20210427150718_May8

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սովորական մարդկանց միջոցով արտասովոր գործեր է անում

Աստված սովորական մարդկանց միջոցով արտասովոր գործեր է անում

Երբ ես նոր էի ապաշխարել, երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր առավոտյան քաջալերանքներ եմ գրելու և բազմաթիվ մարդկանց հույս ու ջերմություն եմ փոխանցելու իմ ծառայությամբ: Այն ժամանակ իմ հիմնական անհանգստությունը հավատքի կյանքի մեջ հաստատվելու մտքերն էին, Աստծուն հավատարիմ մնալու և Քրիստոսի կարգապահ աշակերտ դառնալու մղումները։ Այս ամենն իրագործելու համար ես օգնության կարիք ունեի և չէի էլ պատկերացնում, որ մի օր ինքս եմ օգնելու ինձ նման օգնության կարիք ունեցող Աստծո թանկ ու սիրելի զավակներին։ 

Այն ժամանակ ես երիտասարդ էի, արագ բռնկվող և որոշակիորեն ինքնավստահ։ Այլ կերպ ասած, ես բավականին հեռու էի հեզ ու խոնարհ քրիստոնյայի բնութագրից: Պետք է խոստովանեմ, որ իմ հավատքի առաջին տարիներին, թեև ես պարտաճանաչ կերպով եկեղեցի էի հաճախում, սակայն միայն հիմա՝ հետադարձ հայացք նետելուց հետո եմ հասկանում, որ շատ բաներ, մեղմ ասած, սխալ եմ արել ու չեմ ապրել այն հավատքի կյանքով, որը Տերն էր ակնկալում ինձնից։ Նայելով իմ կյանքին` Տեր Հիսուսը, հավանաբար, ասում էր․ «Այս երիտասարդի հետ բավականին շատ գործ կա անելու»:

Իմ ապաշխարությունից 6 տարի անց, երբ 32 տարեկան էի, Աստված հստակ խոսեց ինձ հետ աղոթքաժողովի ժամանակ և ինձ կանչեց ծառայելու Իրեն: Ես լսածս գրեցի բլոկնոտիս մեջ և սկսեցի աղոթել ու քայլեր ձեռնարկել։ Բայց իմ շրջապատի արձագանքն ու վերաբերմունքը ավելի շատ սառը ցնցուղի էր նման։ Ինձնից համառություն և հավատք էր պահանջվում, որպեսզի դիմակայեմ բոլոր հիասթափություններին ու հաղթահարեմ բոլոր արգելքները։ 

Սիրելի բարեկամ, իսկ քեզ հետ նման բան երբևէ պատահե՞լ է: Դու երբևէ վերապրե՞լ ես մտերիմ մարդու խոսքերից ծնված հուսալքության զգացումը։ Կամ եղե՞լ է, որ ինչ-որ մեկը ասես նպատակամղված կերպով փորձի կտրել Աստծո այն կանչը, որ դու փայփայել ես քո սրտում։

Երբ Աստված մարդուն կանչում է Իրեն ծառայելու, շատերն են իրենց անարժան  համարում, քանի որ նայում են սեփական տկարություններին ու անցյալին։ 

Իսկ ինչպե՞ս ես դու վերաբերվում Տեր Աստծուն ծառայելու գաղափարին։ Արդյոք քեզ անկարող, ոչ ընդունակ ու համապատասխան գիտելիքներ չունեցող մե՞կն ես կարծում։ Եթե այո, ապա ուզում եմ, որ վստահաբար իմանաս՝ Աստված սիրում է քեզ անպայմանական սիրով, և կարևոր չէ, թե դու ինչ ես անում կամ չես անում: Նա սիրում է քեզ: Եվ իմացիր` Աստված օգտագործում է սովորական մարդկանց արտասովոր գործեր գործելու համար:

Աստծո արքայության կենտրոնական արժեքներից մեկը պատիվն է։ Աստված պատվում է Իր հավատարիմ զավակներին՝ զորացնելով նրանց և մյուսների աչքին բարձրացնելով նրանց, որպեսզի բոլորն իմանան, թե ինչե՜ր կարող են անել Սուրբ Հոգով լցված մարդիկ Տեր Աստծո շնորհիվ:

Երբ ես հիշում եմ իմ հավատքի առաջին տարիները, ապա մի միտք է միշտ պտտվում գլխումս, հաճախ Աստված ավելի շատ է հավատում մեր ուժերին, քան մենք ինքներս։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու հատուկ տեղ ունես թե՛ Աստծո սրտում և թե՛ Նրա ծրագրի մեջ։ Նա կանչում է քեզ ծառայելու Իրեն։

Մի՛ նայիր քո անցյալի մեղքերին ու այսօրվա տկարություններին։ Հավատա՛ Տիրոջը։ Ապրի՛ր Նրա համար։ Գործի՛ր Նրա առաքելության մեջ։ Սիրի՛ր Նրա կամքն ու այդ կամքին հնազանդվելը։ Վարժեցրո՛ւ քո անձը աստվածպաշտության և կգա մի օր, որ ինձ նման հետ կնայես Աստծո հետ միասին քո անցած ուղուն և կզարմանաս Տիրոջ համբերության ու բարության վրա։ Մեր Աստված սիրող Հայր է։ Մտերմացի՛ր ու ծառայի՛ր Նրան։ Նա այսօր կանչում է քեզ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: