Այս ուղերձով մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Հույս ունեմ, որ այն օրհնություն էր քեզ համար և նորովի բացահայտեց Տեր Աստծու հոգատարությունն ու հայրական սերն Իր զավակների հանդեպ։ Տերն Իր զավակներից ո՛չ միայն պահանջում է աստվածավախ ու աստվածապաշտ կյանք, այլև Իր Հոգով ու Իր շնորհով օգնում է նրանց այդ կյանքն ապրելու փափագ ու զորություն ունենալու հարցում։
Սիրելի՛ բարեկամ, այս շարքի վերջին ուղերձի մեջ մենք անդրադառնալու ենք Տեր Աստծու գերբնական օգնության ևս մեկ կարևոր կողմի։ Աստծու շնորհը զորացնում է մեզ նաև համբերության և հավատքի կյանքում հարատևության հարցում։ Լավ սկիզբ ունենալը շատ կարևոր է։ Սակայն աստվածաշնչյան բազմաթիվ օրինակներ կան, երբ հավատքի մարդիկ լավ սկիզբ են ունեցել, սակայն չեն կարողացել պահել իրենց հավատքը մինչև վերջ և ողբերգական ավարտ են գրանցել իրենց հավատքի ընթացքի մեջ։
Հիշենք Սողոմոնի հրաշալի սկիզբը և հավատքի նավաբեկության ողբերգական ավարտը։ Հիշենք Սավուղ թագավորի մարգարեական սկիզբն ու ահավոր հավատուրացության ավարտը։ Հիշենք նաև Դեմասին, որ Պողոս առաքյալի վստահելի աշակերտներից մեկն էր, ինչպես Տիմոթեոսն ու Տիտոսը, սակայն տխուր ավարտ ունեցավ, քանի որ մերժեց Աստծու շնորհի խրատը և չհեռացավ ամբարշտությունից ու աշխարհիկ ցանկություններից։
«Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ, որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե․․․» (Բ Տիմոթեոս 4․9-10):
Հաղթական ավարտ ունենալու համար հավատացյալներին կրկին Տեր Աստծու շնորհն ու ողորմությունն է անհրաժեշտ։ Մենք հոգևոր պատերազմի մեջ ենք։ Պատերազմը չեն հաղթում՝ որոշ ճակատամարտեր հաղթելով։ Պատերազմը հաղթում են՝ մինչև վերջ հաղթանակի մեջ մնալով։ Անգամ որոշ ճակատամարտերի մեջ պարտվելը չի որոշում պատերազմի ընթացքը, այլ վերջնական հաղթանակը՝ մեր հավատքի ընթացքի վերջնակետին հաղթական հավատքի կյանքով հասնելը։
«Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոս 4․6-8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեզ՝ Քրիստոսի աշակերտներիս, Աստծու շնորհն ու գերբնական օգնությունն է պետք, որ մինչև վերջ՝ մինչև մեր վերջին շունչն այս երկրի վրա, մնանք հավատարիմ, մնանք Քրիստոսով մեր հավատքի պատերազմը հաղթողներ և թույլ չտանք, որ մեր թշնամին կարողանա որևէ կերպ գողանալ մեր հավատքը։ Հավատքը պահելը մեր հաղթանակն է։ Հավատքը կորցնելը կամ հավատքի ու սրբության ճանապարհից հետ քաշվելը՝ մեր հոգևոր պարտությունն ու կործանման ապացույցը։
«Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ Քանի որ «Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս, և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։ Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի»։ Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ» (Եբրայեցիս 10․35-39):
Աստված գաղտնի օգնություն ունի բոլոր ճշմարիտ հավատացյալների համար։ Մեր վստահությունը մեր ուժերի վրա չէ։ Մեր վստահությունն Աստծու գերբնական շնորհի զորության ու կարողության վրա է։ Տերը առատորեն բաշխում է Իր շնորհը բոլոր այն մարդկանց, որոնք սիրում է Իր կամքը և փափագ ունեն այս կյանքն ապրելու սրբության ու արդարության կյանքով։ Տիրոջն ապավինողները միշտ հաղթանակող են լինելու ցանկացած իրավիճակում։
«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․29-31):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը