Սիրելի բարեկա՛մ, ընթերցե՛նք Վերականգնի՛ր ուժերդ շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40.29-31):
«Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը»…։ «Ավելացնել» բառն եբրայերեն բնագրում նշանակում է «լինել կամ դառնալ ավելին, շատանալ կամ մեծանալ ու բազմապատկվել»։ Ինչպես գիտեք Աստված բազմապատկող Աստված է։ Նա չափազանց առատորեն է տալիս այն ամենը, ինչ մենք խնդրում ենք կամ մտածում։ Նա վերցնում է փոքր ու տկար մեկին՝ դարձնելով նրան համարձակ ու զորավոր։ Նա վերցնում է հինգ հացը եւ երկու ձուկը ու կերակրում հազարավորների բազմությանը։
Իրականում, Տեր Հիսուսը վերցնում է մեր «քիչը» և շատացնելով՝ բազմապատկում այն։ Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ի՞նչն է քո մեջ «քիչ», որի կարիքը շատ ունես, որպեսզի կյանքդ լցվի եռանդով ու հաղթանակներով։
Այսօր Տերը կարող է շատացնել ու բազմապատկել քո ուժերն ու զորությունը։ Բե՛ր Նրա առջև բոլոր ձախողումներդ ու տկարություններդ՝ այն ամենը, ինչը քո մեջ պակաս է և թո՛ւյլ տուր, որ Աստված բարեխոսի քեզ համար։ Տիեզերքի ամենազորեղ Անձը քո ներսում է և քեզ հետ է…
«Նա, որ Իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար Նրան մահվան մատնեց, ինչպե՞ս Նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է»։ (Հռոմեացիս 8․32-34)։
Ահա՛ Բարի Լուրը. Քրիստոս բարեխոսում է քեզ համար։ Նա քո կողմից է, եթե դու Նրան ընդունել ես քո կյանքի Տեր ու Փրկիչ, եթե որոշում ես կայացրել ապրելու այնպիսի կյանքով, ինչպիսին քո Տերն է քեզնից ակնկալում։ Սա անխախտ ճշմարտություն է․ Տերը քեզ հետ է և քո կողմից՝ անկախ այն փաստից դու զգո՞ւմ ես Նրա ներկայությունը, թե՞ ոչ։ Եթե դու Նրանն ես, ապա Նա միշտ քո կողքին է։
Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու բարեխոսում ես ինձ համար։ Ինչպիսի՜ շնորհ է ինձ համար գիտակցելը, որ Դու աղոթում ես ինձ համար։ Շնորհակալ եմ, որ Դու միշտ իմ կողքին ես։ Այսօր ես իմ բոլոր տկարություններն ու ներսիս հոգնածությունը բերում եմ Քո առջև։ Ես սա անում եմ հաստատուն հավատքով, որ դու վերցնում ես իմ տկարություններն ու բեռները իմ ուսերից և հոգնածության փոխարեն ինձ լցնում ես նոր ու թարմ ուժով։ Այո՛, ես հավատում եմ, որ Դու բազմապատկում ես իմ ներսի զորությունը։ Շնորհակալ եմ, Տե՛ր, ամեն բանի համար, որ անում ես իմ կյանքում: Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը