April-16

Գլխավոր | Հրաշքներ | Աստված երբե՛ք չի հոգնում քեզնից…

Աստված երբե՛ք չի հոգնում քեզնից…

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը մարդու ինքնագնահատականի մասին։ Աստված ուզում է, որ մենք ընդունենք Իր սերը, աճենք սիրելու ունակության մեջ և կարողանանք ինքներս մեզ տեսնել այնպիսին, ինչպիսին Նա է մեզ տեսնում:

Սիրելի՛ բարեկամ, նորածին երեխայի կյանքի առաջին մի քանի ամիսները ուղեկցվում են շրջապատող մարդկանց և հատկապես ծնողների մշտական ուշադրությամբ: Ծնողների գիշերները կարճ են, իսկ օրերը՝ հագեցած կաթի շշերով, տակդիրներով և երեխայի հանդեպ մշտական հոգատարությամբ:

Երբեմն նորածին երեխաները ուժասպառ են անում ծնողներին և հատկապես` մայրիկներին։ Սակայն չեմ կարծում, թե որևէ խելամիտ ու սթափ միտք ունեցող մայր իր մանկահասակ երեխային ասի հետևյալ խոսքերը. «Ճիշտն ասած, ես այլևս չեմ կարող քեզ խնամել։ Ես հոգնել եմ։ Ավելի լավ է` ինքդ փորձես լուծել քո խնդիրները։ Փորձիր մի քիչ ինքնուրույն լինել։ Փորձիր գլուխ հանել քո խնդիրներից․․․»:

Իհարկե՝ ո՛չ։ Եթե մանկահասակ երեխայի հետ նման կերպ խոսող մայր տեսնեք, որը որոշել է այլևս խնամք չտանել իր երեխային, ապա հաստատ կարող եք համոզված լինել, որ նման կնոջ հոգեբանության կամ մտքի հետ լուրջ խնդիրներ են առաջացել։ Նորմալ մայրը կամ հայրը համբերում են երեխաների առաջացրած բոլոր դժվարություններին՝ հոգ տանելով և խնամելով փոքրիկին: Չնայած հոգնածությանը՝  մայրն ամեն գիշեր մի քանի անգամ արթնանում է, որպեսզի հոգա փոքրիկի սննդի կարիքը և փոխի տակդիրները։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ արդյոք պատահակա՞ն է, որ Տեր Հիսուսը մեզ սովորեցնում էր այն մասին, որ մենք Հայր ունենք Երկնքում։ Նույն կերպ մեր Հայրն է լսում դժվարությունների մեջ մեր աղաղակը և հոգ տանում Իր զավակների համար։ 

«Տիրոջ աչքերն արդարների վրա են, և Նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին» (Սաղմոս 34.15

Այս երկրի վրա մոտ ութ միլիարդ մարդ է ապրում… Եվ, այնուամենայնիվ, Աստված լսում է արդարների աղաղակը և անհատապես պատասխանում է նրանց աղոթքներին: Նրա սերն ավելի խորն է, քան մարդկային ամենավառ երևակայությունը կարող է պատկերացնել: Նրա հոգատարությունը քո հանդեպ ոչնչի հետ չի կարող համեմատվել՝ այն կախված չէ որևէ հանգամանքից և ենթակա չէ որևէ փոփոխության։

Տեր Աստծու կողմից լսված լինելու միակ պայմանը արդարության կյանքով ապրելն է։ Մարդիկ կարծում են, թե Աստծու խոստումներն ինքնաբերաբար գործելու են իրենց կյանքում։ Այո՛, Աստծու խոստումները յուրաքանչյուր մարդու համար են։ Անգամ այն մարդկանց, որոնց մյուսները անարժեք ու անարժան են տեսնում։ Աստվածաշունչն ասում է, որ Տեր Աստծո խոստումներին կարող է արժանանալ յուրաքանչուր մարդ, եթե միայն բավարարի տվյալ խոստման պայմաններին։ 

Իսկ ինչպե՞ս է մարդը արդարանում։ Մենք արդարանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Երբ հավատում ես Նրա խոսքերին և որոշում ես հնազանդվել Նրա կամքին՝ փոխելով քո կյանքը և աշխարհի սկզբունքներից ու հաճույքներից շրջվելով դեպի հոգևոր կյանքն ու սրբության վայելքը, դու դառնում ես Տեր Աստծու զավակը։ 

Այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Աստված երբե՛ք չի հոգնի քո մասին հոգալուց, քեզ հետ խոսելուց, քեզ հետ քո դժվարությունների միջով անցնելուց և քեզ մխիթարելուց: Նրա սիրառատ հայացքը կհետևի քեզ քո ողջ կյանքի ընթացքում: Նա կուրախանա, երբ դու ես ուրախանում, և Նա ցավ կզգա, երբ դու ես անցնում ցավի ու տառապանքի միջով: Իր զավակների կյանքում Նա անընդհատ ապացուցում է Իր հոգատարությունը, բարությունն ու կարեկցանքը:

Մեր երկնային Հայրը երբե՛ք չի ասում՝ «Հոգնե՛լ եմ քո անվերջ խնդիրներից։ Փորձի՛ր ինքդ գլուխ հանել քո կյանքի իրավիճակներից»։ Նա սիրում է քեզ։ Նա քեզ համար Իր Որդուն է զոհել և անցկացրել Նրան խաչի տառապանքով ու մահով։ Նա ուզում է, որ հավատաս Քրիստոսի խոսքերին, հնազանդվես Նրա ուսուցումներին և վայելես Աստծու զավակ լինելու պատվավոր կոչումը։ Դու երբե՛ք Նրան չես ձանձրացնում։ Նա չի հոգնում քեզնից: Դու Նրա սիրելի զավակն ես․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: