October--9

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու շնորհը՝ քո մեղքերի ներման միջոց

Աստծու շնորհը՝ քո մեղքերի ներման միջոց

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Այս և այս շարքի մյուս ուղերձների մեջ մենք անդրադառնալու ենք Աստծու շնորհի զարմանահրաշ գործերին հավատացյալի կյանքում։ Աստված Իր հավատարիմ զավակների համար հրաշալի մի օգնություն է պատրաստել, որպեսզի Իր Խոսքին հավատացող մարդիկ կարողանան ապրել այն կյանքը, որն Ինքն է ակնկալում նրանցից։

Սիրելի՛ բարեկամ, Աստծու շնորհի, թերևս, ամենահզոր դրսևորումներից մեկը մեր մեղքերի ներման միջոց լինելն է։ Եթե միա՜յն մարդը կարողանար պատկերացնել Աստծու առջև կանգնելու և իր ապրած կյանքի համար Քրիստոսի ատյանի առջև հաշիվ տալու իրողությունը․․․ Եթե մենք հասկանանք ու հավատանք, որ կանգնելու ենք և հաշիվ ենք տալու մեր ամեն խոսքի ու ամեն արարքի համար, ապա ամեն բան կանենք, որպեսզի օգտվենք Տեր Աստծու հոգացած մեղքերի ներման հնարավորությունից։ 

«Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա» (Հռոմեացիս 14․12):

«Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար» (Բ Կորնթացիներին 5.10):

Աստված այնքա՜ն շատ է սիրում մարդկանց, որ Իր ամենաթանկը՝ Իր միածին Որդուն է զոհել Գողգոթայի խաչի վրա՝ որպես մեր մեղքերի ներման փոխանորդական զոհաբերություն։ Մենք պետք է պատժվեինք մեր գործած մեղքերի համար, սակայն Հայրը Իր Որդու վրա դրեց մեր բոլորի մեղքերի պատիժը։ Սա մեծագույն շնորհն է, որ հնարավոր է պատկերացնել։ Սիրո և գթասրտության ինչպիսի՜ զոհաբեր դրսևորում․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու գիտե՞ս, թե ինչպես է մեղքերի ներման շնորհը սկսում գործել մարդու կյանքում։ Գիտե՞ս արդյոք, թե ո՛ր մարդկանց կյանքում է այն գործում և ո՛ր մարդկանց կյանքում է, որ այն երբե՛ք չի գործում։ Ինչպիսի՜ մեծ ողբերգություն է լինելու, երբ մարդը կանգնի Քրիստոսի ատյանի առջև և հայտնաբերի, որ իր մեղքերը ներված չեն։ Եվ ինչպիսի՜ ցնծագին ուրախություն է լինելու, երբ մարդը լսի, որ իր բոլոր մեղքերը ներված են․․․

«Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիս 2․8-9):

Տեր Աստծուց շնորհ ընդունելու միջոցը, այդ թվում՝ մեղքերի ներման և փրկության շնորհն ընդունելու միջոցը հավատքի առկայությունն է։ Կա՞ հավատք Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործի և ուսուցանած ճշմարտությունների հանդեպ, ուրեմն  գործում է Աստծու փառավոր շնորհը։ Մարդն ապրում է մի կյանք, որն ի ցույց է դնում Քրիստոսի ուսուցումների հանդեպ նրա հավատքի բացակայությո՞ւնը, ուրեմն շնորհը երբե՛ք չի կարող գործել նրա կյանքում։ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով։ Կա՞ հավատք, կա՛ փրկություն։ Չկա՞ հավատք, չկա և չի կարող լինել փրկություն։ 

Մարդը չի կարող նայել իր բարի գործերին և հուսալ, որ ներվելու են իր մեղքերը, և ինքը փրկվելու է դատաստանի օրը։ Մարդը չի կարող անգամ նայել իր ծառայություններին և նույնիսկ իր միջոցով Տեր Աստծու գործած հրաշքներին ու հուսալ, որ եթե Աստված այդքան բան արել է իր միջոցով, ապա հաստատ մեղքերի ներում կընդունի և փրկության կարժանանա, երբ կանգնի Քրիստոսի ատյանի առջև։ Մեղքերի ներման շնորհն ընդունելու միակ կերպը Քրիստոսի ուսուցանած ճշմարտությունների հանդեպ հավատքի առկայությունն է, որի ապացույցը մարդու խորը ապաշխարությունն է։

«Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք՝ ըստ Իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի Նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց Իր Սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք Իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն Իր շնորհի առատության» (Եփեսացիս 1․5-7):

Իսկ դու ընդունե՞լ ես մեղքերի ներման զարմանահրաշ շնորհն Աստծուց։ Հավատո՞ւմ ես Քրիստոսի խոսքերին․․․ Ապաշխարե՞լ ես աշխարհի սկզբունքներով ու արժեհամակարգով ապրելու կործանարար ընթացքից․․․ Միայն իրական ու ճշմարիտ հավատացյալներն են, որ փրկություն ունեն Քրիստոսի արյան միջոցով և մեղքերի թողություն՝ համաձայն Նրա զարմանահրաշ շնորհի առատության․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: