January-3

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու խոստումները կարող են քո կյանքում իրականություն դառնալ 

Աստծու խոստումները կարող են քո կյանքում իրականություն դառնալ 

Սիրելի՛ բարեկամ, hուսով եմ, որ մեր նախորդ օրերի ուղերձները խրախուսել են քեզ այնպիսի հոգևորապես օգտակար և առողջ սովորություններ զարգացնելու հարցում, որոնք կօգնեն քեզ հավատքի կյանքում աճելու և Տիրոջ մեջ ամրանալու ընթացքի մեջ։ 

Այսօր մենք կկենտրոնանանք ևս մեկ սովորության վրա, որը նույնքան կարևոր է, որքան նախորդները։ Հավատքի կյանքում հասունանալու և աճելու հարցում ոչ պակաս կարևոր է Աստծուց ընդունած հայտնությունները, ընթերցանության հարցերը և հոգևոր նպատակները գրի առնելը։ Ամբակում 2․2-3 հատվածում Աստվածաշունչն ասում է. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։ Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և շտապում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա»:

Նախորդ օրերին մենք խոսեցինք այն մասին, որ առավոտյան Տեր Աստծուն փնտրելը կարևոր է և դրական ազդեցություն կունենա քո ողջ օրվա վրա: Սակայն այն ամենը գրի առնելը և հիշելը, ինչ Աստված է հայտնում քեզ, նույնքան կարևոր է, որքան այդ հայտնությունները ստանալը Տիրոջ հետ քո հաղորդակցության ժամանակ:

Ահա թե ինչու եմ ես քեզ առաջարկում քո հոգևոր նոթատետրն ունենալ, որտեղ գրի կառնես․․․

  • ․․․այն ամենը, ինչն Աստված հայտնում է քեզ, ինչը խորը տպավորվում է քեզ Աստվածաշնչի ընթերցանության, քարոզ լսելու կամ քո աղոթքի մեջ, 
  • ․․․այն ամենը, ինչն Աստված ասում է քեզ քո հոգևոր ընթացքի և կյանքի վերաբերյալ,
  • ․․․այն ամենը, ինչը որոշում ես փոխել ու իրագործել քո կյանքում՝ քո նպատակները, երազանքներն ու ծրագրերը։

Այսպիսով, ժամանակ առ ժամանակ դու կարող ես վերընթերցել քո գրառումները և հիշել, թե ինչ է Աստված ասել քեզ, և քանի՜ անհավանական թվացող երազանքներ են իրականություն դարձել քո կյանքում: Այդ գրառումները կզորացնեն քո հավատքը և չեն թողնի, որ դու հուսահատվես։ Քո գրառումները վերընթերցելը կօգնի քո հայացքը կենտրոնացած պահել քո նպատակի, քո ծրագրերի և երազանքների իրականացման վրա:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հոգևոր նոթատետր ունենալու համար քեզ առաջին հերթին կարգապահություն է անհրաժեշտ։ Գրի առնելը քեզնից, անշուշտ, ժամանակ է խլելու։ Սակայն այդ ժամանակը վատնում չէ, այլ լավագույն ներդրումներից մեկը։ Եվ եթե լսես իմ խորհուրդը և զարգացնես այդ սովորությունը, ապա ամիսներ և տարիներ անց, երբ ընթերցես գրառումներդ, համոզված եմ, որ երախտագիտությամբ ես հիշելու մեր այսօրվա ուղերձը։ 

Դրական սովորությունները փոխակերպում են մարդու կյանքը։ Հույս ունեմ, որ այս սովորությունը Տեր Աստծու օգնությամբ կարմատանա քո կյանքում, և հոգևոր օրհնություններով լեցուն քո նոր ընթացքը կուրախացնի թե՛ քո և թե՛ մեր սքանչելի Տիրոջ սիրտը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: