Սիրելի՛ բարեկամ, իսկ ո՞ւմ ես դու վստահում քո կյանքում։ Օրինակ՝ երբ կարիք կա, որ երեխայիդ թողնես ինչ-որ մեկի մոտ կամ տանդ բանալիները տաս որևէ մեկին, ով պետք է որոշակի ժամանակ հետևի տանը, մինչև վերադառնաս։ Ի՞նչ չափանիշներով ես ընտրում, թե ում կարելի է վստահել և ում՝ ոչ։
Կարծում եմ, որ ցանկացած մեկին վստահելու համար մենք նախ պետք է վստահ լինենք այդ մարդու ազնվության մեջ։ Արդյոք նա այնպիսի՞ մարդ է, որը պահում է իր տված խոստումները։ Արդյոք նրա ասածները համապատասխանո՞ւմ են նրա ապրած կյանքին։ Արդյոք տվյալ մարդը սկզբունքայի՞ն է առօրյա կյանքում։ Իսկ ինչպե՞ս է նա իրեն պահում, երբ որևէ շահ չունի քեզնից կամ երբ դու չես կարող փոխհատուցել նրա տրամադրած օգնությունը։ Այս և նման այլ հարցերի պատասխանները խոսում են մարդու ազնվության և ձեր մտերմության հանդեպ նրա ունեցած անկեղծ նվիրման մասին։
Իսկ դու գիտե՞ս, որ Աստված Մեկն է, Ով կատարելապես հավատարիմ է։ Աստվածաշնչի ցանկացած պատմության մեջ մենք կարող ենք տեսնել, որ Նա պահում է Իր խոստումները։ Ե՛կ քննենք այս զորավոր ճշմարտությունները.
Եսայիա 55․11. «․․․այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։
Երեմիա 1․12. «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։”
Հեսու 21․45. «Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, տեսնո՞ւմ ես, որ Տեր Աստծու արտաբերած ցանկացած խոստում ոսկուց էլ թանկ է, և Նա կատարելու է այն, ինչ ասել է և խոստացել։ Դու կարող ես վստահ լինել Նրա Խոսքի վրա։ Այն միշտ իրականացել է և իրականանալու է նաև քո պարագայում։
Առաջարկում եմ միասին գոհանալ Տիրոջից այս աղոթքով. «Տե՜ր, շնորհակալ եմ Քեզ Քո Խոսքի համար։ Շնորհակալ եմ, որ Քո Խոսքերը երբե՛ք առանց արդյունքի չեն վերադառնում Քեզ, այլ իրականացնում են Քո կամքը և հաջողվում այն բանի մեջ, որի համար Դու դրանք ուղարկում ես։ Ես հավատո՛ւմ եմ Քո խոստումներին։ Ես վստահո՛ւմ եմ Քո հավատարմությանը։ Դու անելու ես այն ամենը, ինչ ասել ես։ Տո՛ւր ինձ իմաստություն՝ հասկանալու, թե որո՛նք են Քո խոստումները ժառանգելու պայմանները և նաև՝ ուժ ու պատրաստակամություն այդ պայմաններին բավարարելու համար։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը