November-27

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ համար ելք է պատրաստել

Աստված քեզ համար ելք է պատրաստել

Սիրելի՛ բարեկամ, մենք հաճախ ենք կոնֆլիկտներ ունենում մեր շրջապատի մարդկանց հետ։ Եվ, սովորաբար, ավելի հաճախ՝ ամենահարազատ մարդկանց հետ, այլ ոչ թե՝ օտարների։ Դրանք կարող են լինել լուրջ կոնֆլիկտներ կամ ոչ այնքան։ Ամեն դեպքում, ցանկացած կոնֆլիկտ իր մեջ որոշակի ցավ և վիրավորանք է պարունակում։ Կոնֆլիկտի մեջ ներգրավված անձիք՝ վիրավորված անձը և նա, ով հասցրել է վիրավորանքը, երկուսն էլ հայտնվում են խաթարված հարաբերությունների բանտում։ 

Իմ հովվական ծառայության ընթացքում մատուցած խորհրդատվությունների փորձը և իմ անձնական կյանքի փորձառությունը ցույց է տալիս, որ ցանկացած կոնֆլիկտի մեջ գրեթե չի լինում այնպես, որ միայն մեկ կողմը վիրավորանք հասցրած լինի, իսկ մյուսը ոչ մի բան չհակադարձի։ Գուցե մեկը շատ է մեղավոր՝ պատճառ է եղել կոնֆլիկտի ծագման, այն բորբոքողն ու ամենաշատ վիրավորանք հասցնողն է, սակայն, հիմնականում, տուժող կողմը նույնպես իր ներդրումն է ունենում կոնֆլիկտի բորբոքման հարցում և իր հերթին վիրավորական վերաբերմունք դրսևորում իրեն վիրավորանքներ հասցրած կողմի հանդեպ։ Նման պարագաներում խաթարված հարաբերությունը  երկու կողմի համար իսկական բանտի է վարածվում։ Եվ բանտից դուրս գալու միակ բանալին սրտանց ներելն է և ներողություն խնդրելը։

Գուցե դու նման դեպքերում այսպիսի մտքեր ես ունենում. «Դա չի գործի իմ պարագայում։ Անհնարին է, որ ես կարողանամ ներել այդ մարդուն։ Նա այնքա՜ն խորն է ինձ վիրավորել»։ Կամ գուցե մտածում ես այսպես. «Նրանից ներողությո՞ւն խնդրեմ։ Չէ՞ որ նա՛ է սկսել կոնֆլիկտը։ Իմ արձագանքը ոչինչ էր նրա հասցրած վիրավորանքների հանդեպ։ Եվ եթե նույնիսկ իմ ասածների ու սխալների համար ներողություն խնդրեմ, ի՞նչ է փոխվելու դրա արդյունքում»։ 

Իրականում, դա շատ բան կարող է փոխել։ Երբ Տեր Հիսուսը սովորեցնում էր աղոթել, Նա մեզ փոխանցեց Հայր Աստծուն ուղղված այս տողերը. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» ‭‭(Մատթեոս‬ ‭6‬.‭12‬):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչ-որ մեկը խորը վե՞րք է հասցրել քեզ։ Աստված քեզ ուժ կտա ներելու համար։ Եթե դու նվիրվել ես Աստծո Խոսքը լսելուն և Նրա կամքը կատարելուն, եթե երկյուղ ունես Աստծուց, ուրեմն, որպես Աստծո զավակ, հարգելով քո Տիրոջ Խոսքը՝ չես կարող Տերունական Աղոթքից դուրս թողնել այս կարևորագույն խոսքերը։ 

Ինչպե՞ս է Աստված քեզ ներել։ Ինչպե՞ս է վերականգնել քո մեղքերի պատճառով Իր հետ խաթարված հարաբերությունը։ Արդյոք սպասե՞լ է քո փոխվելուն, որպեսզի ների քեզ, թե՞ ներել է և վերականգնել հարաբերությունը քեզ հետ, որպեսզի օգնի քեզ փոխվելու հարցում։ 

Առանց Տեր Աստծու ներման ո՛չ ես և ո՛չ էլ դու չէինք կարող մուտք գործել Նրա ներկայության մեջ, չէինք կարողանա աղոթք բարձրացնել և կամ փառաբանել Նրան։ Նրա ներման շնորհիվ է նաև, որ այսօր Քրիստոսի ճշմարիտ աշակերտները Տիրոջից ներելու զորություն և կարողություն են ստանում։ Ներելով՝ դու թե՛ քեզ և թե՛ քեզ վիրավորած մարդուն ազատ ես արձակում չներման բանտից։

Իսկ եթե վիրավորողը դու ես․․․, դու ես այն անձը, ով իրեն սխալ է պահել, ապա բավականին դժվար է լինելու սեփական մեղքը կամ սխալը խոստովանելը։ Տեր Հիսուսը խաչի Իր զոհով ամեն բան արել է քո ներման և փրկության համար։ Սակայն կան բաներ, որ Աստված չի կարող անել քո փոխարեն։ Դրանցից մեկը քո ապաշխարությունն է՝ ինքդ քեզ Տեր Աստծու և Նրա կամքի առջև խոնարհեցնելը։ Եվ այդ կամքի մեջ է մտնում նաև ներողություն խնդրելը բոլոր այն մարդկանցից, որոնց ցավ ես պատճառել։ Դու պետք է պարզապես ասես. «Ների՛ր ինձ, խնդրում եմ, որ ցավեցրել եմ քեզ…»։

Եվ եթե դիմացինը մերժի քո ներողությունը, ապա, միևնույնն է, դու ազատվում ես այդ բանտից։ Շարունակի՛ր վստահել Աստծուն և աղոթել այդ մարդու համար։ Երբ գա ժամանակը, Աստված կմիջամտի։ Եվ եթե նույնիսկ քո կյանքի ընթացքում տվյալ խնդիրը չլուծվի, վստահ եղի՛ր, որ թե՛ Աստծու առջև, և թե՛ տվյալ մարդու առջև դու ճիշտ պահվածք ես դրսևորել։ 

Ցանկացած պարագայում, ներումը դռներ է բացում դեպի վերականգնում թե՛ քո կյանքում և թե՛ քո փոխհարաբերությունների մեջ։ 

Քո օրհնությունը կախված է քո հնազանդությունից։ Եվ ամենազարմանալին այն է, որ Աստված Իրեն հնազանդվելու փափագ ունեցողներին շարունակաբար կարողություն, սեր և ուժ է փոխանցում։ Փափագի՛ր Տեր Աստծու կամքին հնազանդվելուն և Նրա շնորհն ու ողորմությունը քո կյանքի օրհնությունները կդառնան։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: