May-14

Գլխավոր | Հրաշքներ | Աստված միշտ պատրաստ է օգնելու քեզ

Աստված միշտ պատրաստ է օգնելու քեզ

Այսօր ուզում եմ, որ միասին մի կարևոր ճշմարտություն հասկանանք, որը մեզ ավելի կայուն, ամուր ու անսասան կդարձնի հավատքի կյանքում։ Աստվածաշունչն ասում է հետևյալը․ «Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8․31

Ասում են՝ դժվարությունները երբեք մենակ չեն գալիս… Երբ հորդառատ անձրև է տեղում, այն իր հետ նաև հեղեղումներ է բերում: Անհաջողությունները գալիս են մեկը մյուսի հետևից և կարող են ստիպել քեզ մտածել, որ ամեն ինչ քո դեմ է գործում, և նույնիսկ՝ թե Աստված է քեզ հակառակ: Գուցե իրավիճակների ճնշումը այնքան է ուժգնացել, որ հավատքդ սասանվել է, և Աստծու Խոսքը, որ երեկ զորացնում էր քեզ, այսօր այլևս նույն ազդեցությունը չի թողնում քո կյանքում: Դու ընկճված ես, հիասթափված, հուսալքված, թևաթափ և ուժասպառ․․․

Այդ դեպքում ուզում եմ օգնել քեզ, որ քո խնդիրներին ու դժվարություններին այն նույն մոտեցումն ունենաս, որ ուներ հայտնի քարոզիչ Սմիթ Վիգլսվորդը։ Ահա, թե ինչ է նա ասում. «Ինձ չի հուզում այն, ինչ տեսնում եմ: Ինձ չի հուզում այն, ինչ զգում եմ։ Ինձ հուզում է միայն այն, ինչին հավատում եմ»։ 

Մեր հավատքը թուլանում է, երբ մեր հայացքը կենտրոնացնում ենք հանգամանքների և իրավիճակների, այլ ոչ թե Տեր Հիսուսի վրա: Դու ասում ես ինքդ քեզ, որ քո իրավիճակը մնում է անփոփոխ, և քեզ նույնիսկ թվում է, թե այն գնալով վատանում է: Եվ դու քեզ միայնակ ես զգում և լքված Աստծո կողմից՝ կարծելով, թե երբեք դուրս չես գա այդ իրավիճակից:

Այսօր մի գործնական առաջարկ ունեմ քեզ։ Քանի որ մեր շատ խնդիրների լուծումն Աստծու Խոսքի մեջ է, ես առաջարկում եմ, որպեսզի որոշակի ժամանակ հատկացնես, քեզ մոտ գրի առնես ստորև բերված աստվածաշնչյան հատվածները, մտածես դրանց շուրջ, աղոթես Աստծուն և խնդրես, որ դրանց օրհնություններն իրականություն դառնան քո կյանքում։ Եթե իրոք համաձայնես առաջարկիս և գրի առնես ու մտորես Աստծու՝ քեզ տված խոստումների շուրջ, ապա դա իրապես կարող է փոխել քո կյանքը։

  1. Քրիստոսը մահացել է քեզ համար (տե՛ս Հռովմայեցիս 5.8 խոսքը)։
  2. Դու Աստծու զավակն ես, եթե ընդունել ես Տիրոջը (տե՛ս Հովհաննես 1.12 խոսքը)։
  3. Դու նոր ստեղծագործություն ես (տե՛ս Բ Կորնթացիս 5.17 խոսքը)։
  4. Դու հաշտվել ես Աստծո հետ (տե՛ս Բ Կորնթացիս 5.18 խոսքը)։
  5. Դու բարեխոս ունես Հոր մոտ (տե՛ս Ա Հովհաննես 2.1 խոսքը)։
  6. Դու անմիջական հարաբերությունների մեջ ես Հոր հետ (տե՛ս Եփեսացիս 2.18 խոսքը)։
  7. Դու կարող ես վստահ լինել, որ ամեն ինչ բարուն գործակից է լինելու (տե՛ս Հռոմայեցիս 8.28 խոսքը)։
  8. Դու անպայման օգնություն կընդունես, երբ դրա կարիքն ունենաս (տե՛ս Եբրայեցիս 4.16 խոսքը)։
  9. Դու Քրիստոսի հետ երկնքում քո տեղն ունես (տե՛ս Եփեսացիս 2.6 խոսքը)։
  10. Դու ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ (տե՛ս Փիլիպպեցիս 4.13 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե թույլ տաս, որ Աստծու Խոսքը զորացնի քո հավատքը, ապա դու էլ Սմիթ Վիգլսվորդի նման կկարողանաս ասել. «Ինձ հուզում է միայն այն, ինչին հավատում եմ»:

Այո՛, Աստված քո կողմից է, Աստված քեզ հետ է և Աստված պայքարում է հանուն քեզ: Եվ ո՞վ է, որ հակառակ կանգնի քեզ․․․ ի՞նչ իրավիճակ պետք է լինի, որ դու հանձնվես, եթե, իհարկե, Աստված քո կողմից է․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: