December-20

Գլխավոր | Հրաշքներ | Աստված ուզում է, որ վստահ լինես, որ Նա քեզ հետ է

Աստված ուզում է, որ վստահ լինես, որ Նա քեզ հետ է

Սիրելի՛ բարեկամ, երբ երեխա է լույս աշխարհ գալիս, առաջին բանը, որ նրան տրվում է, դա անունն է։ Այդ անունը հաճախ ինչ-որ նշանակություն է ունենում։ Աստվածաշնչում տեսնում ենք, որ անունները նաև ընդգծում էին տվյալ անձի հատկանիշները։

Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ վստահ լինի, որ Տեր Հիսուսի աշխարհ գալով Նա մշտապես մեզ հետ է լինելու։ Ուստի, Փրկիչ Տիրոջ աշխարհ գալու մարգարեության մեջ Նա ներկայանում է Էմմանուել անունով, որը նշանակում է «Աստված մեզ հետ»։ 

Նոր Կտակարանում կարդում ենք Եսայիա 7.14 խոսքի մեջբերումը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն «Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթեոս‬ ‭1․23‬‬)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեծագույն քաջալերանք է գիտակցել, որ Տեր Աստված ուզում է, որ մենք մշտապես հիշենք ու հստակ գիտակցենք, որ Նա մեզ հետ է։ Իսկ դու հավատո՞ւմ ես այս կարևորագույն ճշմարտությանը։ 

Ես երբեմն որոշ մարդկանց խորհուրդ եմ տալիս գոնե մեկ օր՝ արթնանալուց մինչև անկողին մտնելը, ապրել այնպես, ասես Տեր Հիսուսը ֆիզիկապես քո կողքին է։ Այդ ողջ օրվա ընթացքում ունենալ Նրա ներկայության հավատքը։ Քո առօրյա գործերի մեջ, մարդկանց հետ շփման ժամանակ, աշխատավայրում և ընտանիքում միշտ հիշել, որ Տերը այդ օրը քո հյուրն է։ 

Հետո նրանց խնդրում եմ հաջորդ օրը գրել ինձ, թե ինչպես անցավ օրը Տեր Հիսուսի ներկայության մեջ։ Մարդիկ ինձ գրում են, որ հիանալի օր են ունեցել և շատ բաներ այլ կերպ են արել և որոշ մարդկանց հանդեպ բացարձակապես այլ վարքագիծ են դրսևորել՝ հիշելով իրենց կողքին Տեր Հիսուսի ներկայության մասին։

Այսօր քեզ եմ ուզում նման առաջարկ անել։ Կարո՞ղ ես այսօրվա օրդ ապրել քո կյանքում հյուր ընդունելով Տեր Հիսուսին։ Հիշի՛ր այդ մասին քո գործերն անելիս, տրանսպորտի մեջ, աշխատավայրում, տանը, հանգստի ժամանակ կամ երբ մարդիկ քեզ վատ վերաբերվեն, երբ սխալ մտքեր կամ ցանկություններ ունենաս և այլն։ Իրականում, Նա միշտ է մեզ հետ։ Նրա անունը Էմմանուել է՝ Աստված մեզ հետ․․․

Եթե մենք Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք, ապա Նա մեզ հետ է հե՛նց այս պահին և մշտապես՝ մինչև աշխարհի վերջը։ Եվ Նա չի ուզում միայն մեկօրյա հյուր լինել մեր կյանքում, այլ փափագում է դառնալ մեր կյանքի լիիրավ Տերը և մեր Թագավորը։ Ինչպիսի՜ օրհնություն է մեր կյանքի յուրաքանչյուր օրը Նրա սքանչելի ներկայության մեջ ապրելը․․․

Մեծ ակնկալիքով սպասում եմ Տեր Հիսուսի հետ անցկացրած քո օրվա վկայությանը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: