Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել իմ ապաշխարության մասին և նաև այն մասին, որ դու կարող ես միջոց դառնալ Աստծո ձեռքերում քո սիրելիների կյանքը փոխակերպելու համար։
Դեպի հավատք իմ առաջին քայլը եղավ Աստվածաշունչ ընթերցելը։ Մեր ընտանիքին շատ հարազատ ու թանկ մարդիկ ինձ Աստվածաշունչ նվիրեցին, երբ դեռ տասներկու կամ տասներեք տարեկան էի։ Եթե չեմ սխալվում տասնչորս տարեկանում ես ավարտեցի Աստվածաշունչի ընթերցանությունը, որը այն ժամանակ ինձ համար ընդամենը հետաքրքիր ու տարօրինակ մի գիրք էր։ Սակայն հատվածներ կային, որոնք մշտապես հիշում էի և, ամբողջովին չհավատալով իմ ընթերցած պատմություններին, այնուամենայնիվ, իմ մեջ ունեի այդ գիտելիքը։
Երկրորդ քայլը իմ հորաքրոջ ապաշխարությունն էր։ Իրականում, նա ինձնից ընդամենը չորս տարով էր մեծ, և մենք ավելի շատ եղբոր ու քրոջ պես էինք։ Ես շատ դեմ էի նրա հավատքին, բայց նրա կյանքի տարօրինակ դրական փոփոխությունը իմ մեջ հավատքի կյանքի հերթական սերմերը ցանեցին։ Ես հավատում եմ, որ հորաքույրս տարիներ շարունակ աղոթել է իր հարազատների, այդ թվում նաև իմ ապաշխարության համար։
Տարիներն անցնում էին, բայց ես ոչ թե դեպի Քրիստոսն էի գնում, այլ հակառակ ուղղությամբ։ Արդեն ուսանողական տարիներին մի դեպք պատահեց ինձ հետ, որի արդյունքում Տերը հավատքի հերթական սերմերը ցանեց իմ սրտի մեջ։ Երևանում Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանի մուտքի մոտ մի երիտասարդ տղա և մի աղջիկ ավետարանչություն էին անում։ Տղան կիթառ էր նվագում, նրանք երգում էին հոգևոր երգեր, իսկ երգերի մեջտեղում Բարի Լուրն էին փոխանցում մետրոյի կայարան շտապող անցորդներին։
Նրանցից մեկն էլ ես էի, որ զրույցի բռնվեցի նրանց հետ։ Ես բավականին լավ գիտեի Աստվածաշունչը և մի քանի հարցից հետո պարզեցի, որ այս ավետարանիչները այնքան էլ լավ չէին կարդացել Աստվածաշունչը։ Հիմա ամաչում եմ իմ ասածների համար, բայց պետք է խոստովանեմ, որ շատ ցավեցնող կերպով ասացի, որ նախ պետք է Աստվածաշունչ կարդան, հետո նոր դուրս գան ավետարանչության։ Սակայն, ի զարմանս ինձ, այդ աղջկա պատասխանը հեզությամբ ու խոնարհությամբ պապանձեցրեց ինձ։ Նա ասաց, որ ես ճիշտ եմ, բայց իրենք մի բան ունեն, որ ես չունեմ՝ Տեր Հիսուսի հետ անձնական հարաբերություն, և որ Տերը ինձ սիրում է և խաչի վրա մահացել է, որպեսզի ների իմ մեղքերը։
Ես գիտեի, որ մեղավոր եմ։ Իմ մեղքերը ճնշում էին ինձ, բայց հպարտությունս ինձ ստիպեց արագ հեռանալ այդ վայրից։ Ես հիմա մոռացել եմ այդ տղայի ու աղջկա դեմքերը, բայց հիշում եմ նրանց հեզությամբ ինձ ուղղված խոսքերը և Քրիստոսի սիրով լեցուն հայացքները։ Նրանք երևի շատ ափսոսացին, որ ես չապաշխարեցի, բայց Աստված նրանց միջոցով իմ սրտի հետ Իր աշխատանքն էր տանում։
Հաջորդ քայլը եղավ իմ բանակային ընկերոջ մտերմությունը ինձ հետ։ Արդեն բանակից հետո նա երեք տարի շարունակ փխրեցնում էր իմ կարծրացած սիրտը։ Ես երևի չունենայի նման համբերություն և հաստատակամություն։ Բայց Տերը նրան օգտագործում էի ինձ դեպի Իրեն բերելու համար։ Ասեմ, որ երկուսս էլ այժմ հովվական ծառայության մեջ ենք։
Ի վերջո, իմ կյանքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ես ինքս ծնկի եկա ու ասացի Աստծուն, որ կարիք ունեմ, որ Աստված Ինքը ցույց տա ինձ ճշմարտությունը։ Եվ եթե Նա իրական է և Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն է, ապա համոզվելու պարագայում ես իմ կյանքը նվիրելու եմ Աստծուն ծառայելուն և Նրա կամքը այս երկրի վրա կատարելուն։ Այս աղոթքից հետո Տեր Հիսուսը եկավ իմ կյանք և ընդմիշտ փոխեց իմ կյանքը: Թե ինչպես, դա մեկ այլ վկայության նյութ կարող է դառնալ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ այսօր լիակատար խավարի մեջ ես, հուսահատված ես քո կամ քո սիրելիների կյանքի իրավիճակների պատճառով, ապա թող իմ վկայությունն այսօր քաջալերի քեզ։ Շատ շատերը իմ ապաշխարությունն անհավանական էին համարում։ Բայց Աստված մարդիկ ուղարկեց իմ կյանք, որոնք հավատարմորեն, ամեն մեկն իր բաժին գործն անելով, տարիների ընթացքում միջոց դարձան Աստծո ձեռքին իմ կյանքը փոխակերպելու համար։ Եթե իմ կյանքը փոխվեց, ապա քո կյանքը և քո սիրելիների կյանքը նույնպես կարող է փոխվել։ Աստված բոլորին է սիրում և ուզում է, որ բոլորը ապաշխարեն ու Տեր Հիսուս Քրիստոսի փրկությունն ընդունեն։
Չհուսահատվե՛ս։ Շարունակի՛ր աղոթել։ Շարունակի՛ր հավատքի բարի սերմեր ցանել քո շրջապատի մարդկանց կյանքում քո կյանքի փոփոխությամբ և քո կյանքում Տեր Հիսուսի արած գործերի վկայություններով։ Եվ դա արա հեզությամբ ու խոնարհությամբ՝ արտացոլելով մեր Տիրոջ բարությունը, սերն ու համբերությունը։ Հավատում եմ, որ այդ սերմերը մի օր ծիլ են տալու և դու տեսնելու ես Աստծո հրաշքը քո և քո սիրելիների կյանքում։
Եկ փառաբանենք Աստծուն և միասին աղոթենք այս աղոթքով․ «Տեր Հիսո՛ւս, շնորհակալ եմ, որ փրկել ես ինձ, որ քո ծառաներին ես ուղարկել իմ կյանք և հավատքի սերմեր ես ցանել, որ այսօր էլ քաջալերում ես ինձ ու ամրացնում իմ հավատքը։ Այո՛, ես ուզում եմ համբերել սովորել և հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, քանի որ Դու ես տիրում իմ կյանքում: Ես էլ իմ հերթին եմ ուզում Քո ձեռքերում գործիք ու միջոց դառնալ մյուսների կյանքը փոխակերպելու համար։ Եվ այս հարցում միայն Քեզ եմ ապավինում։ Շնորհակալ եմ իմ բարի և ողորմած Տեր։ Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը