Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք հավատացյալի կյանքում Աստծու շնորհի առաջնային գործի մասին և տեսանք, որ այն սրբության կյանք ապրելու փափագ է ծնում Քրիստոսին հավատացող մարդու կյանքում։ Կա՞ սրբության կյանք ապրելու փափագը, ուրեմն առկա է Տիրոջ շնորհի գործը։ Չկա՞ մարդու կյանքում Աստծու կամքին հնազանդ կյանք ապրելու փափագ, ուրեմն մարդն օտարացած է Աստծուց և ապրում է ձևական հավատքի կյանքով։
Սիրելի՛ բարեկամ, ես բազմաթիվ իրական ու ճշմարիտ քրիստոնյա հավատացյալների եմ հանդիպել, որոնք մեծագույն ձգտում ունեն ապրելու Տեր Աստծու կամքի համեմատ՝ հնազանդվելու Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին ու պատվիրաններին և ընթանալու մարդկանց հետ խաղաղության ու Աստծու առաջ սրբության ճանապարհով։
«Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։ Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը․․․» (Ա Թեսաղոնիկեցիս 4․1-3):
«Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվեն» (Եբրայեցիս 12․14-15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ Աստված պահանջում է մի բան, Նա նաև զորացնում է մարդուն դա անելու համար։ Սա Աստծու շնորհի կամ երկնային օգնության սքանչելի դրսևորումներից մեկն է։ Տերը պահանջում է, Տերը զորացնում է, իսկ մեզ մնում է փափագել Աստծու կամքին հնազանդվելն ու ջանք անել Նրա ակնկալած կյանքով ապրելու համար։
«Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։ Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրությունը մեջբերելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում» (Բ Կորնթացիս 8․7-8):
Աստված առատորեն հասանելի է դարձրել Իր շնորհը բոլոր այն մարդկանց համար, որոնք ձգտում են իրենց կյանքից հեռացնել մեղքը և աշխատել իրենց բնավորության ոչ աստվածահաճո գծերի վրա։ Աստծու շնորհը հասանալի է քեզ համար, որպեսզի փոխակերպի քեզ և քո կյանքում մեղքի ու վատ բնավորության հանդեպ անհնարին թվացող հաղթանակները դարձնի անհերքելի իրողություն։
«Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռոմեացիս 8․11):
Մեղքի ու վատ բնավորության դեմ պայքարում ընդամենը պետք է պատերազմ հայտարարել դրանց և գնալ Աստծու շնորհի գահի առջև համապատասխան օգնությունն ընդունելու համար։ Տերը հավատարիմ է և միշտ օգնում է Իր կամքին հնազանդության փափագ ունեցող Իր զավակներին։
«Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․16):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը