Fabruary-12

Գլխավոր | Հրաշքներ | Աստված + դու = անսասան սեր 💞

Աստված + դու = անսասան սեր 💞

Սիրելի՛ բարեկամ, վերջին անգամ ե՞րբ ես մասնակցել պսակադրության արարողության։ Հիշո՞ւմ ես ամուսնական ուխտի հետևյալ խոսքերը. «․․․խոստանում եմ հավատարիմ մնալ ու սիրել թե՛ ուրախության և թե՛ տխրության մեջ, հարստության և աղքատության ժամանակ, հիվանդության և առողջության օրերին․․․ մինչև մահը չբաժանի մեզ»։ 

Ամուսնալուծությունների վիճակագրությունը մի ցավալի իրողություն է մեզ փոխանցում։ Դժբախտաբար, ամուսնական ուխտի այս գեղեցիկ խոստումները ոչ բոլորն են պահում։ Սակայն ի տարբերություն տղամարդու և կնոջ միջև կնքվող ամուսնական ուխտի, յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի ուխտ, որը երբեք չի խափանվի, եթե տվյալ մարդը հավատարիմ մնա այդ ուխտի իր բաժնին։ 

Տեր Աստծու հետ ուխտի հարաբերությունը սիրո և հավատարմության ուխտ է։ Եվ այդ ուխտի կողմերից մեկը՝ Աստված, միշտ հավատարիմ է, միշտ սիրող և ուխտի Իր բաժինը կատարելապես պահող։ 

Աստծո սերը անսասան է: Դա աստվածային խոստում է, սուրբ նվիրում և հավերժական ուխտ: Եվ եթե դու պահես Նրա հետ ուխտի քո կողմը, ապա ոչինչը չի կարող բաժանել քեզ Տեր Աստծու սիրուց ճիշտ այնպես, ինչպես դա ճշմարիտ էր Պողոս առաքյալի պարագայում. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմեացիներին 8. 38-39):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հորդորում եմ քեզ ամեն բան անել, որպեսզի Աստծու սիրո հարցում ունենաս Պողոս առաքյալի համոզվածությունը: Երբ ամեն բան քո շուրջ վերածվել է խառնաշփոթի, երբ կյանքիդ իրավիճակները ճնշում են քեզ, և անգամ ո՛չ մի ելք ու լուծում չի երևում մոտ ապագայում, ապա Աստծու սերը կարող է լինել հե՛նց այն խարիսխը, որը քեզ ամրություն կհաղորդի և կօգնի քեզ քո կյանքի փոթորիկներին դիմակայելու ու չխորտակվելու հարցում: 

Իսկ ինչպե՞ս կարող ես ունենալ այն համոզվածությունը, որն ուներ Պողոս առաքյալը։ Ինչո՞ւ էր նա այդպես համոզված ասում, որ ոչինչը․․․ բացարձակապես ոչինչը չի կարող բաժանել իրեն և մյուս հավատարիմ աշակերտներին Աստծու սիրուց, որը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ 

«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիներին 8.28):

Պողոս առաքյալի համոզվածությունը գալիս էր Տեր Աստծո հանդեպ նրա ունեցած սիրուց։ Նա սիրում էր Աստծու կամքը։ Նա իր կյանքի իմաստն էր դարձրել հանուն Աստծու ապրելն ու կորածին որոնելու և ապրեցնելու Քրիստոսի առաքելությունը շարունակելը։ Նա իր ապրած կյանքով և հնազանդությամբ ապացուցում էր Աստծու հանդեպ ունեցած Իր սերը։ Նա պահում էր ուխտի իր բաժինը և համոզված էր, որ Աստված էլ պահելու է Իր բաժինը։ 

Իսկ դու սիրո՞ւմ ես Աստծուն։ Դու համոզվա՞ծ ես, որ ոչինչը չի կարող բաժանել քեզ Նրա սիրուց։ Եթե այո, ապա ինչ էլ պատահի քո կյանքում, Աստված այդ ամենը քո բարիքին գործակից է դարձնելու։ Տերը հոգ է տանելու քեզ համար, և Նրա սերը քո հանդեպ անսասան է․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: