July-6 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Արդարացում, որդեգրություն և սրբագործում

Արդարացում, որդեգրություն և սրբագործում

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Երեկվա ուղերձի մեջ մենք հասկացանք, թե ինչ է նշանակում ընդունել Տեր Հիսուսին և ինչպե՞ս կարող ես քո սրտի դուռը բացել Նրա առջև։ Մենք տեսանք, որ բանալին Նրա խոսքերի հանդեպ հավատքի և Նրա կամքին հնազանդության մեջ է։

Սիրելի՛ բարեկամ, ե՛կ այսօր միասին քննենք Աստվածաշունչը և հասկանանք մի կարևորագույն ճշմարտություն՝ Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ դարձնել Իր սքանչելի ընտանիքի մի մասնիկը։ Աստվածաշունչն այդ հրաշալի իրադարձությունը կոչում է որդեգրություն։ 

«Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, ինչպես որ մեզ Նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրո մեջ։ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք՝ ըստ Իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի Նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց Իր Սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք Իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն Իր շնորհի առատության» (Եփեսացիս 1․3-7):

Մեծագույն օրհնություն և արտոնություն, պատիվ և ողորմություն է Աստծու ընտանիքին որդեգրվելը։ Որդեգրության ճանապարհը բաց է յուրաքանչյուր մարդու համար։ Ավելին՝ Աստված Իր Որդու կյանքի ու տառապանքների գինն է վճարել մեր որդեգրումը հնարավոր դարձնելու համար։ Մեզ մնում է միայն հավատալ Նրան, ապաշխարել մեր հին մտածելակերպից ու մոտեցումներից և դարձի գալ, ինչը նշանակում է մեղքի ու անհնազանդության ճանապարհից շրջվել դեպի սրբության և Աստծու կամքին հնազանդության ուղին։ 

«Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4․28-32):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, բավականին հետաքրքրական է, որ Աստծուն հավատացող մարդու իրական ապաշխարության և դարձի գալու ապացույցը մյուս մարդկանց և մեղքի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ է դրսևորվում։ Աստծու ընտանիքին որդեգրված մարդիկ դառնում են ներող, գթասիրտ, անիրավությունից, չար ու պիղծ գործերից հեռացող։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում իրենց շուրթերից դուրս եկող խոսքերին և մարդկանց հանդեպ, անգամ՝ իրենց վատ վերաբերվող մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքին։ Իրական դարձը և ապաշխարությունն ունի իր պտուղները, որոնք երևացող են տվյալ մարդու շրջապատում։

Աստված ոչ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև ուզում է, որ դառնաս Իր ընտանիքի մի անդամը։ Նա մտերիմ ու սերտ հարաբերություն է փափագում ունենալ քեզ հետ՝ ամենօրյա հաղորդակցություն, հայրական ջերմություն և նաև խնամք, հոգատարություն և պաշտպանություն։ Իրապես, հրաշալի ու պատվաբեր մի բան է Աստծու ընտանիքին որդեգրված լինելը։ Նա արդարացնում է մարդուն Իր Որդու զոհի շնորհիվ, որդեգրում՝ Որդու փրկագնման շնորհիվ և սրբացնում՝ Որդու ուսուցումների և մաքրագործող արյան շնորհիվ։

«Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ Նրան չճանաչեց։ Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան, ինչպես որ է։ Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ Նա է մաքուր» (Ա Հովհաննես 3․1-3):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: