August-4 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու խաղաղությունը՝ քո հոգևոր կյանքում

Աստծու խաղաղությունը՝ քո հոգևոր կյանքում

Այսօր մենք ավարտում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հուսով եմ, որ այն օգտակար էր քեզ համար և իրապես կնպաստի, որպեսզի հոգիդ ընդունի իր մեծագույն փափագը՝ խաղաղություն Աստծու հետ հարաբերություններում, խաղաղություն քո անձի մեջ, խաղաղություն ընտանեկան հարաբերություններում և խաղաղություն քո հոգևոր կյանքում, որից էլ կախված է մարդու առողջությունը և գործերի ու ընթացքի հաջողված լինելը։

Սիրելի՛ բարեկամ, այս շարքի վերջին ուղերձի մեջ խոսելու ենք հե՛նց հոգևոր կյանքում մարդու խաղաղության մասին։ Աստվածաշունչը հստակ ուսուցանում է, որ մարդու հոգեվիճակից կախված է նրա կյանքի հաջողությունն ու առողջությունը։

«Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ» (Գ Հովհաննես 1․2):

Հոգին հաջողության մեջ է, երբ դու հոգևոր կյանքում գործում ես Տեր Աստծու կամքին համահունչ կերպով։ Հոգին անհաջողության մեջ է, երբ մարդը շեղվել է Աստծու կամքից և ապրում է իր պատկերացրած կամ մոլորեցնողների ուսուցանած հավատքի կյանքը, այլ ոչ թե այն, ինչը սովորեցնում է Աստվածաշունչը։ Իրականում, հե՛նց վերը նշվածն է հոգևոր պատերազմի էությունը։

Աստծու պարգևած խաղաղությունը քեզ հասու կլինի միայն այն ժամանակ, երբ դու սովորես հաղթել հոգևոր ճակատամարտերը։ Եթե ֆիզիկական աշխարհում հնարավոր է խաղաղության պայմանագրերի ու միջազգային կառույցների վերահսկողության ներքո խաղաղության հաստատում պատերազմից հետո, ապա հոգևոր աշխարհում թշնամին երբե՛ք խաղաղության չի գնում Քրիստոսի աշակերտների հետ։ Նա չունի կորցնելու ոչինչ, քանի որ ամեն բան արդեն կորցրել է։

Հոգևոր իրականության մեջ խաղաղությունը պատերազմից խուսափելը չէ։ Իրական խաղաղությունը հաստատվում է միայն պատերազմում հաղթելուց հետո։ Հաղթել սովորելու համար մենք նախ պետք է հստակ գիտակցենք հոգևոր պատերազմի էությունը։ Մեր թշնամին սատանան է ու նրա հետ ընկած հրեշտակները, և նրանք միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ստության, գայթակղության ու ճնշումների միջոցով գողանալ մարդու հավատքը։

«Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի» (Բ Տիմոթեոս 4․7):

«Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն Իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։ Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու» (Եբրայեցիս 12․1-4):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ամեն բան հոգացել է, որ դու հաղթես մեղքի դեմ մղվող պատերազմում և պահես հավատքդ մինչև կյանքիդ վերջին ակնթարթը։ Նա հոգացել է Աստվածաշունչը՝ որպես քո հավատքի մաքրամաքուր աղբյուր։ Հոգացել է եկեղեցին և հոգևոր առաջնորդությունը, որ քո հոգևոր աճի ու ամրացման կարևորագույն բաղադրիչներն են։ Եվ հոգացել է Իր Սուրբ Հոգու ներբնակությունը, որ քո մեջ է բնակվում, որպեսզի Իր Աստվածային զորությամբ ու իմաստությամբ հուշի և օգնի քեզ մեղքի դեմ մղվող պատերազմում հաղթանակած դուրս գալու համար։

Հոգևոր կյանքում Աստծու խաղաղությունը պատրաստված է միայն հաղթողների համար։ Իսկ բարի ու ողորմած Աստված ամեն բան հոգացել է քեզ հաղթող դարձնելու համար․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: