May-15

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կարող է փոխակերպել քո սիրելիների և քո կյանքը

Աստված կարող է փոխակերպել քո սիրելիների և քո կյանքը

Այս ուղերձի մեջ ուզում եմ քեզ հետ խոսել իմ ապաշխարության մասին և նաև այն մասին, որ դու նույնպես կարող ես միջոց դառնալ Աստծու ձեռքերում քո սիրելիների կյանքը փոխակերպելու համար։ 

Սիրելի՛ բարեկամ, դեպի հավատք իմ առաջին քայլը եղավ Աստվածաշունչ ընթերցելը։ Մեր ընտանիքին շատ հարազատ ու թանկ մարդիկ ինձ Աստվածաշունչ նվիրեցին, երբ դեռ տասներկու կամ տասներեք տարեկան էի։ Եթե չեմ սխալվում, տասնչորս տարեկանում ես ավարտեցի Աստվածաշնչի ընթերցանությունը, որն այն ժամանակ ինձ համար ընդամենը հետաքրքիր ու տարօրինակ մի գիրք էր։ Սակայն հատվածներ կային, որոնք մշտապես հիշում էի և, ամբողջովին չհավատալով իմ ընթերցած պատմություններին, այնուամենայնիվ, իմ մեջ ունեի այդ գիտելիքը։ 

Երկրորդ քայլը իմ հորաքրոջ ապաշխարությունն էր։ Իրականում, նա ինձնից ընդամենը չորս տարով է մեծ, և մենք ավելի շատ եղբոր ու քրոջ պես էինք։ Ես շատ դեմ էի նրա հավատքին, բայց նրա կյանքի տարօրինակ դրական փոփոխությամբ իմ մեջ հավատքի կյանքի հերթական սերմերը ցանվեցին։ Ես հավատում եմ, որ հորաքույրս տարիներ շարունակ աղոթել է իր հարազատների, այդ թվում նաև՝ իմ ապաշխարության համար։

Տարիներն անցնում էին, բայց ես ոչ թե դեպի Քրիստոսն էի գնում, այլ՝ հակառակ ուղղությամբ։ Արդեն ուսանողական տարիներին մի դեպք պատահեց ինձ հետ, որի արդյունքում Տերը հավատքի հերթական սերմերը ցանեց իմ սրտի մեջ։ Երևանում՝ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանի մուտքի մոտ, մի երիտասարդ տղա և մի աղջիկ ավետարանչություն էին անում։ Տղան կիթառ էր նվագում, նրանք երգում էին հոգևոր երգեր, իսկ երգերն ընդմիջվում էին Բարի Լուրը մետրոյի կայարան շտապող անցորդներին փոխանցելով։

Ես զրույցի բռնվեցի նրանց հետ։ Եվ քանի որ բավականին լավ գիտեի Աստվածաշունչը, մի քանի հարցից հետո պարզեցի, որ այս ավետարանիչներն այնքան էլ լավ չէին կարդացել Աստվածաշունչը։ Հիմա ամաչում եմ իմ ասածների համար, բայց պետք է խոստովանեմ, որ շատ ցավեցնող կերպով ասացի, որ նախ պետք է Աստվածաշունչ կարդան, հետո նոր դուրս գան ավետարանչության։ Սակայն, ի զարմանս ինձ, այդ աղջկա պատասխանը հեզությամբ ու խոնարհությամբ պապանձեցրեց ինձ։ Նա ասաց, որ ես ճիշտ եմ, բայց իրենք մի բան ունեն, որ ես չունեմ՝ Տեր Հիսուսի հետ անձնական հարաբերություն, և որ Տերը ինձ սիրում է ու խաչի վրա մահացել է, որպեսզի ների իմ մեղքերը։

Ես գիտեի, որ մեղավոր եմ։ Իմ մեղքերը ճնշում էին ինձ, բայց հպարտությունս ինձ ստիպեց արագ հեռանալ այդ վայրից։ Ես հիմա մոռացել եմ այդ տղայի ու աղջկա դեմքերը, բայց հիշում եմ նրանց՝ ինձ հեզությամբ ուղղված խոսքերը և Քրիստոսի սիրով լեցուն հայացքները։ Նրանք երևի շատ ափսոսացին, որ ես չապաշխարեցի, բայց Աստված նրանց միջոցով իմ սրտի հետ Իր աշխատանքն էր տանում։

Հաջորդ քայլը եղավ իմ բանակային ընկերոջ մտերմությունը ինձ հետ։ Արդեն բանակից հետո նա երեք տարի շարունակ փխրեցնում էր իմ կարծրացած սիրտը։ Ես երևի չունենայի նման համբերություն և հաստատակամություն։ Բայց Տերը նրան օգտագործում էր ինձ դեպի Իրեն բերելու համար։ Ասեմ, որ երկուսս էլ այժմ հովվական ծառայության մեջ ենք։

Ի վերջո, իմ կյանքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ես ինքս ծնկի եկա ու ասացի Աստծուն, որ կարիք ունեմ, որ Աստված Ինքը ցույց տա ինձ ճշմարտությունը։ Եվ եթե Նա իրական է և Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն է, ապա համոզվելու պարագայում ես իմ կյանքը նվիրելու եմ Աստծուն ծառայելուն և Նրա կամքն այս երկրի վրա կատարելուն։ Այս աղոթքից հետո Տեր Հիսուսը եկավ իմ կյանք և ընդմիշտ փոխեց այն: Թե ինչպես, դա մեկ այլ վկայության նյութ կարող է դառնալ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ այսօր լիակատար խավարի մեջ ես, հուսահատված ես քո կամ քո սիրելիների կյանքի իրավիճակների պատճառով, ապա թո՛ղ իմ վկայությունն այսօր քաջալերի քեզ։ Շատ շատերն իմ ապաշխարությունն անհավանական էին համարում։ Բայց Աստված մարդիկ ուղարկեց իմ կյանք, որոնք հավատարմորեն, ամեն մեկն իր բաժին գործն անելով, տարիների ընթացքում միջոց դարձան Աստծու ձեռքին իմ կյանքը փոխակերպելու համար։ Եթե իմ կյանքը փոխվեց, ապա քո կյանքը և քո սիրելիների կյանքը նույնպես կարող է փոխվել։ Աստված բոլորին է սիրում և ուզում է, որ բոլորն ապաշխարեն ու Տեր Հիսուս Քրիստոսի փրկությունն ընդունեն։ 

Չհուսահատվե՛ս։ Շարունակի՛ր աղոթել։ Շարունակի՛ր հավատքի բարի սերմեր ցանել քո շրջապատի մարդկանց կյանքում քո կյանքի փոփոխությամբ և քո կյանքում Տեր Հիսուսի արած գործերի վկայություններով։ Եվ դա արա հեզությամբ ու խոնարհությամբ՝ արտացոլելով մեր Տիրոջ բարությունը, սերն ու համբերությունը։ Հավատում եմ, որ այդ սերմերը մի օր ծիլ են տալու, և դու տեսնելու ես Աստծու հրաշքը քո և քո սիրելիների կյանքում։  

Ե՛կ փառաբանենք Աստծուն և միասին աղոթենք այս աղոթքով․ «Տեր Հիսո՛ւս, շնորհակալ եմ, որ փրկել ես ինձ, որ քո ծառաներին ես ուղարկել իմ կյանք և հավատքի սերմեր ես ցանել, որ այսօր էլ քաջալերում ես ինձ ու ամրացնում իմ հավատքը։ Այո՛, ես ուզում եմ համբերել սովորել և հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, քանի որ Դու ես տիրում իմ կյանքում: Ես էլ իմ հերթին եմ ուզում Քո ձեռքերում գործիք ու միջոց դառնալ մյուսների կյանքը փոխակերպելու համար։ Եվ այս հարցում միայն Քեզ եմ ապավինում։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմա՛ծ Տեր։ Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: