March-23

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու շնորհը զուր տեղն ընդունածները

Աստծու շնորհը զուր տեղն ընդունածները

Այս ուղերձով ավարտում ենք «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը կրող շարքը։ Հույս ունեմ, որ այն քաջալերանք էր քեզ համար և կնպաստի Տիրոջ շնորհի տարբեր դրսևորումների առատությանը քո կյանքում։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ անդրադառնալ Աստվածաշնչի այն զգուշացմանը, որ հնարավոր է՝ մարդիկ զուր տեղն ընդունեն Տեր Աստծու շնորհը՝ Նրա գերբական օգնությունն ու բարիքն իրենց կյանքերում։

Սիրելի՛ բարեկամ, նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք Աստծուց շնորհն ընդունած մարդկանցից Տեր Աստծու ունեցած ակնկալիքների մասին։ Աստված հստակ արձագանք է ակնկալում Իր բարիքն ու ողորմությունն ընդունողներից։ Լինի դա փրկարար շնորհը, բժշկությունը կամ մեկ այլ գերբնական օգնություն կամ պատասխանված աղոթք՝ Աստված ակնկալում է, որ մարդը փոխի իր մոտեցումն Աստծու և Նրա կամքի հանդեպ։ 

 Աստծու հանդեպ մեր շնորհակալության ու երախտագիտության վերաբերմունքը մեզ պետք է մղի Նրան ծառայելուն և այս երկրի վրա Նրա դեսպանը դառնալուն։ Այլ կերպ ասած՝ եթե շնորհակալ ենք Աստծուն Իր բարիքների և ողորմության համար, ապա պետք է այս երկրի վրա շարունակենք Նրա սկսած գործը, որը կորսվածներին փնտրելու և նրանց փրկության առաջնորդելու առաքելությունն է, և մեր ապրած կյանքով ու դավանած սկզբունքներով արտացոլենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի որակները։ 

«Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք․․․ Ոչ մի բանով որևէ առիթ մի՛ տվեք, որ ծառայությունն արատավորվի» (Բ Կորնթացիս 6․1,3):

Եթե մենք ընդունենք Աստծու շնորհը՝ փրկվենք Քրիստոսի զոհի և Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ, դառնանք Աստծու ժողովուրդն ու ծառայենք մարդկանց, սակայն ապրենք մի այնպիսի կյանքով կամ ծառայենք այնպիսի անփութությամբ, որ ծառայությունն արատավորվի, ապա Աստվածաշունչն ասում է, որ մենք կարող ենք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած լինել։ 

«Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և Նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է» (Ա Կորնթացիս 15․10):

Աստծու շնորհը մեր կյանքում ո՛չ միայն փրկություն և ազատագրություն է բերում, այլև զորացնում է մեզ Տիրոջ դաշտի մեջ պտղաբեր ծառայություն ունենալու համար։

«․․․սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում» (Հռոմեացիս 5․16):

«Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռոմեացիս 6․14):

Տեր Աստծու շնորհն ընդունածները գերբնական զորություն են ընդունում մեղքի դեմ մղվող պատերազմում զորավոր հաղթանակներ տոնելու համար։ Եթե մենք ունենք ողջ զորությունն ու հոգևոր սպառազինությունը, որպեսզի հաղթենք մեր կյանքում առկա ցանկացած մեղքի, սակայն ապրում ենք հարատև պարտության մեջ, ապա կրկին ու կրկին Տիրոջ շնորհը զուր տեղն ենք ընդունել։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ապրենք սրբության կյանքով և Տիրոջը ծառայենք այնպես, որ մեր վարքագծի ու մոտեցումների պատճառով ծառայությունը չարատավորվի, ապա մշտական մուտք կունենանք դեպի Տեր Աստծու շնորհի գահը։ Աստված սիրում է մեզ, և մենք մի սքանչելի Քահանայապետ ունենք, որ լիովին տեղյակ է մեր խնդիրներին և հասկանում է մեր սրտի ցավը։ Նա պատրաստ է Իր շնորհի առատությամբ լցնելու մեր կյանքը և Իր Հոգու զորությամբ առաջ մղելու մեզ կյանքի ցանկացած բարդագույն իրավիճակում։ 

«Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․16):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: