January-8

Գլխավոր | Հրաշքներ | Աստված տեսնում է քեզ որպես Իր բարեկամը

Աստված տեսնում է քեզ որպես Իր բարեկամը

Սիրելի՛ բարեկամ, հաճախ մարդիկ սխալ պատկերացումներ են ունենում Աստծո հետ փոխհարաբերությունների վերաբերյալ: Շատերի ընկալմամբ Աստված միայն ծառաներ է փնտրում, որոնք պետք է ծառայեն Իրեն և Իր գործը ներկայացնեն Երկրի վրա։ Բայց քչերը գիտեն, որ Աստված նաև ցանկանում է կառուցել իրական հարաբերություն Իր զավակներից յուրաքանչյուրի հետ:

Անգամ Աստծուն ծառայող մարդիկ են հաճախ ընկնում զբաղվածության ծուղակի մեջ։ Երբեմն Աստծո հանդեպ սերն ու նախանձախնդրությունն այնքան մեծ է լինում, որ շատ ծառայողներ աջ ու ձախ են նետվում՝ իրենց նվիրելով տարբեր ծառայությունների, և այն աստիճան են զբաղված լինում օրվա ընթացքում, որ մոռանում են կամ սպառվում ու չեն կենտրոնանում ամենակարևորի վրա՝ Տեր Հիսուսի հետ իրական ու որակյալ հարաբերության զարգացման և Նրա հետ մտերիմ հանդիպումների ու զրույցների վրա։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քեզ հետ պատահե՞լ է, որ այնքա՜ն զբաղված լինես, որ ժամանակ չունենաս Տեր Աստծու հետ հաղորդակցվելու կամ Նրա հետ քո մտերմությունը զարգացնելու համար: Ցավոք սրտի, ինձ հետ դա բազմիցս պատահել է… Եվ այնուամենայնիվ, նախքան Նրա ծառա լինելը, դու պետք է հիշես, որ նախ Նրա զավակն ես:

«Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ Նրան չճանաչեց» (Ա Հովհաննես 3․1):

Աստված ուզում է, որ դու Իր հետ իրական, մտերիմ և անկեղծ հարաբերություն ունենաս, քանի որ Նա քո Հայրն է և դու Նրա զավակն ես: Ամեն օր Նա քո կողքին է և ուղիներ է փնտրում քեզ հետ այդ հարաբերությունը զարգացնելու համար։ Նա այնքա՜ն շատ է քեզ սիրում և այնքա՜ն հոգատար է քո հանդեպ։ 

Իր համար քո արած ամեն բանից առավել Աստված ուզում է տեսնել քո սրտի վերաբերմունքն Իր հանդեպ։ Հե՛նց այդ պատճառով է առաջին և ամենակարևոր պատվիրանը Աստծուն սիրելու մասին։ 

«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը» (Մատթեոս 22:37-38):

Այսօր քաջալերում եմ քեզ քայլեր ձեռնարկել դեպի քո երկնային Հոր հետ ուրախության և մտերմության հարաբերության հաստատումը: Ամեն բանից առավել Աստված քո սիրտն է փափագում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: