November-17

Գլխավոր | Հրաշքներ | Աստված փնտրում է քեզ…

Աստված փնտրում է քեզ…

Սիրելի՛ բարեկամ, այսօր այնքա՜ն շատ են այն քրիստոնյա հավատացյալները, որոնք ընկճված են և հավատքի կյանքում մի տեսակ սառած։ Իսկ Աստծո հետ հաղորդակցության ու աղոթքի կյանքի առումով նրանք ասես միապաղաղ ու ձանձրալի մի ընթացքի մեջ ընկած լինեն։ Այս մարդիկ հիշում են իրենց ոգևորված ժամանակները, երբ բռնկված էին Սուրբ Հոգու կրակով, երբ փափագում էին Աստծուն հաճելի կյանք ապրելուն և վայելում Տիրոջ ներկայության քաղցրությունը։ Սակայն հիմա այդ ամենը միայն հիշողություններ են․․․

Եթե քո պարագայում նույնպես Աստծո հետ քո ընթացքի և հաղորդակցության հարցում նորոգման և վերականգնման կարիք ես զգում, ինչպես նաև աղոթքի կյանքի մեջ նոր թարմության կարիք ունես, ապա առաջիկա յոթ օրերի ուղերձները հե՛նց քեզ համար են։ Ես ուզում եմ դրանցով քաջալերել քեզ, որպեսզի ընդունես կամ վերագտնես աղոթքի մեջ հարատևելու և Աստծո քաղցրությունը վայելելու բանալիները։

«Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ» (‭‭Բ Օրինաց‬ ‭30‬.4‬): 

Դու պետք է հստակ գիտակցես, որ որքան էլ հեռացած լինես Աստծուց, Նա չի մոռացել քեզ։ Նա չի դադարել քեզ սիրելուց և քեզ սպասելուց։ Իրականում, Աստված փնտրում է քեզ…

Մեր սրտի խորքում մենք ուզում ենք մարդկանց կողմից լինել սիրված ու ընդունելի։ Մարդկանց հետ այդ հարաբերությունների մեջ մենք ենթագիտակցորեն մի բան ենք փնտրում, որը միայն Աստված կարող է մեզ տալ․ և դա ապահովությունն է։ 

Իրականում, Աստված Ինքն է մեզ փնտրում։ Առանց Նրա մենք կորած գառներ ենք։ Այս չար ու վտանգներով լի աշխարհում ապահովությունը միայն Տեր Աստծո մոտ է՝ Նրա թևերի պաշտպանության ներքո։ Եվ ամենամեծ քաջալերանքը բխում է հավատքից առ այն, որ Նա ցանկացած գնով որոշել է փնտրել ու գտնել Իր կորած գառնուկին (տե՛ս ‭‭Մատթեոս‬ ‭18‬.12‬-‭13 հատվածը‬):

Նա ոչ միայն ուզում է փնտրել ու գտնել քեզ, այլև Իր զարմանահրաշ սիրո շնորհիվ քեզ վերադարձնում է Իր մոտ։ Եվ այս խոսքերը հավասարապես վերաբերում են թե՛ խավարի մեջ մեղքի կյանքով ապրող մարդկանց և թե՛ հավատքի կյանքում սառած ու Աստծուց հեռացած քրիստոնյաներին։ Արդյունքում, թեև դու Աստծուց հեռու էիր, սակայն կարող ես վերականգնվել ու վերադառնալ Նրա մոտ և հոգևոր արթնություն ապրել։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդիկ․․․, անգամ ամենահարազատ մարդիկ կարող են լքել ու դավաճանել քեզ։ Դու կարող ես այնպիսի՜ ցավ ապրել ու այնքա՜ն խորը վերքեր ստանալ, որ այդ ամենից հետո անգամ վախ ունենաս կրկին վստահելու ցանկացած այլ մարդու։ Սակայն իմացի՛ր, որ Տեր Հիսուսը երբե՛ք քեզ չի դավաճանի ու չի հիասթափեցնի։ Որտեղ էլ լինես, որքան էլ խորը փոսի մեջ հայտնված լինես, Նա փնտրում է քեզ, Նա կգտնի քեզ և կվերադարձնի Իր ներկայության քաղցրության մեջ։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Սիրելի՛ Հայր, իմ աղոթքի կյանքում ես թարմության կարիք ունեմ։ Ես ուզում եմ զգալ այն քաղցրությունը, որ ունեցել եմ նախկինում։ Ների՛ր, որ հեռացել եմ Քեզնից։ Դու միշտ փնտրում ես ինձ, սակայն միշտ չէ, որ ես արձագանքում եմ Քո կանչին։ Ների՛ր ինձ, խնդրում եմ։ Շնորհակալ եմ, որ Դու չես դադարում ինձ փնտրելուց։ Իմ փափագն է, որ մտերմանամ Քեզ հետ և ավելի լավ ճանաչեմ Քեզ։ Այսօր ես ուզում եմ ավելի մոտենալ Քեզ և վերափոխել իմ կյանքը։ Օգնի՛ր ինձ, իմ բարի Տե՛ր։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որ քո կյանքում Սուրբ Հոգու ներկայության շնորհիվ այս օրը դառնա Աստծո հետ նոր ու քաղցր հաղորդակցության և վերականգնված հարաբերության սկիզբ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: