May-21

Գլխավոր | Հրաշքներ | Աստվածավախություն և մտերմություն

Աստվածավախություն և մտերմություն

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը։ Այս հրաշալի սաղմոսի հաջորդ երեք խոսքերը հավատացյալի կյանքում աստվածավախության կարևորության մասին են։ Աստվածավախության պակասը հավասարազոր է Տիրոջ պաշտպանության բացակայությանը մարդու կյանքում։ Ավելին՝ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Իր ապահովության հետ մեկտեղ Աստված հոգում է նաև Իրենից երկյուղ ունեցողների կարիքները։ 

«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է Նրան։ Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ Նրա սրբեր, որովհետև Նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի» (Սաղմոս 34․7-9):

Սիրելի՛ բարեկամ, այո՛, հավատքի կյանքը՝ Աստծու հետ մտերմության հարաբերությունը, իրական քաղցրություն է բերում մարդու կյանքում։ Երանելի՜ է այն մարդը, որ ապրում է Աստծու Խոսքի առաջնորդությամբ և Իր հույսը Տեր Աստծու վրա է դրել։ Սակայն վերոնշյալ հատվածում բերված է նաև Տիրոջ քաղցրության և երանելիության կյանքի պայմանը։ Առանց աստվածավախության չկա՛ և չի՛ կարող լինել մտերմություն Աստծու հետ։ 

Ցավո՛ք, ինչպես մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք աղոթքի մասին սխալ ուսուցումների առատության մասին, այնպես էլ ոչ այնքան բարվոք վիճակ է աստվածավախության մասին ուսուցումների հարցում։ Շատ շատերն աստվածավախությունը ներկայացնում են որպես Աստծու հետ մտերմության խոչընդոտ՝ ասելով, թե մենք զավակներ ենք և կարիք չունենք Աստծուց երկյուղելու։ Այս ամենի պատճառը Աստծու երկյուղի սխալ ընկալումն է կամ Տեր Հիսուսի ուսուցումներին անտեղյակ լինելը։ 

«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք Նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք» (Մատթեոս 10․28-31):

Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր Աստծուց վախ ունենալու մասին։ Նա նաև սովորեցնում էր այն ապահովության մասին, որը հատուկ պատրաստված է աստվածավախ հավատացյալների համար։ Եթե մարդը երկյուղ ունենա Տեր Աստծուց, ապա ուրիշ ոչ մի բանից չի երկյուղի։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծուց երկյուղել նշանակում է ակնածանք ունենալ Նրա կամքի և Նրա Խոսքի փոխանցած սկզբունքների հանդեպ։ Աստծուց երկյուղել նշանակում է վերաբերվել Նրան որպես քո կյանքի Թագավորի ու ամենայն խոնարհությամբ հաստատել այն արմատական կախվածությունը, որն ունես քո Թագավորից և քո Փրկչից։ 

Աստվածավախ մարդու համար ամենակարևորը Տեր Աստծու կարծիքն է և արձագանքը իր կայացրած որոշումներին ու դրսևորած վարքագծին։ Աստվածավախություն չունեցող մարդու համար ամենակարևորը սեփական կարծիքն է կամ մարդկանց կարծիքը իր անձի մասին, կամ էլ մյուսներին հաճո լինելը։ 

Աստվածավախ մարդը գիտակցում է, որ իր կյանքն ու բոլոր տաղանդներն ու հնարավորություններն Աստծուց են տրված իրեն, և ինքը մի օր կանգնելու է Տեր Աստծու առջև և հաշիվ է տալու իր ապրած կյանքի համար։ Աստվածավախություն չունեցող մարդը, եթե անգամ հավատում է դատաստանի իրողությանը, ապա բավականին թեթև է նայում իր՝ ոչ աստվածահաճո կյանքին և միշտ մտածում է, որ կհասցնի ապաշխարել ու շտկել իրավիճակը։ 

Իսկ դու աստվածավա՞խ մարդ ես, թե՞ անհարմարության զգացում ես ունենում, երբ Աստված փորձում է Իր Խոսքով միջամտել ու շտկել քո բնավորությունն ու կյանքիդ սկզբունքները։ Միայն աստվածավախների համար է Աստծու մտերմությունը՝ Նրա զորավոր պաշտպանությունն ու հայրական հոգատարությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: