August-3 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու խաղաղությունը՝ քո ընտանիքում

Աստծու խաղաղությունը՝ քո ընտանիքում

Մենք շարունակում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը և շարունակում ենք խոսել մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Այսօր անդրադառնալու ենք մարդու հոգու մեծագույն փափագներից մեկին՝ Աստծու խաղաղությունը մեր ընտանիքում ունենալու թեմային։

Սիրելի՛ բարեկամ, մարդու հոգին փափագում է խաղաղության կյանքի տարբեր ոլորտներում, և ամենակարևոր ոլորտներից մեկն ընտանիքի ներսում է՝ ընտանեկան հարաբերությունները։

Իսկ ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ընտանեկան հարաբերություններում խաղաղություն ունենալու վերաբերյալ։ Այս շարքի մեր նախորդ ուղերձում մենք տեսանք, որ մարդն իր անձի ներսում խաղաղություն ունենալու համար պետք է ապրի Աստծու կամքին հնազանդ կյանքով։ Նույն սկզբունքը գործում է նաև ընտանիքում խաղաղության հասնելու պարագայում։

Աստված իշխանության կարգ է դրել ընտանիքում, և, եթե մարդը հարգում է Աստծու կամքն ու ընտանեկան հարաբերությունների հարցում հնազանդվում Տեր Աստծու սահմանած կարգին, ապա վաղ թե ուշ հասնելու է ընտանիքում Տեր Աստծու պարգևած խաղաղությանը։ Իսկ եթե մարդն ապստամբում է ընտանիքի ներսում Աստծու դրած իշխանության դեմ և սեփական տրամաբանությամբ ու պատկերացումներով հիմնավորում իր անհնազանդությունը, ապա դեմ է գնում Տեր Աստծուն և չի կարող հասնել Տիրոջ պարգևած խաղաղությանը։

«Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։ Որովհետև ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինն է տղամարդուց։ Ոչ թե տղամարդը կնոջ համար ստեղծվեց, այլ կինը՝ տղամարդու համար, Այնուամենայնիվ, ո՛չ կինն առանց տղամարդու, ո՛չ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով, որովհետև ինչպես որ կինը տղամարդուց է ստեղծվել, այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց» (Ա Կորնթացիս 11․3,8-9,11-12):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված իշխանության հարաբերություն է սահմանել կին-ամուսին, զավակ-ծնող և եղբայրներ-քույրեր հարաբերություններում։ Խաղաղությունը բխում է Աստծու դրած իշխանության սահմաններում գործելուց։ Աստվածաշունչը իշխանություն ունեցողներին պատվիրում է չչարաշահել իրենց իշխանությունը, իսկ իշխանության տակ լինողներին՝ հնազանդվել ընտանիքում Աստծու կարգած իշխանությանը։ 

«Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։ Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ զայրացրեք, որ չվհատվեն» (Կողոսացիս 3․18-21):

Տեր Աստծու կարգած իշխանության սահմաններում գործելը քո ընտանիքի խաղաղության գրավականն է։ Մարդու հոգին փափագում է խաղաղության՝ Տեր Աստծու պարգևած խաղաղությանը, սակայն ընտանիքում այդ խաղաղությունը իրականություն է դառնում միայն Տիրոջ կարգած իշխանության հանդեպ Նրա կամքի համեմատ վերաբերմունք ունենալու արդյունքում։ Ընդ որում, ընտանեկան հարաբերությունների առումով Աստծու կամքին հնազանդվելը կախված չէ դիմացինի արձագանքից։

Քո ընտանիքում կգա Աստծու խաղաղությունը, եթե չչարաշահես Աստծուց քեզ տրված իշխանությունը և հնազանդվես Աստծուց քեզ վրա կարգված իշխանությանը։ Ահա այսպիսի խաղաղության է փափագում քո հոգին, և այդ խաղաղությունը Տերը քեզ համար է պատրաստել․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: