
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստծու արդարությունը մեր ապահովությունն է» անվանումը։ Այս ուղերձի մեջ մենք խոսելու ենք անաչառության մասին։ Այո՛, Աստծու արդարությունը մեր ապահովությունն է։
Սիրելի՛ բարեկամ, մենք պետք է հստակ իմանանք, որ Աստծո համար չկան հատուկ մարդիկ, որոնց շատ է սիրում, իսկ մյուսներին՝ քիչ։ Նա չունի առանձնահատուկ ընտրվածներ, որոնց հանդեպ երկակի չափանիշներ է կիրառում, իսկ մյուսներին դիտում որպես հասարակ մահկանացուների, որոնց վրա չեն տարածվում առանձնահատուկ օծյալների համար նախատեսված օրհնություններն ու կանոնները։ Աստված անաչառ Աստված է։
«․․․որովհետև Աստծու մոտ աչառություն չկա» (Հռոմեացիս 2․11):
Ավելին՝ Աստծու Խոսքը աչառությունը ներկայացնում է որպես մեղք և մեզ զգուշացնում դրանից (տե՛ս Հակոբոս 2.9 խոսքը)։ Աստված անաչառ է։ Անաչառությունը արդարության ամրությունն է։ Տեր Աստծու արդարությունը մեր ապահովությունն է։ Ինչո՞ւ։
Անաչառ Աստված երկակի մոտեցում չունի տարբեր մարդկանց հանդեպ։ Երբ մենք ապրենք հավատքի ու նվիրման կյանքով, կարող ենք վստահ լինել, որ Տեր Աստծու արդարությունը անաչառ կերպով և Իր Խոսքի ճշմարտության հիման վրա մեզ մեծագույն պարգևատրում է շնորհելու։
Տիրոջ կողմից ներված, սիրված և Նրա ընտանիքին որդեգրված լինելու վստահությունը մեծագույն խաղաղություն և ուրախություն է բերում Քրիստոսի ցանկացած աշակերտի սրտում։ Եվ այս մեծագույն շնորհի հիմքը Տեր Աստծու արդարությունն է և Նրա անաչառությունը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ցանկացած արդարության ամրությունը անաչառությունն է։ Տեր Աստված անաչառ կերպով է վերաբերում ցանկացած մարդու։ Եվ այդ անաչառությունը մեծագույն օրհնություն է Տեր Հիսուս Քրիստոսին ծառայող մարդկանց համար։
Տեր Աստծու արդարությունը մեր ապահովությունն է։ Մեծ վարձատրություն կա այն մարդկանց համար, որոնք ամեն բան անում են հանուն Տեր Աստծու։ Անգամ իրենց կյանքի սովորական ու առօրեական գործերն անում են այնպես, ասես Տիրոջ համար անելիս լինեն։ Պողոս առաքյալը խոսում է այս մասին և ասում, որ նման սկզբունքներով ապրող մարդիկ իրենց կյանքով Քրիստոսին են ծառայում։
«Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։ Բայց անիրավը հատուցում կստանա իր արած անիրավության համար. ոչ մեկի համար աչառություն չկա» (Կողոսացիս 3․23-25):
Մեծագույն օրհնություն է Աստծու անաչառությունը գիտակցելը և Քրիստոսի հավատարիմ աշակերտի ու պտղաբեր ծառայողի կյանքով ապրելը։ Մեծ վարձատրություն կա նման մարդու համար, քանի որ Աստված արդար է ու անաչառ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը