January-9

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու համար կարևոր է քո ամեն մի քայլը․․․ 👣

Աստծու համար կարևոր է քո ամեն մի քայլը․․․ 👣

Սիրելի՛ բարեկամ, գուցե քո առջև նոր հնարավորություն է բացվել․․․, գուցե կանգնած ես նոր մարտահրավերների առջև կամ քեզ նոր աշխատանք են առաջարկել, և դու տատանվում ես, քանի որ քեզ բավականաչափ ուժեղ չես տեսնում և անվստահ ես զգում նոր ընթացք սկսելու համար։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):

Դու Տեր Աստծուց հնարավորություններ, պարգևներ ու տաղանդներ ես ստացել, որպեսզի օգտագործես դրանք մյուսներին ծառայելու համար:

Եվ եթե դու քեզ  դեռ չես կարողանում պատկերացնել Աստծուն արդյունավետ ու պտղաբեր կերպով ծառայող մարդու կերպարում, ապա այսօր ուզում եմ քեզ քաջալերել աստվածաշնչյան երկու օրինակով։ 

Ինչպիսի՞ն էր Դավթի սկիզբը: Նա սկսեց՝ հսկա Գողիաթի դեմ դուրս գալով իր պարսատիկով։ Հետո նա դարձավ զորահրամանատար, իսկ ավելի ուշ՝ թագավոր։ (Կարդա՛ Դավթի պատմությունը՝ սկսած Ա Թագավորաց 17-րդ գլխից)։ 

Իսկ ի՞նչ կասես Մովսեսի մասին։ Մինչ նա փախուստի մեջ էր և թաքնվում էր իր աներոջ մոտ, Աստված կանչեց նրան, որպեսզի դառնա Իր ժողովրդի մեծ ազատարարը։ Հետագայում Աստված նրա միջոցով մարդկությանը փոխանցեց Տասը Պատվիրանները… Նա նույնիսկ Տեր Աստծու կողմից կոչվեց որպես Իր բարեկամ: (Կարդա՛ Մովսեսի պատմությունը՝ սկսած Ելից 3-րդ գլխից)։ 

Երբ Աստված հավատքի այս հերոսներին կանչում էր Իր ծրագրի մեջ դերակատարում ունենալու և մեծագույն հանձնարարություններ էր տալիս, նրանք նույնպես իրենց անզոր, անկարող ու անօգնական էին զգում։ Թե՛ Մովսեսի, թե՛ Դավթի և թե՛ հավատքի մյուս հերոսների հաջողվածության գաղտնիքը իրենց կարողության մեջ չէր, այլ իրենց կանչող Տիրոջ ամենակարողության մեջ։ Միակ տարբերակիչ հատկությունը, որ ունեին այս մարդիկ մյուսներից, հավատքն էր, Տեր Աստծուն վստահելը և Նրա կամքին անմնացորդ հնազանդությունը։ 

Աստված քեզ նույնպես ուզում է մեծ պատասխանատվություն վստահել։ Աստված քո կյանքի համար ծրագրեր ունի։ Նրա միտքն ու ձեռքերն են քեզ արարել։ Նա է որոշել քո կարողությունը, հնարավորությունը, պարգևներն ու տաղանդները։ Աստված երբե՛ք չի սխալվում Իր ընտրության մեջ։ Նա գիտի, որ դու կարո՛ղ ես իրականացնել այն, ինչի մեջ կանչում է քեզ։  

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որպես Տեր Աստծու նվիրյալ ու զորավոր ծառայող կայանալը մի երկար ու դժվարին գործընթաց է, որը պահանջում է համբերություն և հավատարմություն։ Ճիշտ ինչպես Մովսեսի պարագայում․․․, ճիշտ ինչպես Դավթի պարագայում․․․, այնպես էլ քո պարագայում Աստծու կամքին հնազանդության յուրաքանչյուր քայլ, որը համարձակորեն կիրագործես, կմոտեցնի քեզ ավելի արդյունավետ, ավելի հասուն ընթացքի, որովհետև Աստված Ինքն է ստանձնել քեզ հոգևոր պատերազմի համար մարզելու, զինելու ու նախապատրաստելու գործը։ Նա սովորեցնում է քեզ և ձևավորում որպես հավատքի նվիրյալ զինվոր:

Զորացի՛ր, որովհետև դու Աստծու երազանքը քո կյանքում իրականացնելու ճանապարհին ես:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: