April 29

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քո կողմից է և քեզ հետ ?

Աստված քո կողմից է և քեզ հետ ?

Սիրելի՛ բարեկամ, իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները։ 

Հավատում եմ, որ մեր օրերում շատերն են անցնում նմանատիպ ընթացքով կամ ապագայում, այս կամ այն կերպ, առնչվելու են նման խնդիրների։ Այդ իսկ պատճառով առաջիկա յոթ օրերի ընթացքում որոշել եմ խոսել քեզ հետ հավատքն ամրացնելու արդյունավետ բանալիների մասին։ Ամեն օր մենք կանդրադառնանք այդ բանալիներից մեկին, և դրանով կփորձենք բացել քո կյանքի այն դռները, որոնք մինչ այսօր փակ են եղել քեզ համար։

Այսօր խոսելու ենք առաջին բանալու մասին, որի մասին լսելու ենք անձամբ Տեր Հիսուսի շուրթերից. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին» (‭‭Հովհաննես‬ ‭16.33‬
Տեր Հիսուսը նախապես զգուշացրեց աշակերտներին Իր ձերբակալման մասին։ Եվ Նա այնքան անկեղծացավ, որ անգամ հայտնեց, որ նրանք լքելու են Իրեն. «Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և Ինձ մենակ կթողնեք։ Բայց Ես մենակ չեմ, որովհետև Հայրն Ինձ հետ է» (‭‭Հովհաննես‬ ‭16.32‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես չգիտեմ, թե ինչի միջով ես դու անցնում, բայց եթե Երկնքի Արքայության հեռանկարը խամրել է քեզ համար, իսկ հավատքի կյանքում աստիճանաբար կորցնում ես վստահությունդ, ապա այսօր ուզում եմ Աստվածաշնչի հիմքի վրա քեզ քաջալերել ու վստահեցնել դա դեռ չի նշանակում, որ դու կորցրել ես քո իրական պատկանելությունը։

Ուզում եմ այսօր ինքդ քեզ մի հարց տաս․ արդյոք ուզո՞ւմ ես դուրս գալ գաղջության այդ վիճակից և վերականգնել այն կրակոտ փափագն առ Աստված ու Նրա կամքը կատարելը, որն ունեիր նախկինում։ Եթե անգամ դեռ ուժ չես գտնում քո մեջ, սակայն ուզում ես ունենալ առաջին սիրո ջերմագին ու կրակոտ հավատքը, ապա հաստատապես ու վստահաբար ասում եմ քեզ, որ դու Տեր Հիսուսին ես պատկանում ու քո կյանքն ամբողջովին Նրանն է։

Հիմա գանք քո խնդրին։ Փաստը մնում է փաստ, որ հավատքի տկարանալու ժամանակներում մարդն իրեն մենակ է զգում։ Նա ասես մի նավակ լինի, որը մոլորվել է մեծ ծովում… Եվ որքան էլ միայնության այս զգացումները հասկանալի լինեն ու իրական թվան, միևնույնն է, դրանք խաբուսիկ են։ Տեր Հիսուսը խաչի վրա կրել է քո մերժվածությունը, որպեսզի դու ԵՐԲԵ՛Ք միայնակ ու մերժված չլինես։ 

Երբ խորապես գիտակցես, որ Տեր Հիսուսը մշտապես քեզ հետ է անգամ այն ժամանակ, երբ դու դա չես զգում, և Նա քեզ համար ամեն բան հոգացել է, ապա ոչինչ քեզ չի կարող ստիպել, որ կորցնես վստահությունդ Նրա հանդեպ։ Ոչ ոք չի կարող ազդել քո հավատքի ընթացքի վրա, քանի որ Տեր Հիսուսը քեզ հետ է, և Նրա բարի կամքը պետք է կատարվի ու հաստատվի քո կյանքում։ 

Անշուշտ, Նա չի խոստանում, որ քո կյանքում ամեն բան վարդագույն կդառնա, բայց Նա խոստանում է տալ քեզ խաղաղություն, որպեսզի փորձությունների ժամանակ կարողանաս կառավարել իրավիճակները։ Հիշի՛ր Տեր Հիսուսի այս խոսքերը. «Քաջացի՛ր, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին», և հայացքդ ուղղի՛ր Նրան: 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քո տված խաղաղության և աշխարհի հանդեպ տարած հաղթանակիդ համար։ Ես հավատում եմ, որ ոչինչ չի՛ կարող կանգնեցնել ինձ, քանի որ ես Քո աշակերտն եմ և Քո հետևորդը։ Եվ ես մենակ չե՛մ։ Դու մի՛շտ ինձ հետ ես։ Ես հավատում եմ աստվածաշնչյան այս անխախտ ճշմարտությանը և կրկի՛ն զորանում եմ Քեզնով։ Քեզ հետ ես հաղթո՛ղ եմ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Այսպիսով, հավատքի ամրացման առաջին բանալին այն փաստի գիտակցումն է, որ Տերը մշտապես մեզ հետ է։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: