January-7

Գլխավոր | Հրաշքներ | Աստված այլ կերպ է նայում ու գնահատում մարդկանց․․․

Աստված այլ կերպ է նայում ու գնահատում մարդկանց․․․

«Ես վատ մարդ եմ և արժանի չեմ Աստծու զավակը լինելու…»։

«Ես կրկին ձախողվեցի և երես չունեմ Աստծու առջև երևալու…»։

«Ես դեռ բավականաչափ լավը չեմ եկեղեցու անդամ դառնալու համար…»։

«Ես արժանի չեմ Աստծու սիրուն, քանի որ չեմ համապատասխանում Նրա չափանիշներին…»:

Սիրելի՛ բարեկամ, երբևէ ունեցե՞լ ես նմանատիպ մտքեր: Եթե այո, ապա թո՛ւյլ տուր օգնել քեզ` շտկելու քո սխալ պատկերացումները, քանի որ վերը թվարկված մտքերը և նմանատիպ այլ մտքեր, միանշանակ, չարի ուղարկած կրակոտ նետերն են, որոնք քեզ Աստծուց հեռու պահելու նպատակ են հետապնդում: 

Ե՛կ միասին կարդանք այս խոսքերը. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզնից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայի 54․10

Այս խոսքերն Աստված ուղղում է Երուսաղեմին, որը մարմնավորում է Աստծու ժողովրդին: Հետևաբար, եթե դու Քրիստոսին ընդունել ես որպես քո կյանքի Տեր և որոշում ես կայացրել ապրելու ըստ Նրա ուսուցանած ճշմարտությունների, ապա հետևյալ խոսքերը իրական են և ճշմարիտ նաև քեզ համար․ «Իմ գթությունը քեզանից չի հեռանա»։ 

Այսպիսով, առաջարկում եմ վերադառնալ և հերթով անդրադառնալ վերը բերված սխալ մտքերին.

  • «Ես վատ մարդ եմ և արժանի չեմ Աստծու զավակը լինելու…»։ Չկա մարդ, որ մեղք չգործի։ Խնդիրը այն չէ, որ դու չես կարողանում ազատվել մեղքի կապանքից, այլ այն, թե սիրո՞ւմ ես արդյոք մեղքը, արդյոք թաքցնում ես այն կամ արդարացնում․․․
    Աստված սիրում է անգամ ամենամեղավոր մարդուն և ուզում է օգնել մեղքի դեմ մղվող պատերազմի մեջ։ Աստված երես չի թեքում և երբե՛ք երես չի թեքի քեզնից։ Նա ուզում է ազատել քեզ մեղքի կապանքից, մաքրել ամեն անիրավությունից և սովորեցնել ապրել սրբության կյանքով։ Աստծու Խոսքն ասում է․ «…եթե մենք խոստովանենք մեր մեղքերը Նրան, Նա հավատարիմ է և արդար, որ ների մեզ մեր մեղքերը և մաքրի մեզ ամեն չարությունից» (Ա Հովհաննես 1․9
  • «Ես կրկին ձախողվեցի և երես չունեմ Աստծու առջև երևալու…»։ Աստված ամեն ինչ գիտի քո մասին։ Նա քեզ ստեղծող Տերն է, և նույնիսկ այն ժամանակ, երբ դու դեռ չէիր ծնվել, Նա ճանաչում էր քեզ քո բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ (տե՛ս Սաղմոս 139․16 խոսքը)։
    Թեև մենք կարող ենք տխրեցնել Նրան մեր սխալ վարքագծով, սակայն անհնար է հիասթափեցնել Նրան, եթե մեր կյանքում կա ապաշխարության ձգտումն ու Աստծո կամքի մեջ ապրելու փափագը։
  • «Ես դեռ բավականաչափ լավը չեմ եկեղեցու անդամ դառնալու համար…»։ Աստված չի սխալվել քո հարցում։ Նա ընտրել է քեզ նախքան աշխարհի ստեղծվելը։ Նա չի սպասում, որ դու լավը դառնաս և հետո միայն սկսի քեզ փոխակերպելու Իր աշխատանքը։ Ճիշտ հակառակը՝ Նա ուզում է, որ գաս Իր առջև, նվիրվես Իր գործին, դառնաս Իր աշակերտը, ամրանաս, զորանաս և հավատարմորեն ծառայես Իրեն։ Նա ուզում է սովորեցնել քեզ հաղթող դառնալու բոլոր հմտությունները (տե՛ս Եփեսացիս 1․4-5 հատվածը)։
  • «Ես արժանի չեմ Աստծու սիրուն, քանի որ չեմ համապատասխանում Նրա չափանիշներին…»: Իրականում, Տեր Աստծուց ցանկացած բարիք մենք ստանում ենք բացարձակապես Նրա մաքրամաքուր շնորհքի արդյունքում։ Դու չես կարող արժանանալ Նրա սիրուն։ Անշուշտ, յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի Աստծու չափանիշների համաձայն կյանք ունենալուն, սակայն դա ոչ մի կերպ չի ավելացնում կամ նվազեցնում մեր հանդեպ Տեր Աստծու ունեցած անսահման սերը (տե՛ս Եփեսացիս 2.4-5 հատվածը)։
    Աստված այնքա՜ն է սիրում ինձ և քեզ, որ անգամ Իր ամենաթանկը՝ Իր Միածին Որդուն չի խնայել մեր փրկության համար։ Ուստի, քո բաժինը Նրա սերը որպես երկնային նվեր ընդունելն է և այն գնահատելը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սիրում է քեզ ավելի, քան այս երկրի վրա երբևէ ապրած ամենասիրող հայրը կարող էր սիրել իր զավակին։ Նա մեծագույն ձգտումով փափագում է, որ քո կյանքը լցված լինի ուրախությամբ, խաղաղությամբ և Իր շնորհած արդարությամբ։ Տեր Աստծու սերը քո հանդեպ երբե՛ք չի փոխվի, քանի դեռ դու կամովին չես ընտրել Նրանից հրաժարվելու ուղին, որը համոզված եմ, որ երբե՛ք ու ո՛չ մի պարագայում չի լինի քո ընտրությունը:

Աստված այնքա՜ն խորն է քեզ սիրում, որ ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և այն կարգավիճակում, որում գտնվում ես հիմա։ Սակայն այդ սերը քեզ ընդունելով չի բավարարվում։ Նա փափագում է, որ փոխակերպի քեզ ու դարձնի Իր պատկերով ու նմանությամբ հարազատ զավակներից մեկը։ Նա փափագում է իրականություն դարձնել բոլոր այն բարության և խաղաղության ծրագրերը, որոնք ունի քո կյանքի համար: 

Քեզ գեղեցիկ օր եմ մաղթում՝ լի Քեզ սիրող քո երկնային Հոր քաղցր ու հոգատար ներկայությամբ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: