«Նա, ով քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց, որ անապատում քեզ կերակրեց քո հայրերին անծանոթ մանանայով, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և վերջում բարիք անի քեզ» (Բ Օրինաց 8.15-16)։
Սիրելի՛ բարեկամ, Հին Կտակարանում մենք կարող ենք ծանոթանալ Եգիպտոսում ստրկացած հրեաների պատմությանը: Աստված ուղարկում է նրանց ազատագրող Մովսեսին, որ փրկի նրանց ստրկության տառապանքներից և առաջնորդի դեպի Ավետյաց երկիր, թեև նրանց անհավատության պատճառով տասն օրից մի փոքր ավելի տևող այդ ճանապարհը հրեաներն անցան 40 տարվա անապատային դժվարությունների ընթացքով:
Անապատային դժվարությունների ու անհարմարությունների կյանքը այն չէր, ինչը փնտրում էր Աստծո ժողովուրդը… Եվ, այնուամենայնիվ, Եգիպտոսից դուրս գալու ժամանակ և անապատի տարիներին Իսրայելի ժողովուրդը բազմաթիվ հրաշքների ականատես եղավ:
- Ցերեկն՝ ամպի սյունը և գիշերը՝ կրակի (տե՛ս Ելից 13.21 խոսքը)։
- Կարմիր ծովի ցամաքելը (տե՛ս Սաղմոս 106.9 խոսքը)։
- Ամենօրյա մանանան (տե՛ս Սաղմոս 78․24 խոսքը)։
- Օձերի խայթոցից բժշկությունը (տե՛ս Թվոց 21․9 խոսքը)։
- Ջուրը, որ բխեց ժայռից (տե՛ս Ելից 17.6 խոսքը)։
- Եվ այլն․․․
Տեր Աստծո հրաշքներին մենք հաճախ ականատես ենք լինում մեր կյանքի ծանրագույն իրավիճակներում, երբ ասես ոչ մի ելք այլևս չի երևում և երբ բախվում ենք անհուսության պատնեշներին։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո կյանքի իրավիճակն այսօր նույնպես կարելի է անապատային կոչել կամ ավելին՝ անհույս թվացող ու ծայրահեղ դժվարին, ապա առաջարկում եմ քո ողջ հույսն Աստծո վրա դնել և պատրաստվել նոր հրաշքների ականատես լինելուն։
Այսօր նաև ուզում եմ մի փոքր բացատրել, թե ինչ է նշանակում հույսն Աստծո վրա դնելը։ Երբ մարդիկ կորցնում են իրենց բոլոր հույսերը, հաճախ են ասում, որ միակ հույս Աստված է մնացել․․․ Ուզում եմ ասել, որ սա չէ Աստծո վրա հույսը դնելը։ Տեր Աստծուն հուսացած մարդկանց առաջնային միտքն ու անհանգստությունը ոչ թե իրենց ունեցած հոգսն է և այդ հոգսի լուծումը, այլ Աստվածաշնչի Աստծո հետ ունեցած հարաբերությունը։ Աստծուն հուսացած մարդը փորձում է ապրել այնպիսի կյանքով, որ արժանանա Տեր Աստծո բարեհաճությանը և Նրանից շնորհ ընդունի որպես օգնություն իր կյանքի դժվարությունների հաղթահարման համար։
Ավելի պարզ ասած, եթե դու հույսդ Աստծու վրա ես դրել, ապա սկսում ես քննել քեզ ու քո կյանքի ընթացքը, որ հանկարծ չապրես Տիրոջ կամքին հակառակ և չգործես Նրա Խոսքի սկզբունքներին դեմ։ Աստծուն հուսացած մարդիկ ապաշխարում են իրենց մեղքերից և կյանքի սխալ ընթացքից։ Նման մարդիկ ամբողջ սրտով վստահում են Աստծո Խոսքի խոստումներին և ապրում հավատքի բերած խաղաղության մեջ։
Եվ եթե դու հենց այսպիսի վստահություն ունես Տեր Աստծո հանդեպ և հույսդ իրապես Նրա վրա ես դրել, ապա առաջարկում եմ միանալ ինձ այս աղոթքի մեջ. «Տե՛ր, ես հավատում եմ Քեզ և իմ հանդեպ ունեցած Քո անսահման մեծ սիրուն: Շնորհակալ եմ, որ իմ կյանքի այսօրվա անապատն, իրականում, հենց այն ժամանակաշրջանն է, որի մեջ Դու ցույց ես տալու ինձ Քո հրաշագործ զորությունը: Շնորհակալություն, որ անհնարինը իմ կյանքում հնարավոր ես դարձնում: Շնորհակալություն, որ մարդկային սահմանափակումները Քեզ համար զարմանահրաշ հնարավորություններ են, որպեսզի ի ցույց դնես Քո անսահման զորությունը: Շնորհակալ եմ, իմ սքանչելի՛ Տեր, և աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը