2021-03-15

Գլխավոր | Հրաշքներ | Աստված բոլոր բարիքների Աղբյուրն է:

Աստված բոլոր բարիքների Աղբյուրն է:

Հայտնի է, որ գորշ եղանակն ազդում է մարդկանց տրամադրության վրա։ Մառախլապատ ու ամպամած օրերին մենք կարող ենք մեզ հոգնած ու ընկճված զգալ, լինել անտրամադիր ու գործելու համար ոչ պատրաստակամ։ 

Նման զգացողություն կարող է ունենալ յուրաքանչյուր ոք: Սակայն մեզ համար, որ Աստծո փրկագնված զավակներն ենք, նման իրողությունը կարող է հիմնովին փոխել իր ազդեցությունը: Մենք՝ Քրիստոսին հավատացողներս, գիտենք, որ Աստծո Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Իր արդարությամբ միշտ փայլատակում է մեր կյանք այցելած յուրաքանչյուր սև ու մութ ամպերի հետևից։ 

Եթե մենք մեր Տեր Աստծո մեջ ենք, ապա մռայլությամբ շրջապատվելու և անհիմն քաջալերանքներով ու սուտ խանդավառության փորձերով մխիթարվելու փոխարեն, մենք  կարող ենք պահպանել մեր իրական ուրախությունը:

Մի այսպիսի խոսք եմ լսել, որ մենք ավելի շուտ կանչված ենք «ջերմակայունացուցիչ» (թերմոստատ) քրիստոնյաներ լինելու, քան «ջերմաչափիչ» քրիստոնյաներ լինելու համար: Այլ կերպ ասած, մե՛նք պետք է ազդենք մեր միաջավյրի ջերմաստիճանի հաստատման վրա, այլ ոչ թե պարզապես արտացոլենք (ջերմաչափենք) գոյություն ունեցող ջերմաստիճանը: Յուրաքանչուր քրիստոնյա պետք է «ջերմակայունացնող» դեր ունենա իր գործունեության միջավայրում։

Սիրելի բարեկամ, որ կարդում ես այս տողերը, ամեն օր Հիսուսին մոտենալով՝ դու օգնություն և զորություն ես ընդունում բոլոր բարիքների Աղբյուրից: Նա՛ է այն սերը, որի կարիքը դու այդքա՜ն շատ ես զգում։ Նա՛ է այն ուրախությունը, որն առաջ է մղում քեզ և թարմություն հաղորդում քո կյանքի ընթացքին։ Եվ Նա՛ է այն զորությունը, որն ամեն օր օգնում է քեզ քո առօրյա կյանքում:

Այսպիսով, երբ քո կյանք են այցելում իրավիճակների սև ու մութ ամբերն ու բախվում ես կյանքի գորշ եղանակների իրողությանը, ապա ժամանակն է, որ գնաս դեպի բարիքների Աղբյուրը և ստանաս Նրանից այն, ինչի կարիքն ունես, որպեսզի նորից լիություն վերապրես կյանքիդ օրերում, կրկին ցնծաս քո կյանքում և այդ ցնծությունից փայլատակես ու շողշողաս քո շրջապատում:

Հնարավո՛ր է լինել դրական և անգամ խանդավառ, երբ շուրջդ ամեն բան գորշ է և ընկճող։ Հնարավո՛ր է լինել ջանասեր ու ջերմեռանդ, նույնիսկ եթե մռայլ ամպերը մեր տեսադաշտից պատնեշել են արևի պայծառ շողերը։ Այո՛, դա հնարավոր է, եթե մարդը Տեր Աստծո հետ է անցնում իր կյանք այցելած դժվարին ընթացքը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։


Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: