August-6

Գլխավոր | Հրաշքներ | Աստված հաճույք է ստանում, երբ քո միջոցով դրսևորվում է Իր շնորհքը

Աստված հաճույք է ստանում, երբ քո միջոցով դրսևորվում է Իր շնորհքը

Սիրելի՛ բարեկամ, քո սխալների ու մեղքերի չափը երբեք չի կարող որոշել քո հանդեպ Աստծո ունեցած սիրո չափը: Թվում է, թե դա այնքան ակնհայտ է, և, այնուամենայնիվ, երբեմն դու կարող ես կքվել մեղքի ծանրության տակ, նույնիսկ հասնելով հետևյալ մտքերին․ «Ես չեմ կարող աղոթել, քանի որ մեղավոր եմ» կամ «Ես չեմ կարող գնալ Տիրոջ առջև այս վիճակում»:

Ճշմարտությունը ճիշտ հակառակն է։ Քո ամենամեղավոր վիճակում դու ամենաշատը կարիք ունես Աստծո առջև գնալու։ Այդ մտքերը թշնամուց են և նպատակ ունեն քեզ Աստծուց հեռու պահել, որպեսզի ավելի խորը ընկղմվես մեղքի ճահճի մեջ։ Ոչ ոք չի կարող միայնակ մաքրվել կամ ազատագրվել մեղքի կապանքներից։ Մեզ Տեր Աստծո օգնությունն է պետք: Աստված է մեզ մաքրողն ու մեղքի կապանքներից ազատագրողը: Նա է, որ փրկագնում է: Պարզապես մոտեցիր Նրան, ինչպես Եբրայեցիս 4.16 խոսքն է քաջալերում մեզ։

Աստված հավատարիմ է և բարի: Եվ եթե մենք խոստովանենք մեր մեղքերն ու ապաշխարենք դրանցից, ապա Տերը կների մեզ, կջնջի մեր մեղքերը և կսրբի մեզ ամեն անիրավությունից: Ահա թե ինչ է ասում Տեր Հիսուսը Աստվածաշնչում.

«Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Ովս. 6.6). որովհետև Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին» (Մատթեոս 9.13

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սպասում է քեզ: Նրա գիրկը բաց է։ Նա միշտ պատրաստ է քո կողքը կանգնելու և մխիթարելու քեզ: Նա ողորմած է և սիրով լի: Նա իսկապես հաճույք է ստանում, երբ մենք ոչ միայն ընդունում ենք Նրա շնորհքը, այլ երբ մեր միջոցով այն դրսևորվում է նաև մյուսների կյանքում։

Դու ոչ միայն ընդունում ես Նրա ներումն ու մեղքի կապանքներից ազատագրումը, այլև օգնում ես մյուսներին անցնելու այն ճանապարհով, որով Տերն է քեզ անցկացրել։ Չկա ավելի մեծ բավականություն, քան մարդկանց վերականգնված կյանքերն ու բժշկված հարաբերությունները տեսնելը։ Եվ մեծ բավականություն է, երբ դու միջոց ես դառնում այդ մարդկանց կյանքում Աստծո շնորհքի հեղման համար․․․

Հրավիրում եմ քեզ միասին աղոթել այս աղոթքով․ «Աստվա՛ծ իմ, իմ Տե՛ր, ես խնդրում եմ Քո ներումն իմ սխալների ու մեղքերի համար: Ես աղոթում եմ, որ դու վերցնես մեղավորության այս ծանրությունը իմ սրտից: Ես ուզում եմ իրական ազատություն ապրել Քո մեջ և ստանալ Քո շնորհը: Եվ ուզում եմ իմ շրջապատի մարդկանց կյանքում քո փրկության և Քո ներման մասին խոսել, որպեսզի այն օրհնությունը, որ Քեզնից ընդունել եմ իմ կյանքում, տեսնեմ նաև իմ շրջապատի մարդկանց կյանքերում։ Շնորհակալ եմ Քո ողորմության և Քո անսահման մեծ սիրո համար: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: