվել իրենց փրկող Տիրոջը, քանի որ նրանց սիրտը լցվում է երախտագիտությամբ, և նրանք էլ իրենց հերթին շնորհի ու ողորմության վերաբերմունք են դրսևորում մյուսների հանդեպ։ 

«Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6․14-15):

Մեր ներող ու ողորմած լինելը դրսևորվում է կոնֆլիկտային իրավիճակներում և ճգնաժամային պայմաններում։ Շատերը վեճերի ժամանակ ձգտում են ապացուցել իրենց արդար լինելը և դիմացինի մեղավորությունը։ Աստծուց շնորհ ընդունածները պետք է բացարձակապես այլ մոտեցում դրսևորեն։

Ճիշտ ու սխալ լինելու քննարկումները նպատակ ունեն բացահայտել արդար կողմին։ Սակայն Տեր Աստված Իր շնորհն ընդունածներից բացարձակապես այլ մոտեցում է ակնկալում։ Նա սպասում է, որ մենք էլ շնորհի մոտեցում ցույց տանք մեր հանդեպ անարդար վարվողներին։ Չէ՞ որ մենք հե՛նց այդպիսին էինք Տեր Աստծու հանդեպ, երբ Նա սիրեց ու փրկեց մեզ՝ չնայելով մեր հանցանքներին ու Իր Խոսքի հանդեպ անտարբերության ու ժխտողականության մեր վերաբերմունքին։

«Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, Իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կողոսացիս 2․13-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդարության հաջորդ քայլը շնորհն է։ Այն չի չեղարկում արդարությունը։ Այն չի փոխարինում արդարությանը։ Այն չի նվազեցնում արդարությունը և ոչ մի կերպ չի վնասում ու չի տանում դեպի անարդարություն։ Սակայն շնորհն ավելին է, քան արդարությունը։ 

Մատթեոսի Ավետարանի 18-րդ գլխում Տեր Հիսուսը պատասխանում է Պետրոս առաքյալի հարցին, թե քանի՞ անգամ է պետք ներել, եթե մեկը մեր դեմ հանցանք գործի։ Ի պատասխան՝ Տերը մի առակ է պատմում, որտեղ թագավորը հաշիվ է պահանջում իր ծառաներից և նրանցից մեկը հազար քանքար պարտք է ունենում։ Սա անասելի մեծ գումար էր այն ժամանակների համար։ 

Արդարությունը պահանջում էր, որ նման մարդն իր ողջ ընտանիքի հետ ստրկության վաճառվի, քանի որ չէր կարողանում վերադարձնել պարտքը։ Սակայն թագավորը շնորհում է նրան իր պարտքը և ազատ արձակում։ Տեր Հիսուսը այս պատմությունը սկսում է հետևյալ խոսքերով․ «Դրա համար Երկնքի Թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան» (Մատթեոս 18․23):

Հե՛նց այսպիսին է Երկնքի Թագավորության սկզբունքը։ Ներել աններելին, ողորմել ողորմության անարժանին և փրկել փրկության արժանիք չունեցողներին։ Այս ներված ծառան գնաց ու սկսեց արդարություն պահանջել իրեն չնչին պարտք ունեցող իր ծառայակցից։ Արդյոք մեծագույն պարտքի ներումն ընդունելուց հետո մե՞նք էլ պիտի արդար դատաստան խնդրենք մեր հանդեպ հանցանք գործողների նկատմամբ․․․ Արդյոք Աստծուց ներման ու փրկության շնորհն ընդունողները չպիտի՞ սովորեն արդարության հաջորդ քայլը՝ մյուսների հանդեպ շնորհի վերաբերմունք դրսևորելու խոնարհությունը․․․

Մեծագույն բարիք է սպասվում բոլոր ողորմածներին և ներող սիրտ ունեցողներին։ Նմանվե՛նք մեր Տիրոջը։ Մարդկանց հանդեպ լինե՛նք գթասիրտ և ողորմած․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: