Երեկ մենք խոսեցինք հավատացյալ մարդու համար ամենակարևոր երեք սկզբունքներից՝ խոստովանության, ապաշխարության և հոգևոր աճի սկզբունքների մասին։ Հույս ունեմ, որ քո կյանքում կկիրառես այս օրհնյալ սկզբունքները, կմտնես Բարձրյալի ծածկոցի ապահովության ներքո և կվայելես Տեր Աստծու խոստումների իրականացումը քո կյանքում։
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ միասին խորհենք ևս մեկ սկզբունքի մասին, որը շատ կարևոր է հավատացյալ մարդու համար։ Երբ մենք արդեն Տիրոջն ենք պատկանում, երբ հավատացել ու նվիրվել ենք Տեր Հիսուս Քրիստոսին և ապրում ենք Նրա աշակերտի կյանքով, պետք է մշտապես հիշենք, որ մեր հավատքի պատերազմը դեռ ավարտված չէ։
Յուրաքանչյուր հավատացյալ մարդ պետք է իմանա, որ ապաշխարությունը սկիզբն է հավատքի պատերազմի։ Եթե մինչ ապաշխարությունը մենք խավարի իշխանության գերիներն էինք և ազատագրվեցինք Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար գործի և ազատարար ուսուցումների հանդեպ մեր հավատքի շնորհիվ, ապա ապաշխարությունից հետո մեր հոգիների թշնամին՝ սատանան, ամեն բան անում է, որ մեզ հմայի, գայթակղի և դուրս հանի Բարձրյալ Աստծու ապահովության ծածկոցի տակից։
«Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում» (Ա Պետրոս 5․8-9):
Սատանային պետք չէ քո ունեցվածքը, քո երջանկությունը կամ քո առողջությունը։ Նրան պետք է քո հավատքը։ Պետրոս առաքյալը զգուշացնում է, որ մեր հոգիների թշնամին կկարողանա մեզ կուլ տալ, եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը և չդիմադրենք նրան՝ հավատքի մեջ հաստատուն մնալով։
Եթե դու այսօր Բարձրյալի ծածկոցի տակ ես, ապա դա տեղի է ունեցել հավատքի և ապաշխարության շնորհիվ։ Եվ սա գիտի նաև սատանան։ Ու գիտի նաև, որ հենց այն նո՛ւյն վայրկյանին, երբ թողնես հավատքդ, երբ մեղքը այցելի քո կյանք, և դու մերժես ապաշխարությամբ այն քո կյանքից հեռացնելը, անմիջապես հայտնվելու ես Աստծու պաշտպանության տիրույթից դուրս՝ այս տիեզերքի ամենավտանգավոր վայրում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ, որ Պողոս առաքյալի խոսքերն արձագանքեն քո սրտում, և դու էլ նրա պես կարևորես հավատքի պատերազմը և հավատքդ պահես մինչև վերջ․
«Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոս 4․7-8):
Հիշե՛նք Հեղի քահանայապետին Տեր Աստծու տված խոստումը։ Տերը նրան ասաց․ «Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն Իմ առաջ», բայց հիմա Տերն ասում է. «Քա՛վ լիցի, որովհետև Ես կփառավորեմ Ինձ փառավորողներին, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2․30):
Հեղին իր ապրած կյանքով այլևս չէր փառավորում Աստծուն, այլ արհամարհում էր Նրա Խոսքի սկզբունքները։ Հեղին չէր պահել իր հավատքը։ Եվ ինչպիսի խոստում էլ ստացած լիներ Աստծուց, նրա կյանքում ցավալիորեն գործում էր Տեր Աստծու բոլոր խոստումները չեղարկող գերագույն սկզբունքը՝ եթե քո ապրած կյանքը ոչ թե փառավորում է Աստծուն, այլ անարգանք բերում Նրա անվանը, ապա դու ինքդ քեզ դուրս ես դնում Բարձրյալ Աստծու ապահովության և հոգատարության ծածկոցի տակից։
Հուսամ, որ այս զգուշացումը կսթափեցնի քեզ, և դու է՛լ ավելի մեծ նվիրումով կփափագես Տեր Աստծու հանդեպ քո հավատքը պահելուն և Նրա առաջ սրբության կյանքով ապրելուն։ Աղոթում եմ, որ կարողանաս Պողոսի պես ասել, որ պատերազմել ես բարի պատերազմն ու պահել ես հավատքդ, այլ ոչ թե լսես Աստծու՝ Հեղիին ուղղված խոսքերը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը